«Բանդայի գործով» ազատազրկվածի զոքանչը՝ Ոստիկանապետի կողմից ոլորտը մաքրելու և դատարանի վճռի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի հետ զրույցում «Բանդայի գործով» 15 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Գալստյանի զոքանչը` Իրինա Դավթյանը, ասաց, որ դատարանի վճիռն անօրինականություն է և խայտառակություն:

«Անգամ հաշվի չառան, որ Դավիթը երկու զինվորի հայր է, որ նա լուրջ առողջական խնդիրներ ունի: Այս գործում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հարազատների անունները կային, որ գործից մաքրեցին: Օրինակ՝ Ներսիկ Նազարյանի որդու անունն այս գործում կար: Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը սարսափելի ծեծի է ենթարկել այս տղաներին: Ի վերջո, այս մարդիկ սանիկական կապերի մեջ են ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ:

Ճիշտ է, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Ներսիկ Նազարյանին, Կարեն Բաբակեխյանին մաքրեց իր ոլորտից, Ալիկ Սարգսյան էլ հեռացավ պաշտոնից, բայց էլի հասան իրենց նպատակին: Ոչ մի հիմք չկար, ոչ մի իրեղեն ապացույց, բայց իրենց պետք էր ու արեցին: Հիմա էլ իմ այս նույն թվարկած մարդիկ Ֆինանսական բուրգի գործով իբր տուժողներ են ու ողջ մեղքը բարդում են այլ մարդկանց վրա: Նույն պատմությունը կրկնվում է Ֆինանսական հայտնի բուրգի գործով, մի՞թե դա ակնհայտ չէ»,-մեզ հետ զրույցում ասաց տիկին Իռան:

Վերջինս խիստ զայրացած հավելեց, որ չի լռելու. «Հայաստանի բոլոր դատական ատյաններին կդիմենք, և եթե որևէ արդյունքի չհասնենք, կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»:

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց «Բանդայի գործով» ամբաստանվող Արտուշ Հակոբյանի, Դավիթ Գալստյանի, Սամվել Դավթյանի, Արթուր Մանուկյանի դատավճիռը: Առաջին երեքը դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման, իսկ Սամվել Մանուկյանը՝ 11 տարվա:

Հիշեցնենք նաև, որ գործով ամբաստանյալները ձերբակալվել են 2011թ. սեպտեմբերի 23-ին` ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Սակայն ի սկզբանե այս գործով ձերբակալվել էր 16 անձ, բայց նրանցից 11-ը հետագայում ազատ արձակվեցին: Իսկ կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը, Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը և Սամվել Դավթյանը մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար:




Լրահոս