ՆՐԱՆՔ ՎԱՅԵԼՈՒՄ ԵՆ ԿՅԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Տուրիստական գործակալություններն արդեն սկսել են ներկայացնել իրենց հետաքրքիր առաջարկներն ու գայթակղիչ գները: Որպեսզի պարզենք, թե մոտավորապես որքան գումար անհրաժեշտ կլինի ամառվա 10-օրյա հանգիստն ապահովելու համար, զանգահարեցինք մի քանի տուրիստական գործակալություն: Ի դեպ, մատուցվող ծառայություններն ու գները չափազանց բազմազան էին, բայց որ գրպանդ պետք է լիքը լինի, դա միանշանակ է: Ինչպես մեզ հավաստիացրին գործակալություններում, ամենից շատ ամռանը հաճախորդները նախընտրում են գնալ Վրաստան, Իսպանիա, Բուլղարիա, Կիպրոս, Թաիլանդ, Շրի Լանկա, Հունաստան, Իտալիա, Թուրքիա եւ  Հորդանան: Իսկ Դուբայ եւ  Եգիպտոս խորհուրդ է տրվում մեկնել ձմռանը: Ի դեպ, ոչ մի տուրիստական գործակալություն կոնկրետ գին չնշեց, քանի որ ամեն ինչ կախված է հաճախորդի ցանկությունից: Ներկայացնում ենք երեւանյան տուրիստական գործակալություններից մեկի գնացուցակը` գովազդից խուսափելու համար չնշելով գործակալության անունը.
Թաիլանդ` ամբողջական 10-օրյա փաթեթ` 1500 ԱՄՆ դոլար,
Դուբայ` Շարժա, ամբողջական 8-օրյա փաթեթ` 800 ԱՄՆ դոլար,
Թուրքիա` Բոդրում, 15-օրյա փաթեթ` 2200 ԱՄՆ դոլար,
Իսպանիա` 10-օրյա փաթեթ` 1700 ԱՄՆ դոլար,
Հունաստան` 7-օրյա փաթեթ` 1300 ԱՄՆ դոլար,
Բուլղարիա` 10-օրյա հանգիստ` 1500 ԱՄՆ դոլար:
Սակայն այս գնացուցակը միանշանակ չէ, կարող են լինել տատանումներ` կախված հյուրանոցի ընտրությունից եւ այլն: 
Հիմա ներկայացնում ենք Հայաստանի հանգստյան տների մոտավոր գնացուցակը. 
Ծաղկաձոր` 7 օր` 170.000 դրամ, 
Ջերմուկ` 7 օր` 220.000 դրամ,
Սեւան` 8 օր` 160.000 դրամ,
Դիլիջան` 7 օր` 200.000 դրամ,
Աղվերան` 7 օր` 200.000 դրամ:
Կարծում ենք` արդեն պարզ է՝ համեստ աշխատավարձով քաղաքացին դժվար թե կարողանա իրեն նման վայելքներ թույլ տալ: 
“Ժողովուրդ” օրաթերթն ամառվա ընթացքում պարբերաբար կներկայացնի, թե հայտնիները որտեղ են նախընտրում հանգստանալ եւ ինչքան գումար են նախատեսել դրա համար:
ԼՈՒԻԶԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ
-Այս պահի դրությամբ հանգստի գնալու պլաններ դեռ չկան, ունեմ երկու ֆիլմի նկարահանում եւ ներկայացումներ: 
-Փաստորեն, Ձեր ամառն աշխատանքային է լինելու:
-Մեր ընտանիքի բոլոր ամառներն էլ աշխատանքային են լինում, ուղղակի մենք հասցնում ենք փախչել քաղաքից մի 10 օրով, բայց հիմա չեմ կարող ասել, թե դա որ 10 օրը կլինի: 
Մշակույթի ոլորտի մարդկանց կյանքն այնպիսին է, որ պլանավորել չի լինում: Հանգստի պարտադիր գնում ենք, բայց 6 ամիս առաջ դա չենք պլանավորում, լողազգեստը ճամպրուկի մեջ չեմ դնում ու սպասում` ամառը գա:
-Ո՞րն էր Ձեր անցկացրած ամենահիշարժան հանգիստը:
-Եթե ընտանիքիս հետ եմ, բոլոր հանգիստներն էլ շատ հիշարժան ու տպավորվող են: Դա մեր կյանքն է, ու ես մեր կյանքի ամեն մի վայրկյանը սիրում եմ, չեմ կարող որեւէ մի վայրկյան առանձնացնել մյուս պահերից: Հանգստի միշտ ընտանիքով ենք մեկնում, առանց մեր աղջկա չենք գնում, նա շատ ինքնուրույն բալիկ է ու երբեք ոչ մի ձեւով նեղություն չի տվել: Հանգստի գնալուց առաջ էլ իր կարծիքը հարցնում ենք, նա էլ ինձ պես ծով է սիրում, ջրի առկայությունն արդեն հանգիստ է:
-Որոշե՞լ եք, որ երկրում եք հանգստանալու:
-Մի քանի տարբերակներ կան` Իտալիա, Բեյրութ, կամ միգուցե երկուսն էլ` պարզապես ժամանակը ճիշտ բաշխելով: Ուղղակի պետք է նկարահանումներիս հետ հարմարեցնենք: 
-Իսկ ինչքա՞ն գումար եք նախատեսել ամառային հանգստի համար:
-Չգիտեմ, Հրանտը գիտի: Նման հարցերին չեմ խառնվում, ես վայելում եմ կյանքը: Ինձանից հասնում է միայն հանգստանալ: 
ԻՐԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ
-Արդեն սկսել եմ թեթեւանալ գործերից: Քանի դեռ չեմ մեկնել հանգստի, պատրաստվում եմ քաղաքում լողավազան գնալ, իսկ ամռան երկրորդ կեսին, հավանաբար օգոստոսին, կգնամ հանգստանալու, ծով եմ ուզում: 
-Կարողանո՞ւմ եք ամեն տարի գնալ հանգստի:
-Եթե ֆինանսներս ինձ թույլ են տալիս, աշխատում եմ կազմակերպել: 
-Տարվա ընթացքո՞ւմ եք հավաքում գումարը:
-Տարվա մեջ մի տեսակ մտածում ես դրա մասին, եթե ստացվում է` ընթացքում, եթե ոչ` վերջին ամիսներին:
-Մոտավորապես ինչքա՞ն եք նախատեսել ծախսել ամառվա հանգստի վրա:
-2-2.5 հազար դոլար, դա միայն ծախսելու համար եմ նախատեսել:
-Կհիշե՞ք Ձեր անցկացրած ամենաշքեղ հանգիստը:
-Լյուքս հանգիստն ինձ մոտ լինում է, երբ գնում եմ Միացյալ Նահանգներ, քանի որ ունեմ մեծ ընկերական շրջապատ, ապրելու խնդիր չկա, սննդի խնդիր չկա, ես համարում եմ դա ճոխ հանգիստ միայն այն պատճառով, որ շփվում եմ ընկերներիս հետ:

-Այս տարի ԱՄՆ չե՞ք գնալու:
-Այս տարի տղայիս եմ ուղարկում: Ես հաճույքով կգնայի իր հետ, բայց երեւի միայն ինքը գնա: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս