ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Լեւոն Երանոսյանի անունը վերջին շրջանում ամենաքննարկվածն է դարձել: Ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանին եւ Ռազմիկ Պետրոսյանին ծեծի ենթարկելու դեպքերը հենց նրա հետ կապեցին, իսկ վերջինս էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ո՛չ հերքել էր, ո՛չ էլ հաստատել, որ իր հրամանով են նրանց ծեծի ենթարկել: Նա մեզ հետ զրույցում հայտարարել էր. «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որեւիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»:
Հենց այս արտահայտությունն էլ պատճառ դարձավ, որ ԱԺ ոչ իշխանական ուժերը որոշեցին պահանջել նրա պաշտոնանկությունը: Իսկ օրեր առաջ էլ նույն այս արտահայտության համար ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Լ. Երանոսյանին նկատողություն հայտարարվեց: Սակայն դրանից հետ էլ նա կրկնեց իր կոշտ խոսքերը՝ դարձյալ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում: «Ես իմ խոսքը պնդում եմ, որ եթե որեւէ մեկը կա էդքան տղա, իմ ներկայությամբ, դեմս նստած, փորձի գերագույն հրամանատարի հասցեին որեւիցե մի բան ասի, գլուխը կջարդեմ ու չգիտեմ՝ կհասնի իր էրեխեքին, թե չէ»,- հայտարարել էր Երանոսյանը:
Իսկ ո՞վ էր նա մինչ ականջների՝ զազրելի ու միաժամանակ զվարճալի այս պատմությունը: Նա շատ հետաքրքիր անցյալ ունի, որի մասին թերեւս շատ քչերը գիտեն:
Լ. Երանոսյանը ծնվել է 1964թ. մարտի 30-ին, Հոկտեմբերյանի շրջանի Երասխահուն գյուղում: 1983-85թթ. ծառայել է խորհրդային բանակում: Բանակից վերադառնալուց հետո՝ 1985թ., ընդունվել է համամիութենական իրավաբանական հեռակա ինստիտուտ, որն էլ ավարտել է 1991թ.-ին եւ ստացել իրավաբանի որակավորում: Նա 1990թ. անդամագրվել է «Էջմիածին» կամավորական ջոկատին եւ դրա կազմում մասնակցել մարտական գործողությունների: 2001թ. ՀՀ նախագահի հրամանով նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում: Իր ներկայիս պաշտոնին Երանոսյանը նշանակվել է 2012թ. ապրիլին, ՀՀ նախագահի հրամանով: Իսկ արդեն այս տարվա ապրիլին, կրկին ՀՀ նախագահի կողմից, արժանացել է գեներալ-լեյտենանտի կոչման:
Ինչպես արդեն նշեցինք՝ նա եղել է «Էջմիածին» կամավորական ջոկատի անդամ, կռվել է «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորած կամավորական հինգերորդ բրիգադի կազմում: Երկար տարիներ՝ գիտակից կյանքում, Լեւոն Երանոսյանը միշտ եղել է Մանվել Գրիգորյանի կողքին թե՛ բանակում, թե՛ երկրապահում: Սակայն այդ մտերմությանը վերջ դրվեց 2008թ-ին, երբ Մանվել Գրիգորյանն ինչ-որ ակնարկներ արեց, թե միանում է Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը: Հենց այդ ժամանակ էլ, ի թիվս մի շարք գեներալների, Լ.Երանոսյանը նույնպես դիմում է գրում եւ դուրս գալիս «Երկրապահ»-ից: Նա պատճառաբանում է, թե դուրս է գալիս ԵԿՄ-ից, քանի որ այն շեղվում է իր ուղուց: Հենց այս քայլով էլ Երանոսյանը փրկեց բանակային N կորպուսի հրամանատարի պաշտոնը:
Չնայած արդեն վեց տարի է անցել, բայց մինչեւ հիմա Լ. Երանոսյանն ու Մ. Գրիգորյանը գրեթե թշնամական հարաբերություններ մեջ են, քանի որ ԵԿՄ նախագահը նրան համարում է դավաճան, ով նեղ պահին թողեց նրան եւ «թռավ»: Լեւոն Երանոսյանը նաեւ Սերժ Սարգսյանի մտերիմն է եւ երկար տարիներ հավատարիմ ծառայում է նրան: Հենց այդ հավատարմության եւ մտերմության շնորհիվ էլ ՀՀ նախագահի կողմից արժանացել է տարբեր պարգեւների ու, վերջապես, նշանակվել ներքին զորքերի հրամանատար: Նա համարվում է Սերժ Սարգսյանի կուլիսային բանակցողներից մեկը, սակայն ազատամարտիկների ծեծի դեպքում չափն անցավ եւ ամեն ինչ ձախողեց, որի համար էլ նկատողություն ստացավ ոստիկանապետից, բայց, իհարկե, «ձեւական»:
Նշենք, որ գեներալ Երանոսյանի անվան հետ բազմաթիվ դեպքեր կան կապված, այդ թվում եւ՝ Լոռու մարզի անտառահատումների թեման: Բանակային N կորպուսի հրամանատար լինելու տարիներին նա փայտի բիզնես էր անում. դրանք կտրում էր եւ վաճառում, բնականաբար, զինվորների օգնությամբ: Այդ ամենը նա կատարում էր գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանի հետ:
Այս ամենից հետո Լ.Երանոսյանի հրամանով երկու հրամանատարներ Երեւանի կենտրոնում ծեծի ենթարկվեցին, իսկ նա էլ դեռ «գլուխ էր գովում»:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՆՖԼԻԿՏԸ ՍԱՌԵՑՎԵՑ
Երեկ առավոտյան Երեւանի մի քանի երթուղիների վարորդներ գործադուլ էին հայտարարել. նրանք պահանջում էին վերանայել հասարակական տրանսպորտի սակագինը: Արդյունքում՝ քաղաքացիներն օրվա տարբեր ժամերի կանգառներում անհույս սպասում էին հասարակական տրանսպորտին:
Երեկ վարորդների դժգոհությունների մասով լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը նշեց, թե իրենց գրավոր եւ բանավոր դիմումներին Երեւանի քաղաքապետարանը չի պատասխանում: «Ավելին՝ քաղաքապետարանից պարտադրում են շարունակել փոխադրումները՝ ելնելով պայմանագրի պահանջից, որ պետք է առնվազն 40 օր առաջ դիմում գրել, որ հրաժարվում են գիծը սպասարկելուց: Բայց նշեմ, որ մոտ 300 դրամ պետք է կազմի հասարակական տրանսպորտի գինը, որպեսզի շահավետ լինի սպասարկումը»,-հայտարարեց Եղիազարյանը:
Ի դեպ, վարորդները պահանջում են, որ տրանսպորտի ուղեվարձի բարձրանալուց հետո մի մասը փոխհատուցի Երեւանի քաղաքապետարանը, իսկ մյուս մասը՝ ուղեւորը: Իսկ եթե քաղաքապետարանը վարորդների այս առաջարկին չհամաձայնի, Եղիազարյանը նշեց, որ այս դեպքում արդեն վարորդները պետք է որոշեն՝ դո՞ւրս գալ աշխատանքի, թե՞ ոչ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհող վարորդները հայտարարեցին, որ գազալցակայաններում գազի գնի ավելացված մասն իրենք իրենց գրպանի հաշվին են վճարում: Այս պատճառով նրանք հիմա պահանջում են, որ «գծատերերն» իրենց հասույթի պլանը նվազեցնեն, որն օրական կազմում է 11.500 դրամից մինչեւ 14.500 դրամ:
Վարորդների եւ քաղաքային իշխանության միջեւ հասունացած կոնֆլիկտն առայժմ սառեցված է: Թեեւ հարցը ժամանակավորապես լուծում է ստացել, բայց միեւնույն է՝ այն ամեն պահի կարող է նույնությամբ բռնկվել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
«ՑԱՅԳ»-Ը ՎԱՃԱՌՎՈ՞ՒՄ Է
1991 թվականից Գյումրիում գործող տեղական «Ցայգ» հեռուստատեսության շուրջ տարատեսակ խոսակցություններ են պտտվում: Շրջանառվող լուրերի համաձայն՝ «Ցայգ» հեռուստատեսության սեփականատերերը պատրաստվում են հեռուստաընկերությունը վաճառել:
Փորձեցինք պարզել, թե որքանով են իրական հեռուստատեսության մասին պտտվող լուրերը: Մեզ հետ զրույցում «Ցայգ» հեռուստատեսության աշխատակից, պրոդյուսեր Նազենի Բաղդասարյանը, ով նաեւ հեռուստատեսության սեփականատերերից մեկի՝ Մարգարիտա Մինասյանի դուստրն է, ոչ միայն հերքեց, այլեւ անհեթեթ համարեց խոսակցություններն այն մասին, որ «Ցայգ»-ի 50 տոկոսը պատրաստվում է գնել Շիրակի մարզը ներկայացնող պատգամավոր Արման Սահակյանը:
Ն. Բաղդասարյանի հետ ունեցած զրույցից անմիջապես հետո մեզ հետ հեռախոսակապ հաստատեց հեռուստատեսության սեփականատեր Մարգարիտա Մինասյանը՝ առավել մանրամասն ներկայացնելով իրավիճակը:
Այն, որ նմանատիպ լուրեր քաղաքում եւ այլուր պտտվում են, ըստ Մ. Մինասյանի, արդեն հինգ տարի է, եւ հոգնեցրել են իրեն:
«Իմ անունից կարող եք հայտարարել, որ հեռուստատեսությունը չի վաճառվում, պարզապես ունի մի քանի սեփականատեր, մեկը ես եմ, մյուսը ամուսիններ են: Ի դեպ, հենց մյուս սեփականատիրոջ՝ Արթուր Կիրակոսյանի երեխաների քավորը պատգամավոր Արման Սահակյանն է: Ըստ երեւույթին նրա անունը հենց այս նպատակով էլ շահարկվում է, իրականում պատգամավորը «Ցայգ»-ի հետ այլ կերպ չի առնչվում»,-ասաց հեռուստատեսության սեփականատերը: Ավելացրեց նաեւ, որ հեռուստատեսության վաճառքի հետ կապված լուրերը նոր թափ են առել վերջին ամիսներին առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով:
«Քանի որ «Ցայգ»-ի հաղորդումներն արդեն իսկ հեռարձակվում են թվայնացված տարբերակով, մենք տեխնիկայի հետ որոշ խնդիրներ ունենք: Գյումրի քաղաքի ազգաբնակչության մի մասին մեր հաղորդումները դեռ հասանելի են անալոգ տարբերակով: Շատերի կարծիքով հեռուստատեսությունը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի, եւ ստիպված պիտի վաճառվի:
Մեր նոր տեխնիկան ճանապարհին է, բերվում է Չինաստանից, այնպես որ շուտով այս հարցն էլ կլուծվի»,- եզրափակեց հեռուստատեսության սեփականատերը՝ մեկ անգամ եւս իր եւ մյուս սեփականատիրոջ անունից հայտարարելով, որ «Ցայգ»-ը չի վաճառվում, այլ նոր ձեռքբերումներ կունենա:
ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի