Քիչ առաջ մեկնարկեց Արդարադատության խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվելու է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանին կալանավորելու մասին համաձայնություն տալու՝ ՀՀ նախագահին առաջարկություն ներկայացնելու հարցը:
Այս մասին Armlur.am-ին հայտնեց դատավորի փաստաբան Կարեն Թումանյանը, ում փոխանցմամբ` իր պաշտպանյալը դեռևս ցուցմունք չի տվել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը: Խ. Խաչատրյանը իր վարույթում քննվող գործարարի վերաբերյալ քաղաքացիական գործով, նրա օգտին գործողություններ կատարելու համար, պահանջել և ստացել է 20.000 ԱՄՆ դոլար:
Նշենք, որ լրատվամիջոցներում տարածված լուրերի համաձայն` դատավոր Խաչատուր Խաչատրյանի կողմից կաշառք վերցնելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությանը հաղորդում ներկայացնողը դուռ-պատուհանների արտադրությամբ զբաղվող «Զոսեկար» ՍՊԸ տնօրեն Սեյրան Կարապետյանն է, որ «Ինեկոբանկի» հարկադիր սնանկության դիմումի հիման վրա սնանկ է ճանաչվել նույն դատավորի՝ 02.10.2014թ. օրինական ուժի մեջ մտած վճռով: