Երեկ խորհրդարանում հրավիրվեց արտահերթ նիստ` Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող զարգացումները քննարկելու նպատակով: Նիստը մեկնարկեց ժամը 15-ին եւ շարունակվեց մինչեւ 22:15-ը: Մեկնարկից անմիջապես հետո ՀՀԿ-ի առաջարկով քվեարկության դրվեց արտահերթ նիստը դռնփակ ռեժիմով անցկացնելու հարցը: Ու թեեւ արտահերթ նիստը հրավիրվել էր ոչ իշխանական խմբակցությունների նախաձեռնությամբ, այնուամենայնիվ, ՀՀԿ-ն էլ մասնակցեց նիստին մեկ պայմանով՝ եթե այն դռնփակ անցկացվի: Արդյունքում՝ որոշումը կայացվեց, եւ արտահերթ նիստը շարունակվեց դռնփակ ռեժիմով: Ըստ ՀՀԿ-ականների՝ դռնբաց նիստի դեպքում ոչ իշխանական պատգամավորները հատուկ լրատվամիջոցների համար կարող էին «շոու» սարքել, ինչն էլ ավելի կխորացներ հանրության շրջանում սկսված խուճապային տրամադրությունները: Այսինքն՝ իշխանություններն ընդունում են, որ հանրության շրջանում խուճապային տրամադրություններ են, ընդունում են, որ տնտեսությունում վիճակն այն աստիճան մտահոգիչ է, որ պետք է արտահերթ կարգով Աժ-ում այն քննարկվի: Այս դեպքում հարց է առաջանում՝ ինչպե՞ս են պատրաստվում Հայաստանում բնակվող մարդկանց հանգստացնել: Բացի այդ՝ կարելի է կարծել՝ վիճակն այն աստիճան վատ է, որ իշխանությունները չեն համարձակվում այդ մասին հրապարակային խոսել: Ինչեւէ, մեր տեղեկություններով՝ ԱԺ արտահերթ նիստին մասնակցել են ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, որին կեսից փոխարինել է նրա տեղակալը՝ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
Հայաստանում վաճառվող նավթամթերքի` մինչեւ երեկ գործող գները սահմանվել են այն ժամանակ, երբ նավթի մեկ բարելը միջազգային շուկայում արժեր 120 եւ ավել դոլար: Նավթի գներն աշխարհում կրկնակի նվազել են արդեն, բայց Հայաստանում բենզինը եւ դիզելային վառելիքը շարունակում էին նույն գնով վաճառվել: Իսկ երեկ, դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացման արդյունքում, բենզինի մեկ լիտրի գինը թանկացավ 30-40 դրամով: Այս, թվում է թե, անլուծելի հանելուկի պատասխանը տվել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր հրապարակած վերլուծությունում. «Հայաստանը, իբրեւ էներգակիր ներմուծող երկիր, պիտի շահեր, քանզի պետք է հսկայական տնտեսումներ ունենար նավթի ու գազի գնումների ժամանակ: Բայց արի ու տես, որ նախ՝ ՌԴ-ից ներմուծվող մեր գազի գինը կապ չունի նավթի գնի հետ (ինչպես, օրինակ, ԵՄ երկրների համար է նախատեսված), եւ մեր նավթամթերքներ ներմուծող Ռոսնեֆտ-Արմենիան մենաշնորհ ունի»,- գրել է նախկին վարչապետը:
Հայաստանի մանրածախ առեւտրի շուկայում վերջին օրերին տիրող իրավիճակը կարելի է բնորոշել որպես քաոս: Սա այն դեպքում, երբ մի հսկա կառույց, որի անունն է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, հարկատուների միջոցների հաշվին գործում է, որպեսզի մանրածախ շուկայում տեղի ունեցող գործընթացները լինեն ՀՀ օրենսդրության շրջանակներում: «Ժողովուրդ»-ի թղթակիցը երեկ ողջ օրը փորձել է կապվել ՏՄՊՊՀ-ի պատասխանատուների հետ` կառույցի ղեկավարության գնահատականները տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ պարզելու նպատակով, բայց ապարդյուն: ՏՄՊՊ հանձնաժողովի պատասխանատուներն անցել էին խորը ընդհատակ: Մյուս կողմից հասկանալի է, որ ՏՄՊՊ հանձնաժողովը ոչ միայն ասելիք չունի, այլեւ չի էլ կարող ազդել Հայաստանի մանրածախ շուկայում տեղի ունեցող գործընթացների վրա, որովհետեւ այդ կառույցը ոչ թե ինքն է վերահսկում Հայաստանի շուկայում գործող խոշոր ընկերություններին, այլ հակառակը:
Երեկ հայտնի դարձավ, որ նախորդ օրը՝ վաղ առավոտյան, Շենգավիթ վարչական շրջանում` Կաշեգործների փողոցում գտնվող տնակում, հայտնաբերվել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Սամվել Մարգարյանի որդու՝ 26-ամյա Սուրեն Մարգարյանի դին: Վերջինիս մահը բազմաթիվ կասկածների եւ վարկածների տեղիք է տալիս: Ընդհանուր պատկերն այնպիսին է, որ կարելի է կարծել, թե երիտասարդը ինքնասպանություն է գործել: Սակայն լուրջ կասկածներ կան, որ երիտասարդին սպանել են եւ փորձել այն որպես ինքնասպանություն ներկայացնել: Ուշագրավ է, որ երիտասարդը մինչ այս դեպքը բաց նամակ է գրել ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին եւ օմբուդսմենին՝ խնդրելով օգնել իրեն՝ ապօրինություններից ազատվելու եւ կյանքին սպառնացող վտանգները չեզոքացնելու համար: Սակայն ոչինչ չի արվել: Արդյունքում՝ նրան գտան մահացած: Տեղեկացնենք, որ 26-ամյա երիտասարդը մինչեւ 2010 թվականն աշխատել է «Արմավիա» ավիաընկերությունում որպես օդաչու:
ԴԱՏԱՐԿ ԳՈՎԱԶԴ
ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները կարծես թե արթնացան թմբիրից: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Արթուր Ջավադյանը հրապարակավ փորձել են հանգստացնել մեր երկրում սկսված խուճապը: Բայց լավ կլիներ չխոսեին: Վարչապետը, բնականաբար, պատճառաբանել է, որ.«Ֆինանսական շուկայի ներկա զարգացումները հիմնականում պայմանավորված են գլոբալ եւ տարածաշրջանային զարգացումներով, որոնք զերծ չեն ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից»: Իսկ թե ինչ են արվել մինչ օրս «սպեկուլյատիվ տարրերը» չեզոքացնելու համար, վարչապետի հայտարարությունից այդպես էլ հասկանալի չի դառնում: Միայն սին խոսքեր, խոստումներ եւ իրականությունից կտրված դատողություններ: «Կառավարությունը մշտական կապի մեջ է նաեւ իր միջազգային գործընկերների հետ եւ վստահ է, որ համատեղ ջանքերով եւ սառը դատողությամբ մենք կարող ենք ապահովել կայունություն՝ թե՛ ֆինանսական, թե՛ ապրանքների շուկաներում՝ այդ թվում բացառելով սպառողական ապրանքների անհիմն թանկացումները»,- հայտարարել է վարչապետը: Մինչդեռ ՀՀ քաղաքացիները մոտակա խանութը մտնելիս արդեն հասկանում են, թե ինչքան անտեղյակ է վարչապետը (առնվազն՝ նրա համար տեքստ գրողները) թանկացումներից:
Ապագայի անորոշության բաղադրիչներ էին պարունակում նաեւ ՀՀ գլխավոր դրամատան ղեկավարի խոսքերը: ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց, որ.«Հայաստանում դրամի իրական գինը հայտնի կլինի ազգային արժույթի գերարժեզրկման պատճառների վերացումից հետո: Ներկայումս ՀՀ դրամը գերարժեզրկված է, եւ սպեկուլյացիոն ու անհարկի իրավիճակի վերացումից հետո ՀՀ դրամը զգալիորեն կարժեւորվի»: Եթե մի կերպ կարելի է հասկանալ սպեկուլացիոն գործելաոճին առնչվող ձեւակերպումը, ապա անհասկանալի է, թե ինչ է նշանակում «անհարկի իրավիճակ» արտահայտությունը: Ո՞վ է ձեւավորել այդ անհարկի իրավիճակը եւ ո՞վ է պատասխանատուն: Գուցե ավելի մատչելի բացատրությո՞ւն տրվեր: Ջավադյանի միակ հուսադրող միտքն այն էր, որ հայկական բանկերը վճարունակ են եւ կարող են քաղաքացիների հաշիվներն ու ավանդները սպասարկել:
Ի՞նչ է ստացվում: Տարիներ շարունակ մեր երկրում լայնամասշտաբ քարոզչություն էր իրականացվում, թե շատ ոլորտներում աճ կա, արտադրական գործընթացը խրախուսվում է, Սերժ Սարգսյանն էլ պարբերաբար ինչ-որ ժապավեններ էր կտրում՝ փորձելով ապացուցել, որ «Հայլուրի» եւ պատասխանատու մյուս հեռուստաընկերությունների կողմից մատուցվող Հայաստանի պատկերն իրական է, եւ կամաց-կամաց մենք դառնում ենք ինքնաբավ երկիր: Սակայն իրականում, երբ PR-ը լարված իրավիճակում դուրս եկավ հրապարակից, «տակը մնաց» խոշտանգված տնտեսությունը՝ արտադրական ծավալների էական կրճատումներով: Եւ հիմա հարց է առաջանում՝ հսկայական միլիոններ ծախսելով՝ ինքնագովազդ անելը քանի՞ գրոշի արժեք ունի: