ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿՆՈՋՆ ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ ՄԱՅՐԱՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին է դիմել Աննա Հովսեփյան (անունը փոխված է) անունով ազգանունով մի քաղաքացի, ով Աստծուն հաճելի մի գործ կատարելով` մեծ պատմության մեջ է ընկել ու հիմա հիվանդանոցներ-դատարաններ ճանապարհներին է հայտնվել: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կալանք է դրել «Վիտրոմեդ» վերարտադրողական առողջության կենտրոնի լաբորատորիայում բեղմնավորած սաղմի վրա, որը պետք է արդեն իսկ տեղադրված լիներ փոխնակ մոր արգանդում:

Այս տարվա հոկտեմբերի 6-ին քաղաքացու եւ «Վիտրոմեդ» վերարտադրողական առողջության կենտրոնի միջեւ կնքված «Բժշկական ծառայությունների մատուցման մասին» պայմանագրի համաձայն՝ կենտրոնը պետք է իրականացներ անպտղության բուժում` արտամարմնային բեղմնավորման մեթոդով: Այսինքն` դոնորի սերմնաբջիջների օգտագործմամբ, այնուհետեւ ստացված սաղմերը պետք է տեղադրվեն փոխնակ մոր արգանդի խոռոչ: Ի դեպ, դոնորը Ա. Հովսեփյանի նախկին ընկերն է եղել եւ համաձայնել է դոնոր դառնալ:
Նշենք, որ քաղաքացին ծառայության համար կենտրոնին վճարել է շուրջ 3 մլն դրամ: Այդ գումարի դիմաց սերմնաբջիջներից ստացված թվով 8 սաղմերը, որոնք դեռ հոկտեմբերին պատրաստ էին, պետք է տեղադրվեին փոխնակ մոր արգանդում: Սակայն կենտրոնը, առանց որեւէ պատճառաբանությունների կամ հիմնավորումների, ձգձգել է սաղմը փոխնակ մոր արգանդում տեղադրելու իր պայմանագրային պարտավորության կատարումը: Քաղաքացու պնդմամբ՝ ավելի քան մեկ ամիս է, ինչ «Վիտրոմեդ»-ը «անհիմն կերպով» հրաժարվում է սաղմը տեղադրել փոխնակ մոր արգանդում:
Պարզվում է, որ վերջին փուլում դոնորը հրաժարվել է, որ իր սերմով բեղմնավորած սաղմից երեխա ծնվի, ինչից հետո անմիջապես միջնորդություն է ներկայացրել դատարան՝ սաղմի վրա կալանք դնելու պահանջով: Սակայն այստեղ Աննան պնդում է, որ խախտվել է «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքը. «Դատարանն էլ, որպես հայցի ապահովման միջոց, որոշել է արգելանք դնել սերմնաբջիջի վրա: Դա աբսուրդ է, դա նույնն է` ինչ դոնորը դիմի դատարան` արդեն փոխնակ մոր արգանդում եղած սաղմի զարգացումը սառեցնելու պահանջով: Հաշվի չի առնվել, որ հայցվորն ընդամենը դոնոր է, որը «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ չունի որեւէ իրավունք եւ չի կրում որեւէ պարտականություն օժանդակ տեխնոլոգիաների օգտագործման արդյունքում իրենից սերված երեխայի նկատմամբ: Այսինքն՝ դոնորն իր համաձայնությունը տալուց հետո դադարում է որեւէ իրավունք ունենալ սաղմի նկատմամբ»: Սակայն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը բավարարել է հայցվորի ներկայացրած հայցապահանջը:
Աննա Հովսեփյանն իր հերթին դիմել է դատարան՝ պահանջով՝ պարտավորեցնել «Վիտրոմեդ»-ին կատարելու իրենց միջեւ կնքված պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Բացի այս՝ Աննան նաեւ միջնորդություն է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` վերացնելու ձեւավորված սաղմի հետ որեւէ գործողություն կատարելու արգելքը: Նա միջնորդել է նաեւ արագացված դատաքննություն կատարել, քանի որ սաղմը կրեոտիվ սառեցման պայմանագիրը կնքված է 6 ամսով, որից երկու ամիսն արդեն անցել է:
«Ես կարծում եմ, որ այդ քայլով իմ նախկին ընկերը պարզապես վրեժ է փորձում լուծել ինձանից: Եւ անհասկանալի է, թե ինչու է այս խաղի մեջ խառնվել «Վիտրոմեդ»-ը: Գուցե՞ փոխհամաձայնության են եկել»,-կասկածներ հայտնեց Աննան՝ պատմելով, որ «Վիտրոմեդ»-ն իրեն առաջարկել է անվճար մատուցել նույն ծառայությունները մեկ այլ դոնորի մասնակցությամբ: Սակայն Աննան մերժել է այս առաջարկը:
Աննայի պնդմամբ՝ «Վիտրոմեդ» վերարտադրողական կենտրոնն իր իրավունքները խախտել է, քանի որ, երբ սկսվել է արտամարմնային բեղմնավորման գործընթացը, կլինիկայի տնօրինությունն իրենից չպետք է պահանջեր նոտարով կնքված պայմանագիր: Իսկ երբ դոնորը հրաժարվել է, այդ ժամանակ նոր առիթից օգտվելով՝ կլինիկայի տնօրինությունը քաղաքացուց «անհիմն» պահանջել է նոտարով կնքված պայմանագիրը:
Աննան այս անգամ էլ մեջբերեց «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը, որտեղ խոսք չկա այն մասին, որ նոտարով կնքված պայմանագիրը պետք է կլինիկան պահանջի: Իսկ համապատասխան օրենքի 13-րդ հոդվածում նշված է, որ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց եւ փոխնակ մոր կամ հայտնի դոնորի դեպքում փոխհարաբերությունները կարգավորվում են նրանց միջեւ կնքվող գրավոր պայմանագրերով, որոնք ենթակա են նոտարական վավերացման:
«Ես չեմ պատրաստվում հանձնվել: Այս ամենը կարող է վտանգավոր նախադեպ դառնալ մյուս կանանց համար, ովքեր ցանկանում են մայր դառնալ: Բացի այդ՝ փոխնակ մոր հետ ես պայմանավորվածություններ ունեմ: Նրան մինչ օրս վճարում եմ բուժման կուրսի համար»,- փոխանցեց Աննան:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Վիտրոմեդ» վերարտադրողական կենտրոնի տնօրեն Հակոբ Մելիքյանի հետ, ով ասաց. «Դոնորը եկել է ու մեզ գրություն է տվել, որ չի ցանկանում երեխա ունենալ եւ հետագայում դիմել է դատարան, ու արգելանք է դրվել սաղմի վրա: Սաղմերը մեզ մոտ սառեցված են: Արդեն մենք աշխատանքը կատարել ենք, կլինիկան իր գործն արել է, իսկ տեղադրման համար հիմա արգելանք է դրված, մենք այս պահին չենք կարող հստակ գործողություն անել: Նույնիսկ եթե շատ ցանկանանք տեղադրել, միեւնույն է՝ իրավունք չունենք: Սպասում ենք դատարանի որոշմանը»:
Հուսանք, որ դատական քաշքշուկի մեջ հայտնված երիտասարդ կինը կհասնի արդարության եւ կկարողանա վայելել Աստծո կողմից բոլորին տրված ծնող դառնալու իրավունքը: Թեեւ նա վատառողջ է, բայց գոնե ժամանակակից մեթոդները թույլ են տալիս փոխնակ մոր միջոցով զգալ ծնողական բերկրանքը: Սակայն այս դեպքում էլ դատարաններն են խոչընդոտում Աննային:
«Ժողովուրդ»-ը հետեւողական կլինի՝ պարզելու գործի՝ առայժմ մութ թվացող հանգամանքները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՄԱՐԶԵՐ

ՏԱՌԱՍԽԱԼԻ ԳՐՔՈՒՅԿ
