ԲԺԻՇԿԸ ՉԻ ԱՊԱՔԻՆՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարություն է տարածել` կապված Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի հետ, երբ ռեստորանի աշխատակիցները դաժան ծեծի էին ենթարկել զինվորական բժիշկներին:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ՀՀ ցանկացած քաղաքացու նկատմամբ ոտնձգության դրսեւորումը՝ անկախ նրանից` տուժողը շարքային քաղաքացի է, զինված ուժերի ժամկետային զինծառայող կամ սպա: ՊՆ-ն հետեւում է միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի ընթացքին եւ վստահ է, որ միջադեպի մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:
ՀՀ ՊՆ-ն իր զորակցությունն է հայտնում տուժածներին, նրանց հարազատներին եւ վստահեցնում է, որ անտարբեր չէ մեր հասարակությունում առկա սանձարձակ դրսեւորումների նկատմամբ»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ռեստորանի անվտանգության հրոսակախումբը 5 զինվորական բժիշկների այն աստիճան է ծեծել, որ նրանցից 3-ի վիճակը ծանր է: Հատկապես ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Նրա գլուխը մի քանի անգամ վիրահատելուց հետո բժիշկները այլեւս որեւէ քայլ չեն ձեռնարկում, քանի որ բժշկական միջամտության կարիք չկա: Բոլորը սպասում են, տեսնեն՝ հիվանդի դիմադրողականությունն ինչքան կբավականացնի, որ կազդուրվի: Մի խոսքով, 35-ամյա Վահե Ավետյանն Աստծո հույսին է:
Իսկ ծեծի ենթարկված մյուս երկու բժիշկների առողջական վիճակը կայուն ծանր է:
Ուշագրավն այն է, որ ՊՆ-ն իր աշխատակիցների (այդ թվում եւ մայորին) ծեծի ենթարկելու փաստը դատապարտեց 3 օր անց:




Լրահոս