«Ռուսաստանի բանկային համակարգի խնդիրները չեն կարող տեղափոխվել մեր տնտեսություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստորև ներկայացնում ենք ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի ելույթը Կենտրոնական բանկում 2014 թ. տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ.

«Մեծարգո Նախագահ, հարգելի հյուրեր, գործընկերներ

Ողջունում եմ բոլորիդ ավանդական դարձած այս տոնական միջոցառման կապակցությամբ: Ուրախ եմ, որ հաջողվեց վերջին շրջանում ֆինանսական շուկաներում հավասարակշիռ վիճակը վերականգնել և կայուն պայմաններում դիմավորել ամանորը: Մեր քաղաքացիների և տնտեսվարողների մոտ դեռևս կան մտավախություններ գալիք տարվա առաջին ամիսների հետ կապված, սակայն մեր կողմից արդեն իսկ գործի դրված միջոցառումները երաշխավորելու են ֆինանսական շուկայում կայունությունը:

Ցանկանում եմ երախտիքի խոսքս ուղղել մեր այն քաղաքացիներին և տնտեսվարողներին, ովքեր վստահում են դրամին` մեր անկախության և պետականության կարևոր խորհրդանիշներից մեկին և շեշտել անկախ միջազգային փորձագետների կարծիքը, որ հայկական դրամը զարգացող երկրների և հատկապես մեր տարածաշրջանի երկրների ամենակայացած արժույթներից է: Նրանք, ովքեր վստահեցին ազգային արժույթին և անհարկի գործարքներ չիրականացրեցին, զերծ մնացին արտարժույթի փոխարկումների արդյունքում առաջացած վնասներից:
Ներկայումս էլ շատ տնտեսվարող սուբյեկտներ փորձում են արհեստականորեն, զանազան ուղիներով ձևավորել դրամի արժեզրկման սպասումներ՝ փորձելով մեղմել իրենց իսկ սպեկուլյատիվ գործարքների արդյունքում ձևավորած վնասները: Ժամանակն է համապատասխան դասեր քաղելու:

Թե՛ աշխարհում, թե՛ տարածաշրջանում ընթացող տնտեսական և քաղաքական խորը կառուցվածքային տեղաշարժերն իրենց խտացված անդրադարձն են թողնում Հայաստանի տնտեսության վրա: Սակայն, Հայաստանի տնտեսությունը տարբերվում է իր հիմնարարներով և այդ առումով Ռուսաստանի տնտեսության ազդեցությունը, կամ վերջինիս բանկային համակարգի խնդիրները չեն կարող ամբողջությամբ տեղափոխվել մեր տնտեսություն: Դա պարզապես անհնար է:

Միևնույն ժամանակ, նոր մոտեցումներ և ճկունություն է անհրաժեշտ աշխարհում առկա մարտահրավերներին արձագանքելու և երկարաժամկետ կայուն տնտեսական աճի հիմքերը ամրապնդելու համար: Վերջին ամսվա ընթացքում Հայաստանի ֆինանսական շուկայի տարերային զարգացումները միայն ստանդարտ մոտեցումներով չէին կարող հաղթահարվել: Մենք գիտակցում ենք, որ գործում ենք նոր միջավայրում, որտեղ անհրաժեշտ է հաշվի նստել նաև հասարակության վարքագծի արագ փոփոխությունների հետ:

Երկարաժամկետ տնտեսական աճի ձեռքբերման և դրա համար կարևոր նախապայման հանդիսացող գների կայունության ապահովման նպատակին էր ուղղված 2014 թվականի ընթացքում Կենտրոնական բանկի խորհրդի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակական նվազեցման քաղաքականությունը: Տարվա վերջի զարգացումները փոխեցին մեր քաղաքականության ուղղությունը, և այսօր կարող ենք արձանագրել, որ մեզ հաջողվեց զսպել ֆինանսական շուկայի գերարձագանքը և որոշակիորեն մեղմել գնաճային ճնշումները: Այս գործընթացն ուղեկցվեց պետական մյուս մարմինների և միջազգային ֆինանսական կառույցների հետ սերտ համագործակցությամբ:

Ֆինանսական կայունության տեսանկյունից անհրաժեշտ եմ համարում շեշտել, որ Հայաստանի ֆինանսական համակարգը բազմիցս ապացուցել է և տարեվերջին կրկին ապացուցեց ցնցումներին դիմակայելու իր ունակությունը: Այդուհանդերձ, պետք է նշեմ, որ չնայած բանկային համակարգը բավարար կապիտալացված է, 2015 թվականին էապես մեծացնելու ենք բանկային համակարգի կայունության պահանջները: Այն է՛լ ավելի կամրապնդի դրսից եկող ցնցումների նկատմամբ ֆինանսական համակարգի դիմադրողականությունը և կմեծացնի տարածաշրջանում բանկային համակարգի մրցունակությունը: Դրա համոզիչ ուղին բանկային համակարգի խոշորացումն է:
Ընդհանուր առմամբ 2014 թվականը ֆինանսական համակարգի համար նշանավորվեց որպես մարտահրավերներով լեցուն, սակայն նաև ձեռքբերումների տարի:

Ֆինանսական համակարգը տարվա ընթացքում շարունակեց ցուցաբերել դինամիկ կայուն աճի միտումներ՝ իր դերակատարումն ունենալով տնտեսական աճի խթանմանը: Տարվա ընթացքում շարունակվել են պահպանվել տնտեսության իրական և ֆինանսական հատվածների ինտեգրման խորացման միտումները: Սա են փաստում ֆինանսական համակարգի ակտիվների ու վարկերի համախառն ներքին արդյունքի հետ հարաբերակցության ցուցանիշների 6 և 8 տոկոսային կետերով աճերը: Ներկայումս ֆինանսական համակարգի ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմում է 83%, իսկ վարկեր/ՀՆԱ ցուցանիշը՝ 50%` առաջ անցնելով տարածաշրջանի երկրներից:

Նշեմ նաև, որ այս տարի Կենտրոնական բանկը Կառավարության հետ համատեղ շարունակել է ակտիվ աջակցություն ցուցաբերել սոցիալական վարկային ծրագրերի իրականացմանը՝ մասնավորապես հիփոթեքային, գյուղատնտեսական, զինծառայողներին, ուսանողներին, երիտասարդ տարբեր մասնագետներին տրվող և այլ վարկային ծրագրերով:

Կենտրոնական բանկը շարունակել է խորացնել համագործակցությունը տարբեր միջազգային կառույցների հետ` տարեվերջին կնքելով շուրջ 100 միլիոն դոլարի նոր պայմանագրեր: Մեր կողմից վարվող մակրոտնտեսական քաղաքականության դրական գնահատականով հանդես եկավ ԱՄՀ-ն՝ դեկտեմբերի 19-ին իր խորհրդում հաստատելով Հայաստանի և ԱՄՀ եռամյա համատեղ ծրագրի առաջին պարբեաշրջանի գնահատումը և դեկտեմբերի 23-ին Կենտրոնական բանկի հաշվին փոխանցելով ԱՄՀ վարկի հերթական տրանշը:

Ամփոփելով՝ ցանկանում եմ նշել, որ Կենտրոնական բանկը արդյունավետ աշխատելու պատրաստակամությամբ և բարձր պատասխանատվությամբ է մուտք գործում 2015 թվական:

Մեծարգո Նախագահ, հարգելի հյուրեր և գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Թող նոր՝ 2015 թվականը լինի խաղաղության, մարտահրավերների հաղթահարման և ձեռքբերումների տարի:

Շնորհակալություն»:




Լրահոս