ԳՈՒՑԵ ՊԱՐԶԱՊԵՍ ԱՐՏԱԳՐԵ՞Ն ԱՄՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործող Սահմանադրությունը փոփոխելուն միտված քայլերի համատեքստում առանցքային նշանակություն ունի Սերժ Սարգսյանի կողմից ստեղծված համապատասխան հանձնաժողովի մշակած ու հրապարակած հայեցակարգը: Վերջինս խոստանում է լինել այն նախահիմքը, որի հիմամբ պետք է կառուցվի ապագա Սահմանադրությունը: Սույն փաստաթղթի «Ներածություն» բաժնում հանդիպում ենք բավականին ուշագրավ մոտեցման՝ կապված Հայաստանի քաղաքական համակարգի գերանձնավորվածության ու գերկենտրոնացվածության հետ: Թեպետ հայեցակարգը գերանձնավորվածությունն անուղղակիորեն պայմանավորում է սահմանադրական անհրաժեշտ երաշխիքների բացակայության հետ, ստորեւ փորձենք հասկանալ, թե որքանով կարող է հիմնավոր թվալ նման պնդումը:

Հայեցակարգում արձանագրված է, որ.«Սահմանադրորեն հաղթահարված չեն Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգի գերանձնավորվածությունն ու գերկենտրոնացվածությունը: Ակնհայտ անհամամասնություն կա սահմանադրական տարբեր մարմինների լիազորությունների իրական ծավալի եւ նրանց քաղաքական պատասխանատվության միջեւ»: Հատկանշական է, որ փաստաթղթում ներառված այս պնդումը բավականին հրատապ ու արդիական է՝ հիմնված տիրող իրականության վրա: Այդուհանդերձ, չենք կարող միանշանակորեն համաձայնել, որ սահմանադրական թերությունն է այն գլխավոր պայմանը, որի շնորհիվ Հայաստանում քաղաքական համակարգը գերանձնավորված է ու գերկենտրոնացված: Նախ եւ առաջ արձանագրենք, որ անձնավորված քաղաքական համակարգը նորություն չէ, քանզի անկախության համար մղվող պայքարում դրսեւորվում են հենց անհատները, ովքեր էլ իրենց գործունեության ընթացքում կերտում են քաղաքական իրականությունը: Բավական է հայացք ձգել Ամերիկայի Անկախության պատերազմին, որտեղ հիմնադիր հայրերի գործոնը երկար ժամանակ թելադրող դեր էր կատարում եւ սկզբնական էտապում համակարգին տալիս էր գերանձնավորված կերպավորում:
Անկախության առաջին սերնդի կողմից համապատասխան երաշխիքների ստեղծման արդյունքում է, որ արդեն երկրորդ սերնդի մոտ գերանձնավորված համակարգը սկսում է խարխլվել: Բնականաբար, անձի դերը, պայմանավորված նրա անձնական հատկանիշներով եւ տիրապետած ռեսուրսներով, կառավարման համակարգում մշտապես մեծանշանակ է եղել: Տարբեր գնահատականներով՝ Հայաստանում իրական քաղաքական մրցակցություն տեղի է ունեցել միայն «Ղարաբաղ» կոմիտեի երկու առաջնորդների միջեւ: Պետության հիմնադրույթները ստանձնած այս մարմինն օրինաչափորեն պիտի պառակտվեր, եւ դրա դոմինանտ հոսանքների միջեւ պայքար սկսվեր իշխանության համար: Ուշագրավ է, որ մեզ մոտ բնական այդ ընթացքը երկար չպահպանվեց՝ շեղումն արձանագրելով 1998 թվականին: Եթե փորձենք զուգահեռներ անցկացնել ԱՄՆ-ի հետ, որտեղ Համիլթոնի եւ Ջեֆֆերսոնի մրցակցությունը (ոչ այնքան անձնական, որքան աշխարհայացքային տարբերություններով) հանգեցրեց այսօր գործող քաղաքական համակարգին, ապա մեզ մոտ էլ նման իրավիճակ հնարավոր