Մինչեւ ՀՀ քաղաքացիները փորձում են հասկանալ, թե դրամի արժեզրկումը մինչեւ ուր կհասնի, եւ գները որքան կշարունակեն բարձրանալ, Երեւանի քաղաքապետարանը շարունակում է ամանորյա տոնակատարություններ եւ իրենց աշխատակիցների համար քեֆ-ուրախություններ կազմակերպելու նպատակով պայմանագրեր կնքել:
Երեւանի քաղաքապետարանի հրապարակած պաշտոնական հայտարարությունից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 10-ին միանգամից հինգ պայմանագիր է կնքվել տարբեր ընկերությունների հետ, որոնք բոլորը վերաբերել են Ամանորի տոնակատարություններին: Օրինակ՝ պայմանագրերից մեկով Էրեբունի վարչական շրջանում տեղադրվելիք տոնածառի զարդարման համար կծախսվի 5 միլիոն դրամ: Մեկ այլ պայմանագրով էլ նախատեսվում է 7 միլիոն դրամ հատկացնել «տոնական, գեղարվեստական-մասսայական թատերականացված շրջայց-միջոցառում» կազմակերպելու համար: Իսկ «մայր» միջոցառումը պետք է կազմակերպվի Սասունցի Դավիթ հրապարակում: Վերը նշված հինգ պայմանագրերից ամենաուշագրավը, սակայն, «Ամանորյա միջոցառման կազմակերպում աշխատակիցների համար» կնքված փաստաթուղթն է: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմը 2 միլիոն դրամ կվճարի «Վարդան Սեդրակյան» անհատ ձեռներեցին, որպեսզի վերջինս 200 աշխատակիցների համար հյուրասիրություն կազմակերպի: Ի դեպ, հայտարարության մեջ հստակ նկարագրված է «ուտուշ-խմուշի մենյուն»: Մեջբերենք մի քանի հատված.
«Սառը խորտիկներ` երշիկ ապխտած, ֆիլե, բաստուրմա, սուջուխ, աղցաններ` «Ցեզար», փաթաթած սմբուկ, բուլղարական, տաք ուտեստներ` խորոված խոզի, կարտոֆի, տապակած ձուկ, եփած ստերլյադ, հավի ճուտ` տապակած… խմիչքներ` կոնյակ հայկական, առնվազն 10 տարվա պահպանման, օղի` ռուսական արտադրության, բարձրորակ…»: Ինչպես տեսնում եք՝ մարդիկ համայնքի միջոցներով ոչ միայն տոնածառ են ձեւավորում, այլեւ իրենց համար տեղը տեղին «քեֆեր» են կազմակերպում: Չնայած, հայտարարությունում նշված չէ, թե այդ «200 աշխատակիցները» քաղաքապետարանի որ կառույցն են ներկայացնում, բայց ակնհայտ է, որ խոսքը Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կամ այլ կերպ ասած՝ Էրեբունու թաղապետարանի աշխատակիցների մասին է խոսքը: Ի դեպ, նշված հինգ պայմանագրերից մեկը վերաբերում է Մալաթիա-Սեբաստիային, ըստ այդմ, 2 միլիոն 710 հազար դրամ կվճարվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Րաֆֆու փողոցի եղեւնիների ձեւավորման համար:
Երեւանի քաղաքապետարանի հրապարակած հայտարարության համաձայն՝ «Աֆրիկյանների պանդոկ» ՍՊԸ-ն 2 միլիոն դրամի դիմաց պետք է կազմակերպի քաղաքապետարանի, իսկ ավելի կոնկրետ՝ Կենտրոնի թաղապետարանի աշխատակիցների` թվով 260 հոգու հյուրասիրությունը: Բացի այդ՝ 2 միլիոն 750 հազար դրամ կվճարվի Կարապի լճի մոտ սառցե տնակ պատրաստելու համար, 4 միլիոն 800 հազար դրամ կվճարվի 10 շենքերի վրա ամանորյա թեմաներով պրոեկցիաներ կազմակերպելու համար, մեկ միլիոն 400 հազար դրամ էլ կվճարվի ինչ-որ մոմերի ձեւավորման համար:
Նման պայմաններում, ի՞նչ եք կարծում, որքան գումար է հատկացվել բարեգործական ճաշարանին: Դժվար թե որեւէ մեկն այդ թիվը կռահի. 360 հազար դրամ: Այսինքն՝ Երեւանի քաղաքապետարանը թաղապետարաններից յուրաքանչյուրի կոլեկտիվի «ուտուշ-խմուշի» համար երկու միլիոն է հատկացնում` բարձրակարգ ռեստորանային համալիրներում Ամանոր նշելու համար, իսկ բարեգործական ճաշարանին՝ ընդամենը 360 հազար դրամ: Ի դեպ, այս դեպքում էլ «մենյուն» հստակ գրված է, եւ ինչպես կարելի էր կռահել՝ ոչ մի ընդհանուր բան չունի քաղաքապետարանի աշխատակիցների համար կազմակերպվող «ուտուշ-խմուշների մենյուի» հետ:
Հարց է ծագում՝ եթե Երեւանի քաղաքապետարանն իր աշխատակիցների համար համայնքի միջոցներով «ուտուշ-խմուշներ» չկազմակերպի եւ այդ գումարները հատկացնի հենց նույն բարեգործական ճաշարանին, ապա արդյո՞ք դրանից շատ կտուժեն Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ նրա տեղակալները: Մի պահ մոռանանք այն մասին, որ Տարոն Մարգարյանը եւ նրա տեղակալները, քաղաքապետարանի վարչության պետերն իրենց պաշտոնավարման շրջանում բոլորը միլիոնատերեր են դարձել, եւ համարենք, որ նրանք աշխատավարձով ապրող պետական ծառայողներ են, այնուամենայնիվ, ինչու պետք է նրանք իրենց ամանորյա «քեֆը» համայնքի միջոցների հաշվին կազմակերպեն: Ընդ որում՝ սուղ միջոցների հաշվին:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՀՅԴ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն միասին նախաձեռնեցին ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում ընդունվեց վերջին շրջանում հասարակական եւ քաղաքական գործիչների նկատմամբ կիրառված բռնության դեպքերը դատապարտող ԱԺ հայտարարություն: Նշել էինք, որ բռնությունը դատապարտող հայտարարության տեքստը մշակվել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի աշխատասենյակում` ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի, խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի ու Արծվիկ Մինասյանի մասնակցությամբ: Սակայն երեկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ հայտարարության տեքստ մշակվել է ՀՅԴ խմբակցությունում: Ստորեւ ներկայացնում ենք Աղվան Վարդանյանի պարզաբանումը.
-Հայտարարության տեքստը գրվել է առավոտյան Դաշնակցության խմբակցությունում: Քննարկել ենք, որից հետո հրավիրել ենք ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» եւ ՕԵԿ ներկայացուցիչներին մեր խմբակցություն: Մեր գործընկերներին առաջարկել ենք միանալ այս հայտարարությանը, որն այս պահին միակ հնարավորն է. արտահերթ նիստ գումարել, մեր համաձայնությունից հետո քննարկել նաեւ ՀՀԿ-ի հետ: Մեր գործընկերները ծանոթացել են ու ասել են, որ չեն միանա, բայց ասել են՝ եթե արտահերթ նիստ անեք, կմիանանք: Մենք էլ նշել ենք, որ եթե դուք չեք միանում, մենք պետք է փորձենք ՀՀԿ-ին համոզել ու միմյանց հրաժեշտ ենք տվել: Պարոն Ռուստամյանի հետ գնացել ենք ՀՀԿ խմբակցության ղեկավարի մոտ, պատրաստի հայտարարության տեքստը փոխանցել ենք ու առաջարկել ենք արտահերթ նիստ հրավիրել: ՀՀԿ խմբակցության ղեկավարը ծանոթացել է տեքստի հետ, ֆրակցիայի սենյակ հրավիրել է նաեւ պարոն Գալուստ Սահակյանին, նա էլ է ծանոթացել: Մեկ բառի փոփոխություն է եղել, ու դրանից հետո ստորագրությունները հավաքել ենք, եւ արտահերթ նիստը կայացել է:
ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿ
