Ձմեռ պապին ես եմ, ինձանից պետք է ուզեն. Սուրեն Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն Armlur.amի հետ զրույցում ասաց, որ 2014 թվականը հայ ժողովրդի համար վտանգներով լի տարի էր: Ըստ մարզպետի՝ միայն իրեն պաշտոնի վերանշանակելը դեռևս չի կարելի ասել, որ իր համար հաջողված տարի էր:

-Պարո՛ն Խաչատրյան, 2014 թվականը եթե ամփոփենք, ըստ Ձեզ՝ այն ինչպիսի՞ տարի էր, Դուք գո՞հ եք 2014 թվականից:

-Ազգի համար էր էլի մի քիչ դժվար: Ինձ համար լավ էր թե վատ տարի, դա ի՞նչ նշանակություն ունի: Իսկ ընդհանուր ազգի համար, կարող ենք ասել, որ լավ տարի չէր: Պատերազմ վերսկսվելը շատ շահարկվեց հակառակորդի կողմից, երկար ժամանակ սահմանի վրա այդ կրակոցները, դրան հաջորդեց զորավարժությունների ժամանակ հառակորդի կողմից կատարած ստոր քայլը: Իսկապես չափազանց վատ էր:

-Այսինքն՝ կարելի է արձանագրել, որ այս տարի բարեհաջող տարի էր, ու որևէ առանձնահատուկություն չուներ տարին:

-2014 թվականի համար միայն առավելություն կարելի է համարել Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելը, որն իսկապես առանձնահատուկ էր, չնայած այսօր որոշ մարդիկ չարախոսում են: Բայց ես համոզված եմ, որ որոշ ժամանակ հետո դրա պտուղները մենք կտեսնենք: Ինչ էլ լինի մեզ համար, կարևոր է անվտանգության խնդիրը, իսկ այդ անդամակցությամբ մենք անվտանգության խնդիր ենք լուծում. դա նշանակում է, որ դա արդեն մեր երկրի համար դրական քայլ է:

-Բայց անվտանգության խնդրից բացի՝ ՀՀ-ում առկա են բազմաթիվ խնդիրներ, իշխանություններին այդպես էլ չհաջողվեց գոնե նվազեցնել արտագաղթի ու սոցիալապես ծանր պայմաններում ապրող ժողովրդի հարցը:

Դա ընդհանուր մեր ազգի ճակատագիրն է,  այդպիսինն է, ինչ ունենք…. Ոչ ճանապարհ ունենք, շրջափակման մեջ, դրանում որևէ մեկը մեղք չունի, դա մեր ազգի ճակատագիրն է, դա մեր խաչն է, որը պետք է կրենք: Դա մշտապես էլ այդպիսին է լինելու: Հիմա եթե կարողանանք ԵՏՄ միջոցով ճանապարհների խնդիրը լուծենք, այդ ժամանակ մենք արդեն բավականին փոփոխությունների մենք ականատես կլինենք: Եթե մի ընտանիքում ծնողը չի կարողանում իր երեխաներին պահել, ո՞ւմ մեղադրենք: Հիմա էդ մարդու հնարավորություններն այդքան են: Մենք բազմաթիվ լուրջ խնդիրներ ունենք:

Եթե ճիշտը մտածենք, դեռ պատերազմն ավարտված չի… 26 տարի մի ազգ պատերազմի մեջ է, շրջափակման մեջ է, դրանք խնդիրներ են, որոնք պետք է հաղթահարվեն: 2015 թվականը երևի մեր ազգի համար վերելքի տարի կլինի: Մենք պետք է միահամուռ այդ ամենից դուրս գանք: Մեզ միասնություն է անհրաժեշտ:

-2014 թվականին Ձեզ վերադարձրին մարզպետի պաշտոնը, դա բավարար չէ՞ր, որ տարին լավը համարեք:

Մի հոգու համար, եթե դա լավ է, դեռ չի նշանակում, որ բոլորի համար դա լավ է: Ես էլ իմ ծառայությունները կունենամ այդ նշանակումից հետո, բայց դա չի նշանակում, որ ինձ պաշտոնի են նշանակել: Ասեմ, որ ինձ համար շատ լավ տարի էր, միևնույն է, այդ ամենի կողքին ես շատ ցավոտ բաներ ունեմ:

-Իսկ Ձմեռ պապիկից ի՞նչ եք ուզել Ձեզ համար 2015 թվականին:

Ձմեռ պապին ես եմ, ինձանից պետք է ուզեն, ես էլ հասցնեմ տամ (ծիծաղում է…):

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս