ՌՈՒՍԱԿԱՆ ԷԺԱՆ ԲԵՆԶԻՆԻ ԲԼԵՖԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհում նավթի գների անկման պայմաններում թվում էր, թե վաղուց Հայաստանում պետք է նվազեին բենզինի եւ դիզելի գները: Սակայն երկու օր առաջ տեղի ունեցավ հակառակ գործընթացը, երբ դոլարի գինը կտրուկ բարձրացավ, բենզինը նույնպես թանկացավ 30-40 դրամով եւ, ասենք, «պրեմիում» տեսակի բենզինի 1 լիտրը սկսեց վաճառվել 510 դրամով` նախկին 480-ի փոխարեն:

Պարզվում է՝ բենզինի գնի թանկացման համար եւս հայ սպառողը պետք է ռուսներին «շնորհակալություն» հայտնի: Այս երեւույթի պատճառների մասին օրերս բարձրաձայնել էր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ իր ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ նշելով, որ «Ռոսնեֆտ-Արմենիա» ընկերությանը Հայաստան նավթամթերք առաքելու մենաշնորհ է տրված:
«Ռոսնեֆտ-Արմենիայի» մենաշնորհը տրվել է դեռեւս 2013-ի դեկտեմբերին Հայաստանում Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված «ՀՀ Կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջեւ, Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրով: ՀՀ ՍԴ-ն դեկտեմբերի 19-ին համաձայնագիրը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, եւ այն ներկայացվել է ԱԺ, որն էլ դեկտեմբերի 23-ին վավերացրել է: Միջպետական համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Իգոր Սեչինը եւ հայկական «Օյլ տեխնո» ՓԲ ընկերության նախագահ Արթուր Ալավերդյանը Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ ստորագրել են համատեղ ընկերություն ստեղծելու մասին համաձայնագիրը: Այդ համատեղ ընկերությունը հենց «Ռոսնեֆտ-Արմենիան» է, որի մասին, ի դեպ, համացանցում գրեթե ոչ մի տեղեկություն չկա: Կարելի է ենթադրել, որ «Ռոսնեֆտ-Արմենիան» թղթի վրա գոյություն ունեցող կառույց է: Իսկ իրականում Հայաստանի նավթամթերքի ճակատագիրը որոշում են ռուսական «Ռոսնեֆտ»-ի ղեկավարները իրենց երկրի քաղաքական ղեկավարության հանձնարարությամբ:
Այս համաձայնագիրը կնքելիս հայկական կողմը, ինչպես միշտ, հույս է ունեցել, որ ռուսական կողմը կօգնի «բարեկամ» Հայաստանին, եւ մենք հնարավորություն կունենանք համեմատաբար էժան գնով բենզին եւ դիզել ներկրել: Սակայն նման բան տեղի չի ունեցել, եւ այլեւս ակնհայտ է, որ ռուսական ընկերությանն իզուր է մենաշնորհ տրվել: Իրավիճակը առավել նվաստացուցիչ է, երբ դիտարկում ենք, թե որքանով է Ռուսաստանում բենզինը վաճառվում: «Պրեմիում» տեսակի բենզինի մեկ լիտրը ՌԴ-ի բենզացակայաններում, դեկտեմբերի 15-ի դրությամբ, վաճառվել է 36 ռուբլով (290 դրամ), իսկ «սուպեր» տեսակի բենզինը` 39 ռուբլով (315 դրամ): Դեկտեմբերի 2-ի համաձայնագրի համաձայն՝ ՌԴ-ից Հայաստան ներկրված բենզինը մաքսային վճարներից պետք է ազատվի: Այդ դեպքում հարց է ծագում՝ եթե Ռուսաստանը մեզ էժան բենզին է վաճառում, հարկերն էլ բավական նվազեցվել են, ապա ինչի հաշվին է այդ ապրանքն այդքան թանկ վաճառվում Հայաստանի բենզալցակայաններում: Այս առաջին ինն ամիսների տվյալներով Ռուսաստանից Հայաստան է ներկրվել 164 հազար 404,8 տոննա նավթամթերք` բենզին եւ դիզելային վառելիք, որի մաքսային արժեքը կազմել է 160 միլիոն 446 հազար 800 դոլար: Այսինքն՝ 1 կիլոգրամի մաքսային արժեքը կազմել է 0,97 դոլար, իսկ մեկ լիտրինը՝ մոտ 0,72 դոլար (1 կիլոգրամ բենզինը 1,37 լիտր է): Ռուբլու՝ ներկայիս փոխարժեքի պայմաններում ստացվում է, որ բենզինը Հայաստանին մատակարարվում է 1 լիտրը 44 ռուբլով, Ռուսաստանում այդ ապրանքի մանրածախ գնից մոտ 10 տոկոսով թանկ: Ինչպես միշտ՝ հայ-ռուսական բարեկամության էությունը կայացել է նրանում, որ հայերս ռուսներին ավելի շատ ենք վճարել, քան մյուսները:
Ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությանը նման մենաշնորհ տալու հիմնավորումներից մեկն էլ եղել է այն, որ այդ ընկերությունը պետք է ներդրում կատարեր եւ վերագործարկեր «Նաիրիտ» գործարանը: Այս նպատակով 2013 թվականի դեկտեմբերի 25-ին «Ռոսնեֆտի» կառավարման խորհրդի նախագահ Իգոր Սեչինը եւ հայկական «Օյլ տեխնո» ՓԲԸ-ի նախագահ Արթուր Ալավերդյանը Սերժ Սարգսյանի ներկայությամբ ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` «Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին»: Հուշագրի ստորագրումից արդեն մեկ տարի է անցել, բայց ո՛չ նոր ձեռնարկությունն է ստեղծվել եւ ո՛չ էլ «Նաիրիտն» է վերագործարկվել: Ավելին՝ փորձագետները համոզված են, որ «Ռոսնեֆտը» վաղուց հրաժարվել է «Նաիրիտը» վերագործարկելու մտքից եւ չի պատրաստվում այդ նպատակով ներդրումներ կատարել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ՔԵՖԵՐԸ ՍԿՍՎԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորութամբ Դավիթաշեն վարչական շրջանի ներկայացուցիչները «Արայի ամրոց» ռեստորանում նշել են Ամանորը: Մեր տեղեկություններով՝ խնջույքը սկսվել է ժամը 17.30-ին, որին ներկա են եղել նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արթուր Գեւորգյանը՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան, որը մինչ պատգամավոր ընտրվելը ղեկավարել է Դավիթաշեն վարչական շրջանը, քաղաքապետարանի վարչության տարբեր ներկայացուցիչներ, Երեւանի ՀՀԿ ավագանու անդամներն ու վարչական շրջանի աշխատակիցները: «Ժողովուրդ»-ն արդեն անդրադարձել է Երեւանի քաղաքապետարանի համայնքային միջոցներով կազմակերպվող այս քեֆերին: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ երեկվանից այդ քեֆերն արդեն մեկնարկել են: Այսքան շուտ սկսելու պատճառն այն է, որ մինչեւ դեկտեմբերի վերջ Տարոն Մարգարյանը հասցնի բոլոր վարչական շրջանների աշխատակազմերի հետ քեֆ անի: Ի դեպ, այդ «ուտուշ-խմուշներից» յուրաքանչյուրի համար Երեւանի համայնքային բյուջեից վճարվում է առնվազն 2 միլիոն դրամ:

 

ՀՅԴ-ԻՑ ԿԼԻՆԻ
ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արա Նռանյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, նշանակվելու է Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կազմում Հայաստանի ներկայացուցիչ: Ինչպես հայտնի է՝ նշված կառույցում Հայաստանն ունենալու է երեք ներկայացուցիչ: Ըստ նույն տեղեկությունների՝ ՀՅԴ-ն արդեն իշխանությունների առաջարկն ընդունել է Ա. Նռանյանին այդ պաշտոնում նշանակելու հարցում:
Դեռեւս հոկտեմբերի 17-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կազմում Հայաստանի երեք անդամներից մեկը լինելու է ՀՀ էկոնոմիկայի նախկին փոխնախարար, ներկայումս Սերժ Սարգսյանի խորհրդական Կարինե Մինասյանը: Ի դեպ, Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագրի համաձայն` Հայաստանը նշված հանձնաժողովի կոլեգիայի կազմում չնայած ունենալու է երեք անդամ, բայց նրանց տրված է լինելու մեկ ձայնի իրավունք: Հայաստանի ներկայացուցիչները ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կազմում լիարժեք երեք ձայնով օժտված կլինեն 2016 թվականի փետրվարի 1-ից հետո:

 

ԴՐԱՄԸ ԱՐԺԵՎՈՐՎԵՑ
Հայաստանի փոխարժեքի շուկայում դրամը երեկ սկսեց արժեւորվել: Բանկերը եւ փոխանակման կետերը սկսեցին դոլար եւ եվրո վաճառել, ինչը վերջին մեկ շաբաթում չէին անում: Օրվա վերջին դոլարը փոխանակման կետերում գնվում էր 435-ից 450 դրամ, իսկ վաճառվում էր 490-ից 500 դրամի սահմաններում: Ի դեպ, ՀՀ Կենտրանական բանկի տարածած հաղորդագրության համաձայն՝ ԿԲ-ն երեկ սակարկության է ներկայացրել 4 միլիոն դոլար, սակայն բանկերից ոչ մեկը չի ցանկացել այն գնել ու պահանջարկի բացակայության պատճառով գործարք չի կայացել:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԷԼԻ ԵՎՐՈՊԱ
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված ձեւաչափով գագաթնաժողովին: Քննարկվել են Եվրոպական խորհրդի՝ ս.թ. դեկտեմբերի 18-19-ի նիստի նախապատրաստական աշխատանքները, ԵԺԿ քաղաքական եւ ծրագրային հարցերը, քաղաքական իրավիճակը ԵՄ անդամ պետություններում եւ ԵԺԿ անդամ կուսակցությունների դիրքորոշումները: Գագաթնաժողովից հետո նա հանդիպում է ունեցել ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի հետ: Նախագահը նշել է, որ Եվրոպական միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկը:

 

ԱՐԳԵԼԵԼ ԵՆ
Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը երեկ տեղեկացրել է, որ առողջապահական ծրագրերի իրականացման համար 2014թ. համայնքային բյուջեից հատկացվել է շուրջ 146 միլիոն դրամ, որը 50 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Պետպատվերի շրջանակում վիրահատվել է 13.465 քաղաքացի: Ավանդական դարձած «Ձեզ համար, կանայք» եւ «Երեւանյան ամառ» խորագրով առողջապահական ակցիաների շրջանակում անվճար բուժօգնություն է ստացել 27.517 քաղաքացի: Ըստ փոխքաղաքապետի՝ դեկտեմբերի 15-ի դրությամբ բացօթյա ապօրինի առեւտուր իրականացնելու համար կազմվել է 339 արձանագրություն: Հաշվի առնելով բնակչության բողոքները եւ արձանագրված խախտումները՝ 2014թ. ընթացքում 34 գիշերային ակումբների, բարերի եւ կարաոկե-ակումբների գործունեության թույլտվություն չի տրվել:

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին եւ նրա հետ քննարկել ՀԲԸՄ ընթացիկ եւ հեռանկարային ծրագրերը: Էդվարդ Նալբանդյանն ու Պերճ Սեդրակյանն անդրադարձել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին:

 

ՀԵՏԱՊՆԴԵԼ ԵՆ
«100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 16:30-17:00-ի ժամանակահատվածում, ՎԱԶ 2106 մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենայով չորս անծանոթ տղամարդիկ հետապնդել են Ժիրայր Սէֆիլյանի տիկնոջը՝ Նանոր Սեֆիլյան-Բարսեղյանին, եւ նրանց մանկահասակ երեխային: Հետապնդողների ավտոմեքենայի կողապակիները մգեցված են եղել, իսկ դիմապակին՝ թափանցիկ: Տուն հասնելուց հետո հետապնդողները որոշ հեռավորության վրա իջել են ավտոմեքենայից եւ սպասել, մինչեւ Նանոր Սէֆիլյան-Բարսեղյանը կայանել է իր ավտոմեքենան եւ երեխայի հետ միասին բարձրացել տուն»:

 

ՀԱՆՈՒՆ ՍՐՏԻ
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Վահան Պողոսյանը 168 ժամի հետ զրույցում ասել է, որ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի կատարմանը զուգահեռ բյուջեից հատկացվելու է 500 միլիոն դրամ: «Մենք ուզում ենք այնպես անել, որ կյանքի խնդիր ունեցող հիվանդը մտնի հիվանդանոց, եւ այնպես չլինի, որ գումար չունենալու պատճառով չկարողանա բուժօգնություն ստանալ»:




Լրահոս