ԻՄԱՍՏՆԱԲԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը, անդրադառնալով իր կուսակից ընկերոջը` Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցների կողմից զինվորական բժիշկներին դաժան ծեծի ենթարկելու փաստին, ասել է. «Կարծում եմ, որ իմաստություն կցուցաբերի Հայրապետյանը, եթե պատժի այդ ծեծողներին, այսինքն` պարտավոր է ուղղակի, այլ կերպ անել չի կարող, միանշանակ: Առաջինը պետք է ինքը անի այդ քայլը, ինձ թվում է, դա ամենաճիշտ կեցվածքը կլինի»: Եթե նման բան ասեր, օրինակ, Սամվել Ալեքսանյանը` Լֆիկ Սամոն, ով, ի դեպ, երեկ հավաստիացրեց որ Հայրապետյանը «սաղին աշխատանքից հանելա», թերեւս  նորմալ ընկալվեր, սակայն երբ դա ասում է մտավորականը, երգչուհին, դա առնվազն տարակուսելի է: Ի՞նչ է նշանակում` Հայրապետյանը «իմաստություն կցուցաբերի» եւ կպատժի: Մենք ի՞նչ է, ապրում ենք ճորտատիրական հասարակարգում, երբ ճորտատերը կարող է «պատժել» իր ճորտերին: Որքան էլ մարդակերպ տականքներ լինեն բժիշկներին ծեծած «ախրաննիկները», այնուամենայնիվ, նրանք եւս ՀՀ քաղաքացիներ են, որոնց պատժել-չպատժելու» իմաստությունը» ոչ թե նրանց «տիրոջ»` տվյալ դեպքում Ռուբեն Հայրապետյանի իրավասության ներքո է, այլ Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգի: Սակայն ով-ով, Շուշան Պետրոսյանը, թերեւս ի մոտո է ծանոթ այդ համակարգի աշխատանքին, քանի որ վերջինիս ամուսինը հենց այդ համակարգում է աշխատում: Հետեւաբար, նորահայտ քաղաքական գործիչը, կա՛մ  լավ ծանոթ լինելով հայրենի ոստիկանության աշխատանքի մեթոդներին, առանձնապես չի վստահում այդ համակարգին, կա՛մ էլ, շփվելով մականունավոր օլիգարխների հետ, արդեն հասցրել է վարակվել նրանց մտածելակերպով: «Հասարակության մաս են կազմում նաեւ պատգամավորները, եթե հարցը բարձրացվի ԱԺ-ում, ես իմ կողմից  ճնշում կգործադրեմ, որ մեղավորները պատժվեն»,-պատրաստակամություն է հայտնել երգչուհին: Իրականում սա շատ  ծանր  գնահատական է` տրված մեր դատաիրավական համակարգին: Փաստորեն, ըստ Շուշանի՝ մեր երկրում դատաիրավական համակարգն այն աստիճանի է անկարող, որ  անգամ  բացահայտ կատարված հանցագործության դեպքում «պետք է  խառնվեն» եւ ճնշում գործադրեն պատգամավորները: Սակայն  Շուշան Պետրոսյանը շատ ազնիվ է իր գնահատականում, քանի որ նույն օրը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, որը պարզվեց՝ ծեծված բժիշկներից մեկի հարեւանն է, ասել է. «Միջադեպին ծանոթ եմ պատմածով, բայց իմ ֆունկցիաներից դուրս է. ես որպես մարդ կարող եմ գնահատական տալ, խոսել, բայց որպես արդարադատության նախարար իմ ֆունկցիաներից դուրս է այդ մասին խոսելը»: Հիրավի, մեր երկրում արդարադատության հետ ի՞նչ կապ կարող է ունենալ արդարադատության նախարարը: Մեզ մոտ այդ «արդարադատությունն» իրականացնում են օլիգարխներն ու նրանց լակոտները` ծեծելով իրենց դուր չեկած մարդկանց, երբեմն էլ` ծայրահեղ դեպքերում,  նաեւ «իմաստություն դրսեւորելով» եւ «պատժելով» իրենց «հաստիքով մարդ ծեծողներին»:




Լրահոս