էր Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Վազգեն Մանուկյանի դիմակայության արդյունքում: Այս համատեքստում լիովին տրամաբանական պիտի լիներ, որ Տեր-Պետրոսյանի կառավարումն ավարտվեր 2001թ., ինչին էլ հաջորդեր Մանուկյանի նախագահությունը՝ պատմության հաջորդական ընթացքը չկասեցնելու համար: Արդ, քաղաքական ընդդիմության բանաձեւը, որ ԱՄՆ-ում հղացել էր Թ. Ջեֆֆերսոնը, մեզ մոտ իրականություն չդարձավ, քանզի իշխանություն-ընդդիմություն դիմակայությունը մտավ ապագաղափարական եւ ապաքաղաքական ցիկլի մեջ:
Ինչեւէ, այլ խնդիր է, որ կառավարման բնագավառում անձն առաջնորդվում է պետական շահերով՝ սեփականն առժամանակ մի կողմ դնելով: Նման պարագայում, սակայն, ոչ մի սահմանադրական երաշխիք չի կարող լրջագույնս ազդել իրավիճակի վրա: Ի վերջո, ներկայիս Սահմանադրությունն առնվազն սահմանում է իշխանության տարբեր թեւերի առկայությունը եւ տրամաբանության հիմքում տեսնում դրանց հակակշռի գործառույթները: Ահավասիկ, մի՞թե Հայաստանում կգտնվի մի բանական անձնավորություն, որ կպնդի, թե վերջին ավելի քան 15 տարիներին խորհրդարանը երբեւէ կատարել է գործադիր իշխանության նկատմամբ իր հակակշռի գործառույթը: Եվ, ահա, արդյո՞ք նման իրավիճակի գլխավոր մեղավորը ՀՀ Սահմանադրությունն է, երբ ԱԺ-ի մեծամասնությունը բացարձակ կախվածության մեջ էր սկզբում Ռ. Քոչարյանից, իսկ այսօր՝ Սերժ Սարգսյանից: Այսօր անժխտելի է, որ ԱՄՆ պետական համակարգը աշխարհի՝ հավանաբար ամենահաջողված զսպումների ու հակակշիռների ամբողջությունն է, որտեղ կոնգրեսի ու նախագահի միջեւ բալանսը հազվադեպ է խախտվում: Արդ, այդ դեպքում կարելի էր ոչ թե պետական բյուջեի՝ առանց այն էլ սուղ միջոցները վատնել՝ ինչ-որ հանձնաժողովներ ստեղծելու, փաստաթղթեր հեղինակելու ու մարզերում դրանք տարածելու անպտուղ ջանքերի վրա, այլ պարզապես թարգմանել ԱՄՆ Սահմանադրությունը եւ ունենալ «իդեալական» իրավիճակ: Ի դեպ, Դոմինիկյան Հանրապետությունը ժամանակին փոխառեց ամերիկյան մոդելը եւ պետակառավարման հարաբերություններում փորձեց ներդնել նույն մեխանիզմները: Անշուշտ, սահմանադրական նորմերի կրկնօրինակումը ոչ մի գործնական նշանակություն չունեցավ, քանզի պետության խնդիրն ամենեւին էլ Սահմանադրության մեջ չէր: Ահա, նման օրինակները կարող են մեզ պես երկրների համար դրական փորձառնություն հանդիսանալ:
Ամփոփելով հարկ ենք համարում նկատել, որ քաղաքական կառավարման համակարգը գերանձնավորված ու գերկենտրոնացված վիճակից հանելու համար առաջին հերթին ոչ թե պետք է Սահմանադրություն փոփոխել, այլ պարզապես նպաստել համակարգի քաղաքական դառնալուն: Վերջին 15 տարիներին քաղաքական համակարգի հետեւողականորեն ամայացման եւ այլասերման փոխարեն, պետք էր նպաստել դրա առողջացմանը: Այլախոհության ու հակադիր կարծիքի առկայությունը չհանդուրժելը, քաղաքական հակառակորդներին արտաքսելն ու բանտ նետելը, պետական ունեցվածքը սեփական բարեկեցության համար ծառայեցնելը հաստատապես չեն կարող հաղթահարվել լոկ սահմանադրական լուծումներով:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 

ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐ՝ ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ԴԵՄ

Դոլարի փոխարժեքի բարձրացման հետեւանքով արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանում իրավիճակը դուրս է վերահսկողությունից: Արդյունքում՝ ՀՀ մարզերում եւ երեւանյան խանութներում ու սուպերմարկետներում օրվա մեջ մի քանի անգամ ապրանքատեսակների գները բարձրանում են: Իսկ, ահա, ՀՀ որոշ գյուղերում եւ քաղաքներում նույնիսկ եղել են խանութներ, որոնք ողջ օրվա ընթացքում փակ են եղել: Միայն կարողացել են հաց եւ կաթնամթերք վաճառել:

Ամեն օր շրջելով խանութներով՝ վաճառողները տրտնջում են՝ ոչ թե օր օրի, այլ ժամ առ ժամ են փոխվում գները: Ավելին՝ խանութները ստիպված են լինում օրվա մեջ երկու անգամ փակել, որպեսզի ապրանքատեսակների գները բարձրացնեն: Այսպիսով՝ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակները գրեթե քառակի թանկացել են: ՀՀ որոշ մարզերում նույնիսկ խանութները փակ են եղել ողջ օրվա ընթացքում: Օրինակ՝ ալյուրի մեկ 50 կգ-անոց պարկը վաճառվել է 25-28 հազար դրամով, շաքարավազի 1 կգ-ն ողջ օրվա ընթացքում երեք անգամ բարձրացավ՝ դառնալով 500 դրամ, իսկ մեկ լիտր ձեթը 690 դրամից թանկացել է՝ դառնալով 1.100 դրամ: Իսկ, ահա, Գյումրիում որոշ հագուստի խանութներ երեկվանից սկսել են դոլարով առեւտուր անել: Օրինակ՝ Էջմիածնի տարածաշրջանի մի քանի գյուղերում խանութները երեկվա դրությամբ փակ են եղել: Փակ են եղել նաեւ Էջմիածնում գործող մեծ խանութները: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ ստացավ Աշտարակ քաղաքի առեւտրականներից, ովքեր փոխանցեցին, որ իրավիճակը չկայունանալու դեպքում մտադիր են առաջիկայում բողոքի ակցիաներ կազմակերպել:
Երեկ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ առաջիկայում դրամը կարժեւորվի: Իսկ գնաճի մասին ասաց հետեւյալը. «Օգտվելով իրավիճակից՝ որոշ բիզնես վարողներ, հնարավոր է, արհեստականորեն բարձրացնեն որոշ ապրանքների գները կամ անգամ գնանշումն անեն արտարժույթով: Դա օրենսդրության խիստ խախտում է»: Իսկ թե ինչով է զբաղված ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, դժվար է հասկանալ. սպառողները, լրատվամիջոցները բղավում, բարձրաձայնում են անարդար գնաճի մասին, սակայն այդ կառույցը, որ պարտավոր է արձագանքել, ձկան նման լուռ է: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց հանձնաժողովից հետաքրքրվել, թե ինչով է զբաղված, սակայն այդպես էլ մեր հարցերին չպատասխանեցին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՄԱՐԶԵՐ

ԲԻԶՆԵՍԻՆ «ՓԱՅ ԵՆ» ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ 4 ՊԱՇՏՈՆՅԱ
Տավուշի մարզային քննչական վարչությունում այժմ քննվում է Իջեւանի տարածաշրջանի Սեւքար գյուղում տարիներ շարունակ օրենքի խախտումներով շահագործված քարի հանքավայրի գործը: Նշենք, որ Սեւքար գյուղում գտնվող կարմիր քարի հանքավայրն ապօրինի կարգով շահագործում էր «Գետն գրուպ» ՓԲԸ-ն: Ի վերջո, բացահայտվեց, որ «Գետն գրուպ» ՓԲԸ-ն տարածքի վարձակալության պայմանագիր չի ունեցել Սեւքարի գյուղապետարանի հետ, եւ հարուցվեց քրեական գործ՝ հանքավայրն ապօրինի շահագործելու համար:
Սեւքարի գյուղապետ Թաթուլ Թելոյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ հանքավայրն արդեն 2 տարի չի շահագործվում, քանի որ կոորդինատները փաստաթղթերով հնարավոր չէր ճշտել: Համայնքի ղեկավարն ասաց, թե տեղյակ չէ անգամ՝ ով է ղեկավարում այդ ձեռնարկությունը: Նրա խոսքերով` ընկերության տնօրենները հաճախ են փոխվում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` հիշյալ ընկերությունն առնչվում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի եւ բարձրաստիճան եւս 3 պաշտոնյաների հետ: Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանի շենքը կառուցվել է Սեւքարի հանքավայրից դուրս բերված քարով: Այդ տարիներին Երեւանի քաղաքապետը Երվանդ Զախարյանն էր:

 

30 ՄԼՆ-Ը ՉԿԱ
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ 2013թ. աշնանը Տավուշի մարզի 47 համայնքներին տրամադրվել է 350 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու: Այն տրվել է մինչեւ 2014թ. հոկտեմբերի 10-ը սերմացուի գումարը՝ 56 միլիոն դրամը, հավաքագրելու պայմանով: Չնայած մարզպետարանի աշխատակիցների կողմից գրավոր եւ բանավոր հիշեցումներին, այնուամենայնիվ, գյուղացիներից հնարավոր է եղել հավաքագրել ընդամենը 26 միլիոն դրամ: Շուրջ 30 միլիոնը չկա:
Տավուշի մարզպետարանի մարզխորհրդի նիստում մարզպետ Հովիկ Աբովյանը իրենց գործում թերացած գյուղապետերին տվել է 10-օրյա ժամկետ: Բայց դժվար թե 10 օրում հնարավոր լինի Տավուշի տարբեր գյուղերի բնակիչներից, այն էլ Ամանորի շեմին, հավաքել 30 մլն դրամ: Այնպես որ, թերեւս այդ գումարը կամ առնվազն դրա մեծ մասը «կգրվի սառույցին»:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս