ՔՆՆԻՉՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԶՈՀԵՐ ԿԴԱՌՆԱ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ձերբակալվել է քննչական կոմիտեի ԶՔԳՎ 2-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Շ. Հայրապետյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քննիչն իր կողմից քննվող գործի շրջանակներում 2.000 դոլարի կաշառք է պահանջել եւ ասել, թե գումարը պետք է ՀՀ գլխավոր դատախազին հանձնի:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը պաշտոնապես հաստատեց քննիչի ձերբակալման փաստը եւ ասաց, որ քննիչ Շ. Հայրապետյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քր Օր-ի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (խոշոր չափերով խարդախություն), 38-312-րդ հոդվածի 2-րդ մասի (խոշոր չափերով կաշառք տալուն հանցակցելը), 34-312-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (խոշոր չափերով կաշառք տալու փորձ).«Գործի քննությունը գտնվում է հատուկ քննչական ծառայության վարույթում, այլ մանրամասների մասին կարող եք տեղեկանալ նախաքննող մարմնից»:
Հիմա դառնանք գործի արմատներին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 2-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Շ. Հայրապետյանը ՀՀ ՊՆ N զորամասում ծառայակից ընկերների միջեւ տեղի ունեցած վեճի գործ է քննել: Ծառայության մեջ գտնվող տղաներից մեկի հարազատին առաջարկ է արել. «Եթե ուզում ես հարազատդ այս վեճում արդարացվի, ուրեմն 2.000 դոլարի պատմություն է, վճարի, եւ հարցը հօգուտ քեզ կլուծվի»:
Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ քննիչ Հայրապետյանը նրան, ումից ցանկացել է վերցնել 2.000 դոլարը, ասել է, թե այն պետք է հանձնի ՀՀ գլխավոր դատախազին: Սակայն, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ է եկել:
«Ժողովուրդ»-ին առայժմ պաշտոնապես չհաջողվեց պարզել, թե ով է այն քաղաքացին, որից իբր քննիչը գումար է պահանջել, սակայն կարողացանք ՀՔԾ մեր լավատեղյակ աղբյուրներից պարզել, որ ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած վեճի մասնակից կողմերից մեկն իր հարցերը լուծելու համար ստիպված է եղել տան ոսկեղենը գրավադրել, որպեսզի կարողանա քննիչի պահանջած 2.000 դոլարը հասցնի: Սակայն ընտանիքի անդամները, տեղեկանալով ստեղծված իրավիճակին, հանցագործության մասին հաղորդում են տվել ՀՀ գլխավոր դատախազություն, ինչի հետեւանքով էլ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 2-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Շ. Հայրապետյանը ձերբակալվել է:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի հետ: «Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության որեւէ քննիչ չի ձերբակալվել: Քրեական գործ է քննվում զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորներից մեկի քննիչի վերաբերյալ, ով այսօր առավոտյան հրավիրվել է հարցաքննության»,-ներկայացրեց Տռուզյանը: Ըստ նրա՝ քրեական գործի մասին տեղեկություն կարող է տրամադրել վարույթն իրականացնող մարմինը: «Միայն կարող եմ փաստել, որ խոսքը գնում է խարդախության մասին, ինչն ուղղակիորեն չի առնչվում նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ»,- եզրափակեց քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը:
Տեղեկացանք, որ քննչական կոմիտեն ծառայողներին խստագույն պահանջ է ներկայացրել վարքագծի կանոնների պահպանման, օրինականության սկզբունքների անշեղ կատարման վերաբերյալ: Առավել եւս անընդունելի են հանցավոր դրսեւորումները: «Լիահույս ենք, որ վարույթն իրականացնող մարմինը կապահովի քրեական գործի բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտումը եւ յուրաքանչյուրի գործողություններին կտա համարժեք գնահատական»,- հավելեց Տռուզյանը:
Այպիսով՝ ՀՀ քննչական կոմիտեի եւ ՀՀ գլխավոր դատախազության միջեւ սկսված հակամարտությունը շարունակվում է: Կոստանյանը խնդիր է դրել քննիչների «աչքը վախեցնելու» համար մի երկուսին, այնուամենայնիվ, քրեական պատասխանատվության ենթարկել: Մյուս կողմից էլ քննչական կոմիտեն է ինքնամաքրման գործընթաց սկսել:
Հուսանք, որ համակարգային հակամարտությունները գոնե կնպաստեն իրավապահ համակարգի առողջացմանը, ու տարիներ շարունակ այնտեղ բուն դրած կոռուպցիոն երեւույթների վերջը կտրվի:

 

 

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎՈՂԸ ԱԱԾ-Ի ՄԱ՞ՐԴՆ Է

Դեկտեմբերի 11-ին հարձակման ենթարկված ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, շուրջ մեկ շաբաթ գտնվելով «Արմենիա» բժշկական կենտրոնում, երեկ դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանից:

Հիշեցնենք, որ պատգամավորի վրա հարձակվել էր Արշակ Սվազյանը: Երբ պատգամավորը մտել էր շքամուտք, վերջինս հարվածել էր նրա դեմքին եւ դիմել փախուստի: Իսկ հարվածելու պատճառը, ըստ քննչական մարմիններից եղած արտահոսքի, եղել էր այն, որ պատգամավորը հայհոյել է իր հրամանատարին (Սերժ Սարգսյանին): Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 117 հոդվածով (Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը, որի համար սպառնում է առավելագույն պատժաչափը երկամսյա կալանք): Լուրեր էին շրջանառվում, թե Արամ Մանուկյանի դեմ հարձակում գործած Արշակ Սվազյանը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) վարորդն է, սակայն ե՛ւ պատգամավորը, ե՛ւ Սվազյանը հայտարարեցին, թե նման բան չկա:
Իսկ ո՞վ էր այդ «թասիբով» Սվազյանը, որ ամիսներ անց որոշեց Արամ Մանուկյանի տված հայհոյանքի համար պաշտպանել Սերժ Սարգսյանի պատիվը: Դեռեւս 2011 թվականին Սվազյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էր երեք տարի ազատազրկման՝ մաքսանենգության մեղադրանքով: Նա 2010 թվականին փորձել է Դուբայ-Երեւան չվերթով մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծել ադամանդներ՝ 68 միլիոն 859 հազար ՀՀ դրամ արժողությամբ: ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներման արդյունքում նա, պատիժը լրիվ չկրած, 2011 թվականի մայիսի 26-ին ազատվել է:
Բացի այդ՝ կասկածելի է նաեւ Սվազյանի տարիքը. նա ծնվել է 1973 թվին: Եւ արցախյան ազատամարտի տարիներին՝ 1992-1993 թվականներին, եղել է 20 տարեկան: Այսինքն՝ տակավին երիտասարդ Սվազյանը մարտնչել է ազերիների դեմ, այն էլ Սերժ Սարգսյանի հետ: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը 1990-ին եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, իսկ 1993-95-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար: Համաձայնեք՝ փոքր-ինչ տարօրինակ է, այնպես չէ՞:
Ինչեւէ, այն, որ այս պատմության մեջ շատ մութ կետեր կան, նույնիսկ առաջին հայացքից է նկատվում: Ինչո՞ւ պատգամավորի վրա հարձակում գործած Սվազյանին Աղվան Հովսեփյանի գլխավորած քննչական կոմիտեն ստորագրությամբ ազատ արձակեց: Չէ՞ որ նա բոլոր հիմքերն ունի՝ նախաքննությունից թաքնվելու. ի վերջո, պատահական մարդու չի ծեծել:
Կարելի է տրամաբանել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտված եւ մաքսանենգության համար ազատազրկման դատապարտված վարորդը դժվար թե «մոռացության» մատնվի ԱԱԾ-ի կողմից: Իսկ գուցե Արշակ Սվազյանը հենց ԱԱԾ-ի «մարդն» է՝ հավաքագրված: Դժվար է ասել: Այնուամենայնիվ, փաստ է, որ Սվազյանի թիկունքին, Սերժ Սարգսյանի բառերով ասած, «խոշոր ձկներ» կան, որոնք պետպատվերն իջեցնելուց հետո նաեւ «տեր են կանգել» նրա արարքին:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ԴԵՍՊԱՆԻ ՈՐԴԻՆ
Armlur.am-ին տեղեկություններ են հասել, որ լեգենդար ծանրամարտիկ, Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, ազատ է արձակվել: Նա գտնվում էր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:
ՀՀ ԱՆ ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանն Armlur.am-ին հայտնեց, որ դեկտեմբերի 17-ին դատարանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակել Դավիթ Վարդանյանին:
Հիշեցնենք, որ 30-ամյա Դավիթ Վարդանյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, սեպտեմբերի 4-ին դատապարտվել էր ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով` ՀՀ ՔՕ 215-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 268-րդ հոդվածի 3-րդ մասով: Դավիթ Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 106 գրամ կշռով հաշիշ տեսակի թմրամիջոց էր պահել իր մոտ, որից 7 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել էր ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ 99 գրամը պահել էր ձեռքի պայուսակում եւ 12.10.2013թ. ժամը 01:31-ի դրությամբ մաքսանենգ ճանապարհով, մաքսային հսկաղությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով թմրամիջոցն ապօրինի տեղափոխել էր ՀՀ:
Ի դեպ, պաշտպան Վարդան Հայրապետյանն առաջին ատյանի դատարանի վճիռը չէր բողոքարկել: Նկատենք, որ խուլիգանության կամ ոչ ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքով ազատազրկվածները տարիներ շարունակ պայքարում են պայմանական վաղաժամկետ ազատում ստանալու համար, սակայն ապարդյուն: Անգամ այն դատապարտյալները, որոնց պատժի կրմանը մնում է մի քանի ամիս, չեն արժանանում դատարանի բարեգութ որոշումներին:

 

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԾԵԾԵԼ ԵՆ
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին Armlur.am-ը տեղեկացավ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:
Ըստ կալանավորի հաղորդման` 2014թ. նոյեմբերի 11-ին ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկվելիս հիշյալ բաժնի աշխատակիցների կողմից իր նկատմամբ գործադրվել է բռնություն, այնուհետեւ ենթարկվել է խոշտանգման եւ դաժան վերաբերմունքի, որի պատճառով ձերբակալվածներին պահելու վայրի (ՁՊՎ) խցում տեղավորվելուց հետո փորձել է ինքնասպանություն գործել, որը կանխվել է ՁՊՎ-ի հերթապահի կողմից:




Լրահոս