ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Բնակվում եմ Դավթաշեն թաղամասում եւ օգտվում համար 74 երթուղուց: Վերջերս 74 համարը սկսել է հասնել մինչեւ Զովունի գյուղ, եւ առավոտյան, երբ Զովունուց գալիս է, մինչեւ հասնում է Դավթաշեն, արդեն նստելու տեղ չի լինում: Ինչո՞ւ Զովունու համար առանձին երթուղի չկա: Ինչո՞ւ պետք է մենք տուժենք՝ ամեն առավոտ հազիվ տեղավորվելով երթուղայինի մեջ:

Վարդիթեր Քերոբյան, 53 տարեկան, տնտեսագետ


ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը տեղեկացնում է, որ Զովունի գյուղի տրանսպորտային սպասարկման բարելավման նպատակով, հաշվի առնելով, որ նոր միկրոավտոբուսային երթուղիներ չեն կազմակերպվում, եւ նախատեսվում է կրճատել միկրոավտոբուսների քանակը, միկրոավտոբուսային հ. 74 երթուղին երկարացվել է մինչեւ Զովունի:
Երթուղու աշխատանքը բարելավելու նպատակով հանձնարարվել է երթուղին սպասարկող կազմակերպությանը ավելացնել շարժակազմի քանակը (առավելապես առավոտյան «պիկ» ժամերին), ինչի արդյունքում կկրճատվեն շարժման միջակայքերը, եւ Դավթաշենի բնակիչները եւս հնարավորություն կունենան օգտվելու երթուղու ծառայությունից:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քաղաքապետարանի պատասխանում հակասություն կա: Եթե 74 երթուղում շահագործվող միկրոավտոբուսների թիվն իսկապես ավելացել է, ապա այն գերծանրաբեռնված չպետք է աշխատեր: Իսկ եթե խնդիրը նույնիսկ երթուղայինների թվի ավելացմամբ չի կարգավորվում, ապա կարելի է, ինչպես շատ այլ Երեւանամերձ բնակավայրերի, այնպես էլ Զովունի գյուղի համար նոր երթուղի բացել:




Լրահոս