«Ժողովուրդ»-ը Նոյեմբերյանի տարածաշրջանի բազմաթիվ բնակիչներից բողոքներ է ստացել իրենց 1.900 դրամով վաճառված, 88 էջանոց հեռախոսագրքույկի վերաբերյալ: Մարդիկ հեռախոսով են համաձայնություն տվել հեռախոսագրքույկ գնելուն: Վճարելով նշված գումարը, գրքույկն ուսումնասիրելով՝ նոյեմբերյանցիները հասկացել են, որ իրենց խաբել են: Բանն այն է, որ գրքում կան բազմաթիվ տառասխալներ, ամգամ գյուղերի անունների մեջ:
Եւ քանի որ գրքույկում նշված չէ տպաքանակը, պարզ չէ, թե քանի հազար հոգի են խաբվածները: Տեղեկացնենք, որ նոյեմբերյանի տարածաշրջանի հեռախոսային «Տեղեկատուն» տպագրել են Աննա եւ Անի Հովհաննիսյանները: Այնտեղ՝ «Խմբագրության կողմից» խորագրի ներքո, նշված է, որ «Տեղեկատու» գրքի խմբագրությունն արդեն չորրորդ տարին է, ինչ զբաղվում է հեռախոսագրքերի տպագրությամբ: Չորրորդ բառը տառասխալով է գրված՝ չորորդ: Ներկայացված են Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչների բնակարանների հեռախոսահամարները, սակայն «Խմբագրության կողմից» խորագրի տակ գրված է «Հեռախոսագրքում ներկայացված են Տավուշի մարզի, Իջեւանի տարածաշրջանի պատկանող բոլոր գյուղերի բնակիչների անուն-ազգանունները, հասցեները, հեռախոսահամարները»:
«Վայոց Ձորի մարզի բանկերը» խորագրի ներքո ներկայացված են Հայաստանի բանկերի Իջեւանի եւ Նոյեմբերյանի մասնաճյուղերի հասցեները եւ հեռախոսահամարները: Հեռախոսագրքում Նոյեմբերյանի տարածաշրջանի Դովեղ գյուղի անունը գրված է «Դովիղ», Պտղավանը՝ «Շտղավան», Դեբեդավանը՝ «Դեբետավան»: Դովեղ գյուղի Գորգինյան ազգանունով հեռախոսային բոլոր բաժանորդները ներկայացված են որպես Գոգինյան: Հեռախոսագրքում տեղ են գտել վաղուց մահացած մարդկանց անուն-ազգանուններ՝ ինչպես ընտրացուցակներում: Փոքրիկ, 558 բնակիչ ունեցող Դովեղի բաժանորդների տվյալներում կան մահացած 13 մարդու անուն-ազգանուն: Գրքում կան սխալ հեռախոսահամարներ, կրկնություններ, Նոյեմբերյան քաղաքի բնակչի բնակարանի հեռախոսահամարը, չգիտես ինչու, նշված է Դովեղի բնակիչների շարքում:
Հեռախոսագրքում ներկայացված չեն բաժանորդների հայրանունները, ինչը դժվարեցնում է անհրաժեշտ հեռախոսահամարը գտնելը: Նոյեմբերյան քաղաքի հեռախոսային բաժանորդների հայրանունների սկզբնատառերն են նշված:
Մի խոսքով՝ անիմաստ մի գրքույկ:

 

ՉՓՐԿՎԵՑ
Դեկտեմբերի 16-ին Երեւանում՝ Ծերեթելի փողոցում գտնվող 3-րդ մանկական հիվանդանոցում, մահացել է Նոյեմբերյան քաղաքի հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Մհեր Գուրգենի Ամիրաղյանը: Նրա հուղարկավորությունը կկայանա դեկտեմբերի 19-ին: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Աղասի Մահտեսյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ դեկտեմբերի լույս 11-ի գիշերը պատանին կոմայի մեջ տեղափոխվել է իրենց կենտրոն, դեկտեմբերի 12-ին ռեանամոբիլով՝ Երեւան: Իսկ Նոյեմբերյանի հիմնական դպրոցից տեղեկացանք, որ 16-ամյա Մհերը նախկինում ունեցել է առողջական խնդիրներ: Նրանց բազմանդամ ընտանիքը (7 երեխա) սոցիալապես անապահով է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս