ՎԱՐՉԱՊԵՏԻ ԲՄԲՈՒԼՆԵՐԸ ՔԱՄՈՒՆ ՏՎԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվա ԱԺ արտահերթ նիստը լի էր ինտրիգներով. Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության ծրագիրը երեկ խորհրդարանում արժանացավ միանգամից չորս խմբակցությունների լուրջ դիմադրությանը. ե՛ւ Հայ ազգային կոնգրեսի, ե՛ւ ԲՀԿ-ի, ե՛ւ ՀՅԴ-ի, ե՛ւ «Ժառանգության» պատգամավորներն անխնա քննադատության ենթարկեցին ոչ միայն այդ ծրագիրը, այլեւ այն իրականացնելու հայտ ներկայացրած թիմին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Արդյունքում՝ վարչապետը երեկ ստիպված էր մի ամբողջ օր իր հասցեին լսել ամենավերջին խոսքերը, «թուքումուրն» ու քննադատությունը: Ավելին, նրան նույն ճակատագիրն է վիճակված նաեւ այսօր, քանի որ դեռ շատ են ելույթ ունենալու համար հերթագրված պատգամավորները: Ու դեռ պետք է հնչեն խմբակցությունների տեսակետները:
Երբ վարչապետը ներկայացնում էր կառավարության ծրագիրը, ՀՀԿ-ականների մի մասը կարծես թե բացահայտ անտարբերություն կամ արհամարհանք էր ցուցաբերում. նախ՝ Շուշան Պետրոսյանը մոտ 15 րոպե ուշացումով մտավ ԱԺ դահլիճ, Տ. Սարգսյանի ելույթի ժամանակ դահլիճը լքեց Աշոտ Արսենյանը՝ Ջերմուկի Աշոտը: Ակտիվ զրույցի էին բռնված կառավարության անդամներից մի քանիսն իրենց հերթին, Սամվել Նիկոյանն ու Գագիկ Մինասյանը՝ իրենց հերթին: Իսկ արդեն պատգամավորների ելույթները բավական թեժացրին մթնոլորտը: Առաջինը ամբիոնին մոտեցավ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, որը, ինչպես հետագայում բնութագրում էին ֆեյսբուքյան քննարկումներում, «վարչապետի բմբուլները քամուն տվեց»: Նա ասաց, թե կառավարությունը ոչ միայն չի կատարել իր խոստումները, այլեւ ձախողել է ծրագրերը: «Իմ տպավորությամբ` որոշների համար ֆինանսական ճգնաժամը դարձավ փրկօղակ, որի վրա կարելի է բարդել ձախողումները»,-նշեց նա եւ հարցրեց, թե արդյոք որեւէ մեկը պետք է պատասխան տա 14,5 տոկոս տնտեսական անկման համար: «Թե կարելի է ոչնչի համար պատասխան չտալ, խրոխտ կերպով գալ, կանգնել ու ակնկալել վստահության քվե»,-ասաց նա:
ՀԱԿ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ելույթից հետո արդեն Տ. Սարգսյանին շատերն էին խղճում: Բագրատյանը մատնանշեց 10 թերություն: «Փաստաթուղթը, մեղմ ասած, դժվար է ծրագիր անվանել: Ընդհանրապես պետք է ի վիճակի լինել տարբերել ծրագիր, պլան, ցանկությունների շարան, տեսլական, կոնցեպցիա, հետաքրքրությունների շրջանակ եւ այլն բառերը… Այստեղ միայն երկար-բարակ դատողություններ են այս կամ այն ոլորտներում հնարավոր ընդհանրական, ծրագրի հեղինակների կողմից այդպես չկոնկրետացված նպատակների շուրջ»,-ասաց Բագրատյանը: Նա օրինակ բերեց, որ երկրի արտաքին պարտքը հատել է 6.5 մլրդ դոլարի սահմանը, որից պետականը շուրջ 4 մլրդ դոլար է: «Ծրագրում կառավարությունը կրկին նախատեսում է 100 հազար աշխատատեղ ստեղծել: Ինձ թվում է, որ մեր կառավարությանը ժամանակն է հանգիստ թողնել աշխատատեղ բառը եւ 100 հազար թիվը: Նախ՝ ինչո՞ւ եք 100.000 աշխատատեղ ստեղծում, եթե ընդամենը 73.9 հազ. գործազուրկ ունեք (պաշտոնական թիվ)»,-հարցրեց Բագրատյանը եւ այսպես շարունակ:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վարչապետի արդարացումներին, թե աղքատության աճը կամ կառավարության նախորդ ծրագրի ձախողումները հետեւանք են ֆինանսատնտեսական ճգնաժամի: «Հարց է առաջանում, եթե ճգնաժամ է, ապա ինչո՞ւ են երկրաչափական պրոգրեսիայով աճում կառավարության ղեկավարի անձնական միջոցները: Ըստ վարչապետի ներկայացրած հայտարարագրերի՝ 2008 թվականին Տ. Սարգսյանն ունեցել է 17 միլիոն 242 հազար դրամ եւ 22 հազար դոլար, իսկ արդեն 2012 թվականին՝ 35 միլիոն դրամ եւ 870 հազար դոլար»,-ասաց նա՝ մեկնաբանելով, որ վարչապետի դրամական եկամուտներն աճել են 102 %-ով, իսկ դոլարային եկամուտները՝ 3933 %-ով:
«Ժառանգության» պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանն էլ կառավարության ծրագիրը որակեց «բարի ցանկությունների շարան, կենացների ժողովածու եւ մտադրությունների հռչակագիր»: «Բոլորս էլ Հայաստանում ենք ապրում, եւ կնունքի ու քեֆերի սեղաններին նման արտահայտություններ ու ցանկություններ հնչում են»,-նշեց նա՝ հավելելով, որ ծրագրի նկատմամբ անտարբեր վերաբերմունքը վկայում է այն մասին, որ սա ժամանակավոր կառավարություն է:
Մեկ այլ ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ-ական Օսկանյանն էլ ասաց. «Այն, ինչ այսօր դուք ներկայացրեցիք, եւ այն, ինչ իրականությունն է, իրար չեն համապատասխանում: Կառավարությունը անցած տարիներին ցույց է տվել, որ ունակ չէ ընդունել իր սխալները»:
ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանն էլ կարծիք հայտնեց, որ ՀՀ-ում իրական իշխանությունը ոչ թե կառավարությունն է, այլ` գավառական կլաններն ու բիզնես-խմբերը, որոնք էլ  ձախողման են դատապարտում կառավարության ցանկացած, անգամ լավագույն նախաձեռնությունը: «Ուստի չպահանջենք կառավարությունից այն, ինչ չեն կարող անել: Բայց նաեւ թող կառավարությունը չխոստանա այն, ինչ չի կարող անել»,-ասաց նա:
ՀՀԿ-ական նախարարներից մեկը, դուրս գալով դահլիճից, ասաց. «Եթե մերոնց պատասխանները մի քիչ ուշանան, կընկնեմ ելույթների ազդեցության տակ»: Ի դեպ, բոլոր ՀՀԿ-ականները իրենք իրենց միջանցքում մխիթարում էին, որ ճիշտ է՝ երկրի վիճակը վատ է, արտագաղթի տեմպերը՝ մտահոգիչ, սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը լավն էր, փաստարկներն էլ՝ «համոզիչ, ի՞նչ անի էդ մարդը, ճգնաժամ ա»:
Քննարկումը կշարունակվի այսօր:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս