Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի համաձայն՝ 2014 թվականի հունվարի 25-ից մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում պարբերաբար իրականացվել են գլխավոր ու երկրորդական փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները: Գործընթացի հիմնական նպատակը բնականոն երթևեկություն ապահովելն ու հնարավոր վթարներից խուսափելն է:
Նախնական գույքագրումից, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերով ստացվող ահազանգերից հետո փոսալցումը սեփական միջոցներով իրականացնում են կապալառու կազմակերպությունները: Զուգահեռաբար, այս ուղղությամբ, դարձյալ սեփական միջոցներով օգտագործվում են նաև բակային և միջբակային տարածքների տեխնիկական ռեսուրսները: Քանի որ եղանակային պայմանները բարենպաստ են, որոշվել է փոսալցումը շարունակել մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ:
Հաջորդ և առաջիկա տարիներին փոսալցված բազմաթիվ փողոցներ ասֆալտապատման հիմնական ծրագրի համատեքստում կենթարկվեն մասնակի կամ հիմնական նորոգման: Առանձին դեպքերում փոսալցմանը կփոխարինեն փոսային նորոգման աշխատանքները, որոնց արդյունքում փողոցների շահագործման ժամկետները զգալիորեն կերկարեն: