ԱՎՏՈՎԹԱՐԻՑ ԶԻՆՎՈՐ Է ՄԱՀԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խաղաղ պայմաններում ավտովթարի պատճառով մահացել է պայմանագրային զինծառայող, Եղեգնաձոր քաղաքի բնակիչ Էդգար Հովհաննիսյանը: Եւս երկու շարքային զինծառայողներ վիրավորվել են:
Հունիսի 20-ին Վայոց ձորի Գետափ գյուղի բնակիչ 24-ամյա Վալերիկ Հովհաննիսյանը, վարելով «ՎԱԶ 2108» մակնիշի 31 ՍՏ 042 համարանիշի ավտոմեքենան, ճանապարհի ձախ մասից դուրս է եկել երթեւեկելի գոտուց, հարվածել սարալանջի թմբին եւ գլխիվայր շրջվել։ Վթարից հետո ուղեւորները՝ Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ 24-ամյա Տիգրան Մխիթարյանը, 24-ամյա Վահե Դանիելյանը եւ 34-ամյա Էդգար Հովհաննիսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն։ Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին Էդգար Հովհաննիսյանը մահացել է։ Վարորդ Վալերի Հովհաննիսյանը չի տուժել:
Գետափ համայնքի ղեկավար Գագիկ Ալոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, բնութագրելով  մեքենայի վարորդ Վ. Հովհաննիսյանին, ասաց, որ վերջինս շատ պատասխանատու ու պատրաստակամ երիտասարդ է, փորձառու վարորդ, ունի բարձրագույն կրթություն:   Նաեւ ասաց, որ Վալերին ամուսնացած է ու դեռեւս երեխաներ չունի: Համայնքապետի վկայությամբ՝ Վ. Հովհաննիսյանը ժամկետային ծառայությունն անց է կացրել Լեռնային Ղարաբաղում, իսկ 2008թ.-ից Վայքի զորամասի պայմանագրային զինծառայող է: «Ամեն առավոտ Վալերին  գործի էր գնում անձնական մեքենայով ու գնալիս իր հետ վերցնում էր նաեւ ծառայակից ընկերներին: Ավտովթարը տեղի է ունեցել  Մալիշկա համայնքի տարածքում: Թե ինչ է կատարվել իրականում, կպարզի փորձաքննությունը, բայց որ վարորդը սթափ վիճակում է եղել, դա հաստատ է»,-ասաց Գ. Ալոյանը:  
Համայնքապետը  հավելեց, որ իրենց համագյուղացի Վահե Դանիելյանը, որը նույնպես  վթարված մեքենայի մեջ է եղել, ստացել է կոտրվածք եւ տեղափոխվել  Եղեգնաձորի հիվանդանոց: Նշված հիվանդանոցի վիրաբուժական բաժնի վարիչ  Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում հավաստեց, որ  Վ. Դանիելյանը ձեռքի կոտրվածքով իրենց մոտ է տեղափոխվել. «Կատարվել է ընդհանուր հետազոտություն, ձեռքի ռենտգեն, դրվել է գիպս, ապա ուղարկվել է ամբուլատոր բուժման»:
Իսկ ավտովթարից տուժած Տիգրան Մխիթարյանի մոտ, Վայքի հիվանդանոցի վիրաբույժ  Խորեն Նազարյանի տեղեկացմամբ, նկատվել է սալջարդ գոտկատեղի հատվածում. «Կատարվել է սոնոգրաֆիա (ներքին օրգանների հետազոտություն), որից ակնհայտ է դարձել, որ ներքին արյունահոսության վտանգ չկա»: Մխիթարյանը նույնպես ուղարկվել է ամբուլատոր բուժման:  
Եղեգնաձորի քաղաքապետ Ս. Բաբայանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ Էդգար Հովհաննիսյանի մահը մեծ ցավ է պատճառել համաքաղաքացիներին, քանի որ նա շատ համեստ ու լավ մարդ էր. «Նախ՝ նա շատ երիտասարդ էր, ապա՝ նոր էր նշանվել: Աշխատավոր ընտանիքի աշխատավոր զավակ էր: Հայրը՝ Սարգիսը,  Եղեգնաձորի «Ճանշինբաժնում» մեխանիզատոր է, մայրը՝ տնային տնտեսուհի: Ինքն էլ վերջերս էր անցել պայմանագրային զինծառայության»: Քաղաքապետը նշեց նաեւ, որ վթարի ենթարկված տղաները դեպքի օրը զինծառայության մեջ չեն եղել, այլ գնացել են ընկերոջ՝ Վալերիի գնած նոր մեքենայի համար նոր պետհամարանիշներ ստանալու:
ՀՀ ՊՆ լրատվության բաժնից հավաստեցին, որ մահացածն ու վիրավորները ՊՆ N զորամասի զինծառայողներ են, բոլորն էլ պայմանագրային շարքայիններ: ՊՆ քրեական վարչության ծառայության պետ Մերի Սարգսյանն ասաց, որ  դեպքը տեղի է ունեցել Երեւան-Մեղրի ճանապարհի 131-րդ կմ հատվածում: Միջադեպի առթիվ ՀՀ ՊՆ 8-րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասով՝ ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: «Դատափորձաքննության արդյունքները կտան վթարի իրական պատճառի մանրամասները, եւ մեղավորները կպատժվեն»,-ասաց Մ. Սարգսյանը:

 ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս