«ԵՍ ՍԱ ԴՐԱՄԱԿԱՆ ԵՐԿՐԱՇԱՐԺ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին ոչ միայն հայ հասարակությունն է խուճապի մեջ գնաճային իրավիճակի պատճառով, այլ նաեւ հայրենի գործարար-օրենսդիրները: Երեկ, կարելի է ասել, խորհրդարանի բոլոր ներկայացուցիչները մի անկյունում քննարկում էին, թե ի վերջո ինչ է լինելու իրենց «ճակատագիրը», ի՞նչ պետք է անեն, որ դոլար-դրամ փոխարժեքի փոփոխությունների «տակից դուրս գան»: Գործարար-պատգամավորներն այդ հարցը փորձում են ստանալ տնտեսագետ-օրենսդիրներից, որոնք մասնագիտորեն գոնե կարողանում են պատգամավորներին բացատրել իրենց գլխի «գալիքը»:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է օրենսդիրներից իմանալ իրենց «դեղատոմսը»՝ դրամի արժեզրկման հետ կապված:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆ (Բուռնաշ)
-Պարո՛ն Աղաբաբյան, երկրում խուճապային իրավիճակ է դրամի արժեզրկման հետ կապված, Հայաստանում գնաճ է: Ինչպե՞ս պետք է այդ հարցին լուծում տալ: Դուք՝ որպես գործարար, ի՞նչ տեսակետ ունեք այս հարցի վերաբերյալ:
-Խուճապն իմ կարծիքով համաշխարհային է, աշխարհում նման իրավիճակ է տիրում: Դոլարի շրջանառության տարածքներ գոյություն ունի, բնականաբար, դոլարն էլ գերիշխող լինելով աշխարհում՝ բոլոր մնացած պետությունները պետք է խուճապի մեջ լինեն: Այսինքն՝ ստեղծվում է մի իրավիճակ, որը ես կհամարեի վիրուս՝ դրամաշրջանառության վիրուս, որը ո՛չ մեր իշխանությունը, ո՛չ մեր ժողովուրդն ու որեւիցե մեկը չի կարող այդքան բաներ ձեռնարկել… Որովհետեւ մենք չունենք այն մեխանիզմները եւ այն գործիքները, որ կարողանանք որեւիցե փոխհարաբերությունների արդյունքում պահենք կուրսը, կայունություն պաշտպանենք: Մի բան էլ նշեմ, որովհետեւ մեր փոքր բյուջեով ավելի շատ կրիզիսային է, քան մյուս երկրների համար, որովհետեւ մենք դեռեւս շրջափակման մեջ ենք: Բայց ավելի շատ կրիզիսային երեւույթներ կարող են առաջանալ թեկուզեւ Ադրբեջանի համար… Ես կուզենամ հաց ուտել օրվա մեջ մի անգամ, իսկ իրենք՝ 4 օրը մեկ: Այսինքն՝ ես ուզում եմ ինձ համեմատեմ կողքինների հետ, կողքի պետությունների հետ, թե ինչ կլինի: Եթե ինձ համար 10 բալանի երկրաշարժ է, թող իրենց համար 15 լինի, իսկ ես սա դրամական երկրաշարժ եմ համարում:
-Խնդրում եմ նշեք՝ դրամային այս տատանումները Ձեր գործունեության վրա ազդեցություն ունեցե՞լ են:
-Իհարկե, ոնց չէ:
-Այժմ շատ գործարարներ դադարեցրել են իրենց գործունեությունը, Դուք դա ճի՞շտ եք համարում:
-Ճիշտ եմ համարում, բայց այդ ամենի պահանջը հասարակությունն ունի, ես ի՞նչ անեմ, ավելի լավ է՝ ես քիչ… բայց մարդիկ ապրեն:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ՄԵԼԻՔ ՄԱՆՈՒԿՅԱՆ (Շշերի Մելո)
-Պարո՛ն Մանուկյան, Դուք խուճապի մեջ ե՞ք դրամի արժեզրկման հետ կապված, Ձեր գործունեության վրա ե՞ւս ազդեցություն է ունեցել:
-Ինչի՞ խուճապի… Ուրեմն դա ավելի շատ վերաբերում է խանութին, ներմուծողներին: Իսկ իրենք լրիվ ճիշտ են: Իհարկե, էս ամենն ամենավատ բանն է գործարարի համար: Ուղղակի խուճապ բառն այդքան էլ տեղին չէ: Մարդիկ անհանգստացած են, որը կարծում եմ՝ ժամանակի հարց է: (Քայլելով հեռանում է Ս. Գ.):

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ
-Պարո՛ն Այվազյան, հայ գործարարներն այս օրերին նախընտրում են ժամանակավորապես դադարեցնել իրենց գործունեությունը, չաշխատել, քանի որ դրամի արժեզրկման պատճառով տույժեր են կրում: Դուք՝ որպես տնտեսագետ, ճի՞շտ եք համարում այս գործելաոճը:
-Այստեղ կարգավորում է պետք, ոչ ստանդարտ կարգավորումներ, ինչը կփորձենք անել բանակցելու միջոցով, տարբեր մարմիններին կոչ անել, որպեսզի շտապ քայլեր ձեռնարկեն, որովհետեւ տեղի է ունենում ակնհայտ պահանջարկի լուրջ ավելացում: Որոշակի առումով դոլար-դրամային հարաբերակցությունը ոչ միայն այստեղ, այլ նաեւ միջազգային շուկայում տեղի ունեցող գործընթացներն իրենց բացասական ազդեցությունն են ունեցել ու կարգավորման դաշտից դուրս են եկել: Այսինքն՝ այժմ պետք է կարգավորման մեխանիզմներ մտցնել՝ սկսած միանգամից առաջին անհրաժեշտության ապրանքների գների կարգավորումից… մինչեւ դրամ-դոլարի կարգավորումը, քանի որ պահանջարկը… ցանկացած ոք ցանկանում է դրամը փոխանակել դրամով, ու դոլարային զսպման գործիքները չեն աշխատում, շատ կարճաժամկետ էֆեկտներ են ունենում: Օրինակ՝ նայե՛ք, նույն ձեւով Ռուսաստանն է:
-Իսկ ինչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում հասարակությանը ներկայացնել իրականությունը, որպեսզի այս խուճապը մեղմվի: Ինչո՞ւ քաոսային իրավիճակից դուրս գալու համար քայլեր չեն մշակվում:
-Ես արդեն նշեցի, որ դրանում խուճապ չպետք է լինի, այլ ընդամենը պետք է լինեն կարգավորումներ, ինչը կփորձենք անել տարբեր գերատեսչությունների հետ այդ հարցը քննարկելիս: Ընդամենը պետք է քայլեր ձեռնարկվեն դրա համար, որն էլ արվում է: Այս ժամանակահատվածում կարող է յուրաքանչյուրն էլ ինչ-որ հայտարարություններ անել, բայց դրանով որեւէ արդյունք չի լինելու:

 

 
ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՆՎԱԶՈՒՄ ԿԼԻՆԻ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երեկ խորհրդարանում կայացած արտահերթ դռնփակ նիստն ավարտվել է 22.15-ին: Ըստ մեր տեղեկությունների՝ կառավարությանը հարց տալու համար հերթագրվել է 36 պատգամավոր: Բոլոր հարցերին մանրամասն պատասխանել են ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, որին կեսից փոխարինել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը եւ ՀՀ ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանը: Նիստի ավարտին որեւէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

Նիստի ավարտից հետո ՀՀԿ-ական պատգամավորները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրին, որ ըստ Կառավարության ներկայացրած քայլերի՝ առաջիկայում կայունություն կլինի դոլար-դրամ շուկայական հարաբերությունում: Ըստ մեր տեղեկությունների՝ նիստն անցել է շատ «հանդարտ», ինչպես ՀՀԿ-ականներն էին հայտարարում՝ ընդդիմությունը որեւէ «շոու չի ցուցադրել»: Ոչ իշխանական ուժերն իրենց հարցերն են ուղղել ու լսել ՀՀ Կառավարության ներկայացուցիչների պատասխանները: Նշենք, որ արտահերթ նիստը նախաձեռնել էին խորհրդարանի ոչ իշխանական ուժերը՝ լսելու ՀՀ Կառավարության ներկայացուցիչների բացատրությունները ՀՀ-ում տիրող գնաճի, դոլարի փոխարժեքի տատանումների վերաբերյալ:
Երեկ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը նիստի ավարտից հետո «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ նոր բացահայտումներ չեն եղել: «Հույս կա, որ այն գործողությունները, որոնք իրականացվում են, էլ ավելի համակարգային կլինեն, ու դրական արդյունքներն ավելի արագ ու շոշափելի կերեւան: Վերահաստատվեց, որ դրամն այս պահին գերարժեզրկված է»,-ասաց պատգամավորը: Մեր հարցին, թե արդյո՞ք ԱԺ 6 խմբակցություններն այս քննարկումից հետո հանդես են գալու համատեղ հայտարարությամբ, որով կառաջարկվեն կոնկրետ քայլեր իրականացնել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ո՛չ, նման խնդիր չկա դրված, բայց առաջիկայում Կենտրոնական բանկի եւ Կառավարության հետ համատեղ աշխատանքի հնարավորություններ են բացվում, ու երկրորդն էլ՝ հասարակության մեջ ճշմարիտ տեղեկության տրամադրման անհարժեշտություն կա, որը, կարծում եմ, առաջիկայում կտրամադրվի»:
Պատգամավորը հայտնեց նաեւ, որ անհրաժեշտ տեղակությանը ՀՀ Կառավարությունը տիրապետում է. «Կան գործիքներ, որ կիրառվում եւ օգտագործվում են, սակայն դրանց արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հավելյալ միջոցառումներ են պետք, որը համատեղ պետք է ձեռնարկվեն. առանձին վերցված ԿԲ-ն, ՏՄՊՊՀ-ն կամ Կառավարությունը չեն կարող: Պատասխաններն ու քննարկումները հույս տալիս են, որ առաջիկայում նոր համատեղ գործողությունների կարող ենք ականատես լինել»: Մեր զրուցակիցը վերջում նշեց, որ պետք է հասարակությունը վստահի գործարկվելիք միջոցներին:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 
ԼՈՒՐԵՐ

ՔՈՉԱՐՅԱՆԻ ՓԵՍԱՅԻ ԴԵՄ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հերթական դատական հայցն է ներկայացվել Ռոբերտ Քոչարյանի դստեր` Գայանե Քոչարյանի ամուսնու` Վիգեն Չատինյանի ընտանիքին պատկանող ընկերության դեմ: Նոյեմբերի 21-ին «Յուքոմ» ՍՊԸ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հայց է ներկայացրել ընդդեմ «Միստր Շեդո» ՍՊԸ-ի: «Յուքոմը» պահանջում է «Միստր Շեդո»-ից բռնագանձել 105 հազար 500 դրամ: Ինչպես հայտնի է՝ այդ ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին, եւ ըստ պետռեգիստրի՝ նրա հիմնադիրը Արա Չատինյանն է: Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին էլ «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամ»-ն էր դատական հայց ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի փեսայի ընկերության դեմ` պահանջելով վերջինից, հօգուտ հիմնադրամի, բռնագանձել 3 միլիոն 851 հազար դրամ:

 

ԱՏԱՄ ԲՈՒԺԵԼԸ ԿԹԱՆԿԱՆԱ
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքի բարձրացումից անմասն չեն մնա նաեւ ատամնաբուժարանները: «Նառա դենտ» ատամնաբուժարանում դեռ չեն թանկացել ատամնաբուժական ծառայությունները: Բայց առաջիկայում կթանկանան: «Նառա դենտ»-ի տնօրեն Նարինե Իսախանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Այս պահին աշխատում ենք հին նյութերով, դրա համար էլ չեն թանկացել մեր ծառայությունները»: «Դենտալ իմպլանտս-դիա» ատամնաբուժարանի տնօրեն Տիգրան Գրիգորյանը եւս «Ժողովուրդ»-ին ասաց, որ առաջիկայում այս ոլորտում թանկացումներն անխուսափելի կլինեն: «Այն բոլոր նյութերը, որոնք ձեռք էինք բերում խանութներից, 50 տոկոսով թանկացել են: Այս պահին ունենք կուտակած պահեստային նյութեր, եւ դրանցով իրականացվող աշխատանքները չեն թանկանա, մինչեւ չսպառենք: Բայց իմպլանտը, որը դոլարով ենք ձեռք բերում, անպատճառ կթանկանա: Այս դեպքում մենք այլ ելք չունենք: Ճիշտ է՝ հիվանդին դրամով ենք իմպլանտացիան առաջարկել, բայց մենք այն ձեռք ենք բերում դոլարով»,- պարզաբանեց Գրիգորյանը:

 

ՌՈՒԲԼԻՆ ԲԱՐՁՐԱՑԱՎ, ԴՐԱՄԸ` ՈՉ
Երեկ Հայաստանի բանկերը եւ փոխանակման կետերը շարունակում էին հրաժարվել դոլար վաճառել: Տարադրամի փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը առքը 535-ից 550 դրամ էր, իսկ վաճառքը` 590 կամ 595 դրամ: ՀՀ Կենտրոնական բանկը երեկ եւս շարունակել է սակարկություններով բանկերին դոլար վաճառել: ԿԲ-ն երեկ վաճառել է 4 մլն դոլար՝ 570.58 դրամ 1 դոլարը միջին փոխարժեքով: Նախորդ օրը ԿԲ-ն դոլարը վաճառել էր 526.32 դրամ 1 դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Տեղեկացնենք, որ երեկ միջազգային շուկայում մի փոքր բարձրացան նավթի գները, մեկ բարել նավթը նախորդ օրվա 58 դոլարի դիմաց բարձրացավ մինչեւ 63 դոլար: Ռուսական ռուբլու փոխարժեքը եւս երեկ բավական բարձրացավ: Մեկ դոլարը նախորդ օրն արժեր 72 ռուսական ռուբլի, իսկ երեկ դոլարի արժեքն իջավ մինչեւ 60 ռուբլի:




Լրահոս