ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻԱՁԱՅՆ ԴԵՄ
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ պաշտոնապես հայտարարեց, որ իրենց խմբակցությունը միաձայն դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԲՀԿ խմբակցության նիստում այս որոշումը կայացվել է միաձայն: Գագիկ Ծառուկյանը կանչել է խմբակցության բոլոր պատգամավորներին, ներկայացրել իր մոտեցումները: Այնուհետեւ հերթով, մեկ առ մեկ ոտքի է կանգնեցրել խմբակցության պատգամավորներին, հարցրել նրանց անձնական կարծիքը կառավարության ծրագրին դեմ քվեարկելու մասին, նաեւ հարցրել՝ պատրաստ են այդպես վարվել: Բոլորը միաձայն հավաստիացրել են, որ այո՛, դեմ կքվեարկեն կառավարության ծրագրին:

ԹՈՒՅԼ ՏՎԵՑԻՆ
Երեկ Սարգիս Հացպանյանին Հայաստանում  մեկ տարվա կացության ժամանակավոր կարգավիճակ է տրվել:  Նրան տրամադրվել է նաեւ ելքի իրավունք, եւ այժմ նա կարող է կատարել իր ցանկությունը` այցի գնալ հոր գերեզմանին` Գերմանիա: Հիշեցնենք, որ Սարգիս Հացպանյանի հայրը մահացավ, երբ նա բանտում էր: Սա բավականին անակնկալ որոշում էր՝ հաշվի առնելով այն, որ  ընդամենը տասը օր առաջ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը եւս մերժել էր Սարգիս Հացպանյանի բողոքը` ընդդեմ ոստիկանության, որը նրան մերժել էր տալ կեցության կարգավիճակ:

ՆԵՐՈՂԱՄԻ՛Տ ԵՂԵՔ
Մայրաքաղաքի  թ. 39 եւ թ. 70 միկրոավտոբուսային երթուղիներում անցկացվող մրցույթով պայմանավորված՝ հունիսի 21-ին՝ օրվա առաջին կեսին, նշված երթուղիներում ժամանակավորապես կդադարեցվի ուղեւորների սպասարկումը։ Պատճառված ժամանակավոր անհարմարության համար քաղաքապետարանը հայցում է բնակչության ներողամտությունը: Իսկ գուցե քաղաքապետարանն այնպես կազմակերպեր այդ  մրցույթները, որ քաղաքացիները ստիպված չլինեի՞ն այդ օրը ժամերով մնալ կանգառներում` «ներողամտորեն» մտքում հիշատակելով քաղաքապետին:

ՉԻ ԴԻՄԱՆՈՒՄ  
«Լրագրի» տեղեկացմամբ՝ Ազգային Ժողովի միջանցքում հանդիպելով ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին՝ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ասել է, թե ինքն էլ է Հայ ազգային կոնգրեսից: Ի պատասխան՝ Դեմիրճյանը նրան ասել է՝ քեզ հավա՛ք պահիր, չափերիդ մեջ: «Ի՞նչ եմ արել, որ»,-հարցրել է Ալեքսանյանը: «Դե, ասում եմ քեզ, ինձ հետ կատակներ չանես, ես տենց բաներ չեմ սիրում»,-ասել է Դեմիրճյանն ու հեռացել: Ի դեպ, ՀԱԿ խմբակցությանը հատկացված շարքում տեղ չի մնացել Ստեփան Դեմիրճյանի համար, եւ նա տեղավորվել է «Ժառանգության» շարքում:

ՀԱՍԱՆ ՄԱՐԶՊԵՏԵՐԻՆ
Այսօր տեղի կունենա ՀՀԿ ԳՄ հերթական գիշերային նիստը, որի ընթացքում կքննարկվի մարզպետերի նշանակման հարցը:

ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Կառավարության այսօր նախատեսված նիստը տեղափոխվել է հունիսի 22-ին։ Հետաձգման պատճառն այն է, որ կառավարության ծրագրի քննարկումը այսօր եւս շարունակվելու է։

ՉԻ ՏԵՍԱԿՑԵԼ
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը «Ա1+»-ին ասել է, որ «Հարսնաքար»-ում ծեծված բժիշկներից մեկը` Արտակ Բայադյանը, իր անմիջական` ներքեւի բնակարանի հարեւանն է. «Ես այդ բոլոր մանրամասներին ծանոթ եմ»: Պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք տեսակցել է իր ծեծված հարեւանին, նախարարն ասել է. «Չեմ տեսակցել, ծնողների հետ եմ 2-3 անգամ զրուցել»:




Լրահոս