ԹԱԼԻՆԻ ՄՆԱՑԸ ԲՀԿ-ԻՑ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թալինի նախկին քաղաքապետ, այժմ  Ազգային Ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Մնացական Մնացականյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե ինքը շատ լավ է վերաբերում ՀՀ կառավարության ներկայացրած ծրագրին եւ հույս հայտնեց, որ կառավարության ղեկավարը լուծումներ կառաջարկի այդ ծրագիրն իրագործելու համար: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ԱԺ մյուս կուսակցությունների ներկայացուցիչները բոյկոտում են ներկայացված ծրագիրը, ապա, Մնացականյանի կարծիքով, պետք է լավի դեպքում լավն ասել, իսկ վատի դեպքում՝ վատը:
-Պարո՛ն Մնացականյան, արդեն ծանոթացե՞լ եք ՀՀ կառավարության ներկայացրած ծրագրին: Ի՞նչ եք կարծում, արդյոք այդ ծրագիրը իրագործելի է, եւ ի՞նչ տարբերություն կա անցած տարիների ծրագրերի հետ համեմատելիս:
-Իհարկե, մեր տարիների մտահոգությունն է եղել, որ մեր տարածքներն ավելի համաչափ զարգանան, ավելի ժողովրդավարական նշանակություն ունենան: Երեւանից մի 50-100 մետր հեռու գտնվող գյուղերն ավելի մեծ ուշադրության արժանանան, որպեսզի Երեւանը չդառնա մեգապոլիս: Իմ կարծիքով՝ նման դեպքերում ավելի շատ խնդիրներ կլուծվեն, այսօր մարդիկ ավելի շատ հողի հետ կկապվեն: Ծրագրում նշված էր նաեւ, որ մեր հողատարածքների մեծ մասը չի մշակվում: Ես համոզված եմ, որ կառավարությունը փորձում է ամեն ինչ անել, ելք առաջարկել այդ հարցերը լուծելու համար: Կարգավորվելու են մեր խնդիրները, ու համոզված եմ, որ դա մեկ օրով չի լինելու, կլուծվի հետեւողական ու նպատակասլաց աշխատանքի արդյունքում:
-Դուք շատ դրական «գույներով» եք ներկայացնում կառավարության կողմից ներկայացված ծրագիրը, սակայն ԱԺ մյուս խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ դրանք ընդամենը թղթի վրա են գրված եւ երբեք չեն իրագործվելու:
-Ես չեմ ուզում մյուս կուսակցությունների վերաբերյալ կարծիք արտահայտեմ, քանի որ դա իրենց կարծիքն է, եւ ես որեւէ բան չեմ ցանկանում ասել: Իսկ իմ կարծիքով՝ այդ կուսակցությունները պետք է փորձեն լավին լավ ասեն, իսկ վատին՝ վատ:
-Անգամ Ձեր նախկին կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներն են բոյկոտում կառավարության ծրագիրն ու վարչապետի կատարած աշխատանքը:
-Անընդհատ բոյկոտելով ու անընդհատ քննադատելով՝ ինձ թվում է՝ արդյունքի չենք հասնելու: Ուրեմն ժամանակին վարչապետը նշեց, որ առաջարկվել է բոլոր կուսակցություններին՝ համատեղ նստեն, քննարկեն խնդիրները, լուծումներ մշակեն, բայց եթե այդքան առաջարկություններից հետո ընդունվեց միայն քննադատելու տարբերակը, ապա, իմ կարծիքով, դա տղամարդավարի գործ չէ:
-Դուք նախկին ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ էիք, քաղաքապետ ընտրվեցիք նրանց աջակցությամբ, իսկ այժմ էլ ՀՀԿ-ական եք, ինչո՞ւ եք այդպես արագ փոխում Ձեր կուսակցական պատկանելությունը:
-Ես ԲՀԿ-ական չեմ եղել ոչ մի անգամ, ես միշտ եղել եմ անկուսակցական եւ ոչ մի անգամ ԲՀԿ-ի կազմում չեմ եղել: Ես միշտ էլ ինձ այստեղ լավ եմ զգացել, հիմա՝ առավել եւս:
-ԲՀԿ-ական չե՞ք եղել:
-Այո՛:
-Լավ, բայց ԲՀԿ-ն Ձեզ սատարել է քաղաքապետ ընտրվելու ժամանակ, եւ հիմա այդ կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին մեղադրում են «փողերի լվացման» մեջ:
-Դուք հարցեր եք տալիս, որոնց ես չեմ ցանկանում պատասխանել: Պետք է սպասել պատասխաններին:
-Օրերս Ձեր գործընկերոջը՝ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժանաբար ծեծի էին ենթարկել ՊՆ բժիշկների, որոնցից մեկն այժմ կյանքի ու մահվան պայքար է մղում…
-Ես տեղյակ չեմ այդ թեմաներից ու ինչքանով մամուլից եմ ծանոթ, իմ կարծիքով՝ դա իրավապահ մարմինների խնդիրն է:
-Դուք անձամբ ինչպե՞ս եք վերաբերում երեւույթին, որ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորն է այդ բժիշկներին դաժան ծեծի ենթարկել:
-Համապատասխան մարմիններ կան, որոնք զբաղվում են, ու իմ կարծիքով՝ ավելի ճիշտ կլինի, եթե սպասենք, մինչեւ համապատասխան եզրակացություն կտան:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս