ՊՆ-ն ամփոփել է տարվա ընթացքում կատարված աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է կենտրոնական ապարատի ղեկավար կազմի տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն: Հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի շնորհիվ խորհրդակցությանը ներգրավված էր նաև բանակային զորամիավորումների հրամկազմը և, հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության շրջանակում, Պաշտպանության բանակի ղեկավար կազմը:

Տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի տեղակալները, վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:

Բացելով խորհրդակցությունը` պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների նախաշեմին, ինչպես նաև տոնական և հետտոնական օրերին պետք է առավել կենտրոնացնել ջանքերը, պատճաշ և բարձր մակարդակով իրականացնել բոլոր միջոցառումները` հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու համար:

Խորհրդակցության ընթացքում ենթակա զորամասերում անցկացված ամփոփիչ ստուգումների նախնական արդյունքների, Ամանորի և Սուրբ ծննդի տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին տեսակապի միջոցով հաշվետու զեկույցներով հանդես եկան բանակային զորամիավորումների հրամանատարները: Ներկայացվեցին առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում զգոնության բարձրացմանն ուղղված միջոցառումները, ուսումնական հաջորդ տարվա նախապատրաստական փուլի աշխատանքների պլանավորման առանցքային հարցերը:

Տարվա ընթացքում կատարված աշխատանքների և առկա խնդիրների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան նաև ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ մի շարք վարչությունների պետեր, ովքեր ընդգծեցին, որ ուսումնական տարվա շրջանակում պլանային կարգով շարունակվել են մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության, զինվորական կարգապահության բարձրացմանը նպատակաուղղված աշխատանքները:

Ամփոփելով խորհրդակցությունը` պաշտպանության նախարարը տվեց մի շարք ցուցումներ և հանձնարարականեր` ներկայացնելով նաև 2015թ. տարեմուտի ուղերձի առանցքային կետերը: Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրեց հատկապես տոնական օրերին զորամասերում ուժեղացված ռեժիմով վերահսկողություն սահմանելու, անձնակազմի զգոնությունը բարձրացնելու հարցերի վրա: Պաշտպանության նախարարը հրահանգեց նաև խիստ հետևողական լինել զորամասերում անհրաժեշտ ջեռուցման պայմաններն ապահովելու, անձնակազմի ցրատահարության դեպքերը բացառելու, ինչպես նաև ժամկետային զինծառայողների, հատկապես նորակոչիկների առողջական գանգատների նկատմամբ:

Սելեկտորային խորհրդակցությունն եզրափակվեց մեկ գավաթ շամպայնով միմյանց ամանորյա շնորհավորանքներ և բարեմաղթանքներ հղելով: Գեներալից մինչև շարքային բարեմաղթելով առողջություն, երջանկություն, հանդուրժողականություն, անձնական ու ծառայողական նորանոր հաջողություններ` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վստահություն հայտնեց, որ միասնական աշխատանքի շնորհիվ 2015-ին էլ ազգային բանակը դարձյալ պատվով կհաղթահարի բոլոր դժվարությունները, ամուր կպաշտպանի մեր սահմանները և կապահովի հայ ժողովրդի խաղաղ արարումը:




Լրահոս