ԱԺ երրորդ հարկի նախասրահում ԱԺ նախկին նախագահների նկարներն ավելացել են եւս մեկով. երեկվանից փակցվել է Սամվել Նիկոյանի լուսանկարը: «Ժողովուրդ»-ի աղբյուրների պատմելով՝ Նիկոյանը, երբ նոր էր դարձել ԱԺ նախագահ, տեսնելով այս լուսանկարները, ասել էր. «Ո՞վ կմտածեր, որ մի օր իմ նկարն էլ կլինի այս շարքում»:
Ի դեպ, Սամվել Նիկոյանը երեկ ԱԺ դահլիճում շատ կարճ ժամանակ անցկացրեց. վարչապետի ելույթից հետո նա արագ լքեց դահլիճն ու ողջ օրվա ընթացքում չվերադարձավ: Այդպես վարվեց նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը: Իսկ ՀՀ տրանսպորտի եւ կապի նորանշանակ նախարար Գագիկ Բեգլարյանը վարչապետի ելույթից հետո դուրս եկավ ու մի փոքր ժամանակ անցկացնելով գեներալ Մանվել Գրիգորյանի սենյակում՝ հեռացավ: Մինչդեռ ԱԺ դահլիճը երեկ բավական մարդաշատ էր: Նախարարներից մեկը նույնիսկ ասաց, թե «պիտի բոլորս նստենք, խոսակցություն կգա»: Պատգամավորները եւս հատուկ հրահանգ էին ստացել դահլիճում նստելու: Ի դեպ, երեկ՝ ժամը 16:30-ի սահմաններում, ԱԺ էր եկել նաեւ վերջին օրերի մամուլի հերոսը՝ Նեմեց Ռուբո մականունով հայտնի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, որի թիկնապահները վերջերս ծեծել էին ՊՆ հինգ աշխատակցի: Նեմեց Ռուբոն չմտավ խորհրդարանի դահլիճ, այլ ԱԺ-ում փնտրում էր իր ընկերոջը՝ Լֆիկ Սամո մականունով հայտնի Սամվել Ալեքսանյանին:
ՆՈՐ ՆԿԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