Ինչն էր 19-ամյա հայ երիտասարդին ստիպել հատել հայ-թուրքական սահմանը. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 22-ին Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի 19-ամյա բնակիչ Էդվարդ Մկրտչյանը փորձել է ապօրինաբար անցնել Ախուրյան բնակավայրի շրջանում հայ-թուրքական սահմանը: Էդվարդին ձերբակալել են ՀՀ-ում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները՝ պետական սահմանից 150 մետր հեռավորության վրա:

Լրատվամիջոցներում տարածված լուրերի համաձայն՝ երիտասարդը նման քայլի է դիմել հարազատների հետ ունեցած վեճի արդյունքում:

Armlur.am-ի հետ զրույցում Էդվարդի հորեղբայրը՝ Մարտին Մկրտչյանը, հայտնեց, որ եղբորորդին հոգեպես անառողջ է, ինչի արդյունքում էլ փորձել է անցնել սահմանը. որևէ այլ խնդիր, Մարտին Մկրտչյանի խոսքով, առավել ևս ընտանեկան տարաձայնություն, պատճառ չէր կարող հանդիսանալ սահմանը հատելու համար:

«Էդվարդը մի քիչ շեղումներ ունի: Տարիներ առաջ նրա աչքի առջև Ռուսաստանում սպանություն է տեղի ունեցել, և նա վախեցել է: Վերջերս երբ եկավ Հայաստան, երկար ժամանակ հավասարակշռված էր: Այդ օրը խնդրեց սար բարձրանալ և իջնել, թույլ տվեցինք: Հետո այդ դեպքը պատահեց: Ավելի ուշ մեզ պատմեց, որ կորել էր. աջ էր նայել, ձախ էր նայել՝ չէր կարողացել կողմնորոշվել: Հիմա պատրաստվում ենք բուժզննման տանել. բժիշկներն ավելի լավ կասեն՝ ինչ խնդիրներ ունի»,- նշեց 19-ամյա Էդվարդի հորեղբայրը՝ հավելելով, որ նա Ռուսաստանի քաղաքացի է: Վերջինս 4 տարեկան է եղել, երբ ընտանիքը հեռացել է Հայաստանից:

Հորեղբայրը վստահեցրեց, որ իր եղբորորդին անգամ չգիտի՝ ինչ է նշանակում հայ-թուրքական սահման և նշեց, որ քաղաքացիությունից հրաժարվելու հարց լինել Էդվարդի դեպքում չի կարող:

Armlur.am-ը զրուցեց նաև Ոսկեհասկ համայնքի ղեկավար Արտաշես Սահակյանի հետ, ով մեզ հայտնեց, որ Էդվարդ Մկրտչյանի հարցաքննությանը ներկա է եղել նաև ինքը: «Հարցաքննության ժամանակ տղան ասաց, որ պատահաբար է հայտնվել սահմանին: Ընտանիքի հետ վիճելու, սրա պատճառով սահմանն անցնելու ցանկություն ունենալու մասին որևէ բան չի ասել»,- նշեց գյուղապետը:

Հավելենք, որ Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում է. «Անհայտ անձը փորձել է մոլորության մեջ գցել սահմանապահներին՝ ճանապարհը հաղթահարելով մեջքով դեպի առաջ: Սակայն Լենինականի (Գյումրիի) սահմանապահ ջոկատի զինծառայողների վարպետության շնորհիվ, Հայաստանի Հանրապետության  վրա նա ձերբակալվել է:

Սահմանախախտի անձնական ստուգման ժամանակ անձը հաստատող փաստաթղթեր չեն եղել: Հարցաքննության ժամանակ տղամարդն իրեն հանդուգն է պահել, գտնվել է ոչ ադեկվատ վիճակում, այդուհանդերձ ալկոհոլային հարբածության արտաքին նշանները բացակայել են: Որոշ ժամանակ անց հարազատները ներկայացրել են ձերբակալվածի փաստաթղթերը և հաստատել նրա ինքնությունը»:




Լրահոս