Մի կողմից ՀՀ ԱԺ խումբ-խմբակցությունները քայլեր են անում, հայտարարություն են ընդունում, որպեսզի ՀՀ փոխոստիկանապետ, ներքին զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը պատժվի, մյուս կողմից էլ նա շարունակում է իրեն ագրեսիվ պահել: «Ժողովուրդ»-ին տված իր երկրորդ հարցազրույցում, ահա, այսպես է արտահայտվել. «Ես իմ խոսքը պնդում եմ, որ եթե որեւէ մեկը կա էդքան տղա, իմ ներկայությամբ, դեմս նստած, փորձի գերագույն հրամանատարի հասցեին որեւիցե մի բան ասի, գլուխը կջարդեմ ու չգիտեմ՝ կհասնի իր էրեխեքին, թե չէ»: Երեկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ի պատասխան Երանոսյանի, հայտարարել է. «Եթե Երանոսյանը չի հասկացել, թե ԱԺ-ն ինչ դեր ունի այս երկրում, եւ չի կարելի ԱԺ-ին հակադրվել, ուրեմն, իսկապես, եթե ինքը որոշել է գլուխ ջարդել, ապա իր գլուխը պետք է ջարդվի»:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
100 ԴՐԱՄԻ ԽՆԴԻՐ
«Գազը թանկացրել են, ու չգիտենք՝ ինչ անենք: Պահանջում ենք, որպեսզի կառավարությունն ու Երեւանի քաղաքապետարանն այս հարցին լուծում տան, եւ երթուղային տաքսիները չընկնեն գազի թանկացման «դոզայի տակ»: Եթե ուզում են մտածել ժողովրդի մասին, ապա թող էս հարցը լուծեն»,- երեկ կայացած ակցիայի ժամանակ հայտարարել են Երեւան քաղաքի տրանսպորտը շահագործող մի խումբ վարորդներ: Իսկ Երեւանի քաղաքապետի` տրանսպորտի գծով խորհրդական Ալբերտ Գեւորգյանն անձամբ էր մոտենում երթուղայիններին եւ վարորդներին հրամայում շարժվել` դավա՛յ, դավա՛յ, շարժվի՛: Լրագրողների հետ զրույցում Գեւորգյանը նշեց, որ հարցը լուրջ է. «Սպասարկողներին հրավիրելու ենք, հարցին ոսկե միջին տանք` թե՛ սպասարկման հետ կապված, թե՛ գազի գնի»:
Մինչ այդ «Վճարում ենք 100 դրամ» շարժումն իր աջակցությունն է հայտնել վարորդների գործադուլին եւ համընդհանուր քաղաքացիական սոլիդարության կոչ արել՝ ընդդեմ օլիգարխների. «Վնասները թող փոխհատուցվեն օլիգարխների գերշահույթների հաշվին»:
ԳՆՈՐԴ ՉԿԱ
Փոխարժեքի տատանումներից անմասն չի մնացել նաեւ անշարժ գույքի շուկան: Վերջին շրջանում այս ոլորտում դրական տեղաշարժ գրեթե չկա, իսկ ոլորտի մասնագետների գնահատմամբ, շուկան «մեռած» վիճակում է գտնվում: Armlur.am-ին «Անտ ռիելթի» անշարժ գույքի գործակալությունից հայտնեցին, որ արդեն երկար ժամանակ է՝ ինչ գնորդներ չկան: Գործակալության ներկայացուցիչն այս ամենը կապեց Հայաստանի տնտեսական վատ վիճակի հետ: Նրա խոսքով՝ անշարժ գույքի շուկայում աշխուժությունը պակասել է 2010 թվականից:
ԿԱՐԵՎՈՐԸ ԵԺԿ-Ն Է
Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 18-ին աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Այցի շրջանակներում նա հանդիպում կունենա նաեւ ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի հետ:
ՉԻ ՆՎԱԶԻ
Չնայած հայկական դրամի արժեզրկմանը եւ տնտեսության անկայուն վիճակին՝ առայժմ մեկ հստակություն կա՝ հարկերը ո՛չ կնվազեն, ո՛չ էլ կավելանան: «Հարկերը նվազեցնելու հարց չի քննարկվում, որովհետեւ նման խնդիր հիմա չի դրվում»,- երեկ լրագրողներին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
ԷԺԱՆ ԳՆՈՎ
Ռուսական գազի գինը Բելառուսի համար 1.000 խմ-ի դիմաց 168 դոլարից կնվազի մինչեւ 154-155 դոլար: Այս մասին դեկտեմբերի 17-ին հայտնել է Բելառուսում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Սուրիկովը: «Հիմա նոր պայմանագիր է ստորագրվում: Կարելի է սպասել գազի գնի նվազում 168 դոլարից մինչեւ 154-155 դոլար»,- ասել է դեսպանը: Ավելի վաղ Բելառուսի վարչապետի առաջին տեղակալ Վլադիմիր Սեմաշկոն հայտնել էր. «Քանի որ ռուսական ռուբլու արժույթն ընկել է, հունվարի 1-ից մեզ համար գազի գինը մի քիչ կնվազի: Այսօր այն մոտ 168 դոլար է 1.000 խմ-ի դիմաց, հետո կլինի մոտավորապես 154-155 դոլար»: