Կառավարության կազմն էական փոփոխությունների չենթարկվեց, եւ դա հակասական կարծիքներ է առաջացրել հայաստանյան քաղաքական դաշտում: Քաղաքագետ Արշավիր Գասպարյանի խոսքերով՝ այն հանգամանքը, որ գործադիրը գրեթե նույնությամբ պահպանվեց, ամենեւին չի փաստում, որ իշխանության այդ ճյուղը լավ է աշխատել: Հակառակը՝ ժողովրդի կենսամակարդակը լավագույն ապացույցն է այն բանի, որ կառավարությունը նախորդ տարիներին մատնված է եղել անգործության: Նա կառավարության աշխատանքը գնահատում է զրո. «Եթե այսօր օրեցօր խորանում է գործազրկությունը, եթե այսօր սոցիալական պայմաններն են ծանրանում, արտագաղթը հասել է մեծ չափերի, ի՞նչ գնահատական կարելի է տալ գործադիրին: Կառավարությունը պետք է ավելին աներ, քան անում է»:
ԲՀԿ անդամ Վարդեւան Գրիգորյանը, որը գրեթե մշտապես իշխանամետ կեցվածք է դրսեւորել, նաեւ այդ եղանակով պահպանել ԳՊՄԻ ռեկտորի պաշտոնը, այսօր արդեն սկսել է քննադատական գնահատականներ հնչեցնել իշխանությունների հասցեին: Նրա կարծիքով՝ առաջիկա ամիսներին գործադիրը կաշխատի այնպես, ինչպես աշխատել է նախորդ տարիներին: Որոշակի փոփոխություններ, ըստ նրա, կարձանագրվեն նախագահական ընտրություններից հետո: Իսկ հիմա յուրատեսակ քննաշրջան է ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ հին ու նոր նախարարների համար: Իսկ Ս. Սարգսյանի այն հայտարարությանը, թե կառավարության անդամները առաջիկա տարիներին պետք է լուրջ աշխատանք իրականացնեն սոցիալական, տնտեսական ոլորտներում, ԲՀԿ ներկայացուցիչը վերապահումով է մոտենում. «Պետք է կարողանան այնպիսի արդյունավետ աշխատանք կատարել, որ հասարակությանը տեսանելի լինի: Նախագահական ընտրություններից հետո հնարավոր է՝ լուրջ փոփոխություններ լինեն, եթե, իհարկե, նշանակված նախարարները չարդարացնեն իրենց»:
Մեկ տարում կառավարության գերխնդիրը պետք է լինի 7 տոկոս տնտեսական աճի ապահովումը: Վերլուծելով վարչապետ Տիգրան Սարգսյանի այս հայտարարությունը՝ տնտեսագետ Սամսոն Դավոյանը նշում է, թե Հայաստանի տնտեսությունն արմատական փոփոխությունների կարիք ունի ֆինանսատնտեսական ճգնաժամին, արտաքին եւ ներքին մարտահրավերներին դիմակայելու համար, հակառակ պարագայում խոսքը գործի վերածելն անհնար կլինի. «Այդ մարտահրավերներին դիմակայելու համար նոր մեխանիզմներ են պետք, որոնք ե՛ւ գիտական, ե՛ւ գործնական նոր մոտեցումներ են պարունակում: Մեր երկրում նկատվող բացասական միտումներն են առաջին հերթին արտագաղթը, աղքատության մակարդակի աճը, ՀՆԱ մակարդակը»:
ՀՀԿ ներկայացուցիչ Բորիս Ալեքսանովը, սակայն, համամիտ չէ վերոհիշյալ գնահատականների հետ: Ասում է՝ այս պահին նպատակահարմար չի եղել արմատական փոփոխություններ կատարել: Որոշակի փոփոխություններ, ըստ ՀՀԿ-ական գործչի, կարձանագրվեն նախագահական ընտրություններից հետո. «Շատ հնարավոր է, որ նախագահական ընտրություններից հետո նորից վերանայվի կառավարությունը»:
Գյումրի