Թե´ Հայաստանի, թե´ Թուրքիայի համար 2014-ը սպասողական տարի էր. թուրքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարեմուտին հետադարձ հայացք գցելով հայ-թուրքական երկխոսության կայացմանն ուղղված երկու կողմերի ջանքերին՝ թուրքագետ Գևորգ Պետրոսյանը նկատում է, որ 2014-ը Ցեղասպանության հարյուրամյակի նախապատրաստման տարի էր: Նա Armlur.am-ի հետ զրույցում ամփոփել է 2014-ը՝ առաջարկելով հաջորդ տարում Հայաստանի համար արդյունավետ ռազմավարություն:

-Մոտենում է Հայոց Ցեղասպանության 100-ամյակը. մեր ազգի համար հատկանշական այս տարելիցին ընդառաջ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի կատարած քարոզչական քայլերը, և ի՞նչ է մեզ պակասում այդ գործընթացում:

-Թե´ հայկական, թե ´ թուրքական կողմերն ակտիվորեն պատրաստվում են Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Թուրքիան շարունակում է արտաքնապես դրական քայլերի միջոցով փոփոխությունների պատրանք ստեղծել: Կարծում եմ` ժամանակն է, որ Հայաստանն ու համայն հայությունը ռազմավարության փոփոխություն կատարեն, այն է` Ցեղասպանության միջազգային ճանաչման վրա կենտրոնացումից անցում կատարեն այս հարցն իրավական դաշտում լուծելու քայլերին: Այսինքն` պետք է, որ մեր պայքարը ավելի դիվերսիֆիկացնենք, ինչը հնարավորություն կտա նաև ավելի արդյունավետ գործել քարոզչական դաշտում: 100-ամյակը կարևոր տարեթիվ է, սակայն հայկական հարցի համար այն ոչ թե վերջնաժամկետ է, այլ այս տարեթիվը կարող ենք դարձնել պայքարի նոր, արդյունավետ ուղիներ ընտրելու տարի:

-Մեր երիտասարդ սերնդին կրթելու, նրան Ցեղասպանության թեմային առավել լավ ծանոթացնելու ի՞նչ արդյունավետ ուղիներ եք տեսնում:

-Կարծում եմ` պետք է աշխատել ոչ միայն մեր երիտասարդության հետ, այլև զգալի ակտիվացնել աշխատանքն ամբողջ աշխարհում, այդ թվում` Թուրքիայում, կարևորություն ներկայացնող այլ երկրներում` Ֆրանսիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և այլն: Թուրքիայում հասարակական և երիտասարդական ոլորտների հետ աշխատելու որոշակի հնարավորություններ կան, որոնք նույնպես պետք է օգտագործել: Ցեղասպանության հարցը պետք է առավել ակտիվ քննարկվի միջազգային առաջատար բուհերում, արտասահմանյան երկրների դպրոցական ծրագրերում, երիտասարդական միջազգային միջոցառումների ժամանակ:

Մեր երիտասարդությունը պետք է լավ իմանա սեփական պատմությունը, քանի որ ապագան կառուցվում է անցյալի հիմքի վրա: Ցեղասպանությունը մեր պատմության ամենաողբերգական էջն է, սակայն պետք է շեշտադրենք նաև այն, որ Ցեղասպանություն ապրած ժողովուրդը ոչ միայն կարողացավ հաղթել Սարդարապատում, Արցախում, այլ նաև ունակ եղավ կառուցել սեփական անկախ պետականությունը: Կարևոր է, որ մեր հասարակությունը, այդ թվում` երիտասարդները ձևավորեն Ցեղասպանության հարցում ընդհանուր պահանջատիրական մոտեցում:

-Արդի ժամանակներում, երբ Թուրքիան Ռուսաստանի համար զգալի կարևորություն է ստանում, և այս երկրները ձեռք են բերում տնտեսական մեծ փոխկախվածություն, ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը՝ Ռուսաստանի և Թուքիայի ցուցաբերած քաղաքականության նկատմամբ:

-Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների ջերմացումը մեզ համար լավագույն զարգացումը չէ: Պատմականորեն ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման շրջանները խիստ բացասական ազդեցություն են ունեցել Հայաստանի և հայերի համար: Չենք մոռանում, օրինակ քեմալական շարժման սկզբնական տարիներին բոլշևիկների հետ համագործակցությունը և մեզ համար դրա վատթարագույն հետևանքները: ՌԴ-Թուրքիա հարաբերությունների հետագա խորացման դեպքում պաշտոնական Անկարան միանշանակ օրակարգ է բերելու նաև հայկական հարցը և փորձելու է պաշտոնական Մոսկվայի միջոցով ազդել Երևանի վրա` մեղմացնելու Ցեղասպանության ճանաչման համար պայքարը: Կարելի է պարզ ձևակերպել` Հայաստանի համար ընդունելի չէ ռուս-թուրքական հարաբերությունների խորացումը: Ամեն դեպքում, թեև տնտեսական տեսանկյունից Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների դրական աճ են արձանագրում, սակայն այս կողմերի միջև առկա են նաև լրջագույն խնդիրներ:

– Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալի այցը Երևան հայ-թուրքական երկխոսության կայացման առումով ինչպե՞ս կգնահատեք:

-Ինձ համար երկխոսությունը կարևոր է, քանի որ երկխոսության դեպքում ես ոչ միայն կարողանում ավելի լավ հասկանալ զրուցակցիդ մտքերը, կարծիքն ու դիրքորոշումը, այլ նաև ինքդ փոխանցում ես քո ասելիքը: Բայց և երկխոսությունը պետք է կառուցողական լինի: Տարբեր ոլորտներում հայ-թուրքական երկխոսությունից արմատապես հրաժարվելու փոխարեն կարող ենք այդ երկխոսությունը ծառայեցնել նաև մեր շահերին: Ջեմալի այցը հնարավորություն տվեց հասկանալ, որ հայկական կողմին չի բավարարում միայն բառացի ներողությունը, այլ նաև փոխհատուցման և պատասխանատվության վերաբերյալ քայլեր են անհրաժեշտ: Թեև մենք պահանջում ենք Ցեղասպանությունը ճանաչող թուրքական շրջանակներին անցնել հաջորդ փուլ և խոսել նաև փոխհատուցումից, սակայն պետք է փաստել, որ Ցեղասպանության մասին բարձրաձայնումն ինքնին արդեն առաջ քայլ է հարևան երկրում:

-Եթե ամփոփելու լինեք 2014-ը, ի՞նչ կասեք՝ հայ-թուրքական հարաբերությունների, երկխոսության կայացման առումով այն որքանո՞վ էր արդյունավետ:

2014 թվականը սպասողական տարի էր և´ Թուրքիայի, և´ Հայաստանի համար: Կարելի է ասել` 2014-ը 2015 թվականի (Ցեղասպանության հարյուրամյակի) նախապատրաստման տարի էր: 2015 թվականը Թուրքիան կարող է օգտագործել խորհրդանշական, կոսմետիկ, ոչ խորը, սակայն ուշադրություն գրավող քայլեր կատարելով, ինչպես անում էր 2014-ի ընթացքում, օրինակ, Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձը, Էթիեն Մահչուփյանի նշանակումը Թուրքիայի վարչապետի խորհրդականի պաշտոնում: Այսինքն` հնարավոր է՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման որոշ քայլեր կատարի, որպեսզի մեղմի 100-ամյակի միջազգային էֆեկտը: Մի բան հստակ է` Թուրքիան դեռ չի ցանկանում բացել Հայաստանի հետ սահմանը, ինչը կապված է ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին (Ադրբեջանի գործոն) մի շարք գործոններով: Արձանագրությունների ապագան մշուշոտ է, կարծում եմ` ժամանակն է դրանք ընդհանրապես չեղյալ հայտարարել, քանի որ այն ունակ չէ կատարել իր առաքելությունը, իսկ հայ-թուրքական նոր գործընթացի համար նոր փաստաթղթեր են անհրաժեշտ, որոնք նաև պետք է զգալի փոփոխված լինեն:

Աննա Բաբաջանյան




Լրահոս