ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻՆ ԵՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Սիսիանի քաղաքապետի տեղակալ Աշոտ Գրիգորյանի դատավարությունը: Վերջինս մեղադրվում է ՀՀ քր. օր.-ի 308 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` պաշտոնական լիազորությունները չարաշահելը:
Ըստ հայցի՝ նա եւ քաղաքապետարանի ֆինբաժնի պետ Համիկ Ստեփանյանը Սիսիանի բնակիչ Անահիտ Ղուկասյանից խարդախության միջոցով պահանջել են նրան պատկանող Սիսիական 39/2 հասցեում գտնվող հողաբաժնից 1700քմ տարածք: Արդյունքում Անահիտը կրել է 11 մլն 255 հազար դրամի վնաս:  
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ սա արվել է Սիսիանի քաղաքապետ, ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանի ցուցումով: Սակայն այս գործը բացահայտվելուց հետո վերջինս հրաժարվել է օգնել իր ենթականերին` ասելով, «արել եք, պատասխա՛ն տվեք»: Մեղադրյալները «քսիֆ» են ուղարկել քաղաքապետին, որ եթե շարունակի իրեն նման կերպ պահել, ապա դատարանում կպատմեն իրականությունը:
«Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել Սիսիանի քաղաքապետ, ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանից, սակայն վերջինս ասաց, թե ինքն ընդհանրապես այդ ամենի հետ կապ չունի: «Նման բան չի կարող լինել, մենք այսքան տարի շարունակ միայն ու միայն աշխատել ենք օրենքով, իմ միջոցով, իմ ցուցումով նման բան չի կարող լինել: Ինչ վերաբերում է իմ տեղակալի դեմ հարուցված գործին, ապա գործարք է կատարվել մի քաղաքացու հետ՝ առք ու վաճառքի հետ կապված. Դա տեղի է ունեցել մեկուկես տարի առաջ, ու նոր են գործ հարուցել, այս դեպքում ի՞նչ կապ ունի քաղաքապետը նման առք ու վաճառքի հետ, երբ Սիսիանում օրական տասնյակներով առք ու վաճառք է կատարվում: Այստեղ որեւէ կապ չունեն քաղաքապետարանը, քաղաքապետն ու քաղաքապետի տեղակալը, սա ռեալ իրավիճակն է, որը ես ներկայացրի»,-վստահեցրեց քաղաքապետը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս