Երգչուհի Հռիփսիմե Ելինյանը, ով հեռուստադիտողներին հայտնի է նաեւ «Բարի լույս» ծրագրի շրջանակներում թողարկվող «Երաժշտական խոհանոց»-ից, իր ժամանակի զգալի մասը նվիրում է մանկավարժությանը, ուստի վերջին շրջանում հանդես չի գալիս նոր տեսահոլովակով: «Ֆուլ հաուս» հումորային ծրագրի հերոսներից մեկի՝ Մուշեղի դերակատարի՝ Գրիգոր Դանիելյանի կինը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բացահայտել է ամուսնու բնավորության «թաքնված» գծերը, խոսել հումորիստ ամուսին ունենալու առավելությունների մասին՝ նշելով, որ Գրիգորն իրականում ամենեւին նման չէ իր կերտած վերջին կերպարին: Հռիփսիմեն անդրադարձել է նաեւ իր անվան շուրջ պտտվող որոշ խոսակցությունների:
-Հռիփսիմե՛, այժմ երաժշտական ի՞նչ գործունեություն եք ծավալում: Ինչո՞ւ նոր տեսահոլովակ չեք ներկայացնում:
-Այժմ զբաղված եմ մանկավարժությամբ, դասավանդում եմ Կոնսերվատորիայում, իսկ «Տրիո» ստուդիան, որը ղեկավարում եմ, առաջիկայում կընդլայնի իր գործունեությունը: Ամենաուրախալին այն է, որ օրեցօր բավական մեծ աճ եմ նկատում սաներիս շրջանում: Ինչպես գիտեք՝ մեր ստուդիան իրականացնում է «Երաժշտական խոհանոց» թողարկումը, որը վարում եմ ես, եւ որտեղ ներկայացնում ենք մեր ստուդիայի կատարած աշխատանքը: Եվ քանի որ ժամանակիս մեծ մասը նվիրում եմ սաներիս, չեմ հասցնում մտածել նոր տեսահոլովակի մասին: Սակայն, ինչպես ասում են, մի քիչ էլ պետք է իմ մասին մտածեմ (ծիծաղում է):
-Ձեր ամուսնու եւ որդու հետ մի քանի համատեղ տեսահոլովակ ունեք. կարելի՞ է ասել, որ ընտանեկան բիզնես եք անում:
-Այդ տեսահոլովակները չի կարելի դիտարկել որպես բիզնես, դրանք զուտ մեր ընտանեկան սերն արտահայտելու միջոցներից են:
-Թանկ միջոցներ չե՞ն:
-Թանկ են (ծիծաղում է):
-Եթե հաշվի առնենք, որ Գրիգոր Դանիելյանը թեեւ երգիչ չէ, բայց Ձեզ հետ համատեղ տեսահոլովակ է թողարկում, կարելի՞ է ակնկալել, որ մի օր էլ Դուք կզբաղվեք դերասանությամբ:
-Ո՛չ, ես խիստ կասկածում եմ, որ երբեւէ կզբաղվեմ դերասանությամբ, թերեւս միայն տեսահոլովակիս շրջանակում:
-Խոսակցություններ են պտտվում այն մասին, որ Դուք կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի բարեկամուհին եք, եւ նա օգնում է Ձեզ այս ոլորտում կայանալու հարցում, ի՞նչ կասեք:
-Ո՛չ, ես եւ Երվանդ Երզնկյանն արյունակցական որեւէ կապ չունենք, պարզապես լավ բարեկամներ ենք, ընտանիքներով մտերիմ ենք: Նա Կոնսերվատորիայում մեր էստրադային ջազ-վոկալ ամբիոնի վարիչն է, ժամանակին նրա ղեկավարած նվագախմբում հանդես եմ եկել որպես մեներգչուհի: Իսկ, առհասարակ, իմ կայացման գործում մեծ ներդրում է ունեցել հայրս: Անշուշտ, Երվանդ Երզնկյանն էլ իմ մանկավարժական գործունեության ընթացքում մեծապես օգնել է ինձ:
-Ինչպիսի՞ն է «Ֆուլ հաուսի» Մուշեղի դերակատարը՝ Գրիգոր Դանիելյանը, տանը: Նա, կերպարի խոսքով ասած, «Եվայի» ո՞ր հատկությունը տանել չի կարողանում:
-Շատ լավն է, եթե, իհարկե, տանն է, առհասարակ, նրա առօրյան շատ հագեցած է… Մուշեղի դերակատարն իրական կյանքում չի սիրում եվաների «Ադամ» տեսակը եւ հակառակը (ծիծաղում է): Իսկ, առհասարակ, ամուսինս բացարձակ նման չէ իր վերջին կերպարին. իրականում նա շատ կնամեծար է:
-Հումորիստ-դերասան ամուսին ունենալու առավելությունը ո՞րն է:
-Առավելությունները շատ են, օրինակ՝ նա թեթեւ մարդ է եւ նշանակություն չի տալիս մանրուքներին, բայց, միեւնույն ժամանակ, խիստ է եւ պահանջկոտ: Ամեն հարց չէ, որին Գրիգորը հումորով է վերաբերվում: Միակ բարդությունն այն է, որ նա չափազանց զբաղված է, քանի որ հանդես է գալիս նաեւ որպես սցենարիստ, եւ ես կուզենայի, որ ամուսինս ավելի շատ ժամանակ տրամադրեր ընտանիքին:
-Ինչպես տեսնում ենք՝ Ձեր որդուն արդեն «աստղ» եք դարձրել. նրան Ձեր ասպարեզ մտցնելու միտում ունե՞ք:
-Ասեմ, որ մեր որդին դերասանական տաղանդ ունի, նաեւ շատ լավ երգում է, բայց ամենից շատ սիրում է նկարել: Իսկ նրան մեր ասպարեզ մտցնելու նպատակ, որպես այդպիսին, չունենք: Երեխան ինքը հետագայում կորոշի՝ որ ոլորտում է ուզում լինել:
«ՄԵՆՔ ՉՈՒՆԵՆՔ ՖԻԼՄ ՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ»
Արթուր Վարդանյանը, ի թիվս այլ հայ ռեժիսորների, Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ լծվել է մեր ազգի համար կարեւորագույն այս թեմայով նոր ֆիլմի նկարահանումների նախապատրաստական աշխատանքներին՝ իր առջեւ, սակայն, դնելով մեկ հիմնական խնդիր՝ Ցեղասպանության թեման հասու դարձնել թուրք երիտասարդությանը: «Կանն»-ի կինոփառատոնի շրջանակում ցուցադրված «Կշեռք» ֆիլմի ռեժիսորը «Ժողովուրդ»-ի հետ զրուցել է նաեւ հայ կինոյի մեծ բացի մասին:
-Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ պատրաստվում եք նկարահանել ֆիլմ՝ որպես թիրախային լսարան նախատեսելով թուրք երիտասարդությանը, եւ եթե չեմ սխալվում՝ Ձեր գլխավոր հերոսուհին իրական կերպար է, այո՞:
-Այո՛, թեեւ ֆիլմը նկարահանվում է Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, իմ հիմնական նպատակն է ստանալ համամարդկային բնույթի հոգեբանական դրամա: Գլխավոր հերոսուհին Մեծ եղեռնի ականատեսներից է եղել, ում մանկությունն անցել է գերեվարության մեջ, եւ ով ունի հոգեկան խնդիրներ: Ես՝ որպես ռեժիսոր, ձգտում եմ ցեղասպանության թեման հասու դարձնել թուրք երիտասարդությանը, որը կարող է օղակ հանդիսանալ թուրքական իշխանության եւ հասարակության միջեւ: Եթե կարելի է ինչ-որ բան փոխել, ապա դա հնարավոր է անել երիտասարդների շրջանում: Բացի այդ՝ պատրաստվում եմ ստեղծել այնպիսի պրոդուկտ, որը հասու կլինի նաեւ դրսի հանդիսատեսին:
-Այսօր Հայաստանում ի՞նչ որակի, ի՞նչ բնույթի ֆիլմերի պակաս եք տեսնում:
-Շատ եմ ուզում, որ հայկական կինոն վերածնվի: Մեզ մոտ չկան ֆիլմեր մարդու մասին: Պետք չէ հիմնվել վերամբարձ գաղափարների ու լոզունգների վրա, պարզապես հարկավոր է ներկայացնել մարդուն, ասեմ ավելին՝ այսպես կոչված՝ «փոքր մարդուն», այսինքն՝ հասարակ մարդուն, բայց իրական հերոսին: Իմ՝ Ցեղասպանության թեմատիկայով ֆիլմն էլ լինելու է հենց մարդու մասին:
-Ինչպես կինոյի ոլորտում, տեսահոլովակների դեպքում եւս նկատվում է դրսի ազդեցությունը հայկական շուկայի արտադրանքի վրա: Այս հանգամանքը կարո՞ղ է խնդրահարույց լինել, եւ Դուք ի՞նչ լուծում եք տեսնում:
-Ինքս նկարահանում եմ ժողովրդական, հայրենասիրական բնույթի տեսահոլովակներ, որոնցում արտացոլում եմ մեր ազգային ավանդույթները, սովորույթները, ներկայացնում մեր արժեքները: Եվ որպեսզի դրսի ազդեցությունից խուսափենք, պետք է նկարահանենք մեր ազգային մտածողությանը համահունչ տեսահոլովակ, լուծենք ինքներս մեզ հետ ներդաշնակվելու խնդիրը: Սա է ելքը:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ՄԻՍՏՐ X-Ը ՆՇԱՆԱԴՐՎԵԼ Է
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արթուր Հակոբյանը՝ նույն ինքը՝ Միստր X-ը, եւ երգահան-հաղորդավարուհի Սվետլանա Բոսնոյանը պատրաստվում են օրինականացնել հարաբերությունները: Այժմ արդեն հայտնի է, որ զույգը նշանադրվել է: BRAVO.am-ի փոխանցմամբ՝ զույգի սիրավեպը սկսվել է Արթուրի հեղինակած մի գեղեցիկ երաժշտությունից, որի համար նա երկար ժամանակ խոսքերի հեղինակ է փնտրել: «Ունեինք ընդհանուր ընկեր, ով պետք է մեզ ծանոթացներ համագործակցության նպատակով, սակայն երկուսիս զբաղվածության պատճառով հանդիպումը չէր ստացվում: Եվ, ահա, մի օր ընկերուհուս ծննդյան տարեդարձին պատահաբար հանդիպեցինք եւ քանի որ իրար մասին արդեն լսել էինք, էլ չսպասեցինք ծանոթի միջնորդությանը»,-պատմել է Սվետլանան, իսկ Արթուրն էլ հավելել է, որ սիրահարվել է առաջին հայացքից:
Զույգը համատեղելու է անձնական եւ գործնական հարաբերությունները. «Արդեն աշխատում ենք նոր երգերի ստեղծման վրա, որոնց թվում կլինի մեր ծանոթության առիթ հանդիսացող երգը: Գերադասում եմ ոչ թե լինել Արթուրի տեսահոլովակում, այլ նրա կյանքի հերոսուհու կերպարում»,-նշել է Սվետլանան:
ՀԱՆՈՒՆ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ
Ջորդան Ջեյմս Փարք անունով մեկը Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի մի քանի դրվագ դիտելուց հետո 150.000 դոլար է վճարել՝ մեր հայրենակից, շոուի աստղ Քիմ Քարդաշյանին նմանվելու համար: «Ես սիրում եմ այն ամենը, ինչ կապված է Քիմի հետ: Նա աշխարհի ամենահմայիչ ու կատարյալ կինն է»,-ի լուր աշխարհի՝ հայտարարել է ոճաբանը: Նա նաեւ հեգնել է այն մարդկանց, ովքեր իրեն «պլաստիկ կեղծիք» են անվանում:
ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ
Երեկ կիբերհանցագործները համացանցում տեղադրել էին փոփի թագուհի Մադոննայի՝ «Unapologetic Bitch» անունը կրող նոր ալբոմը, որը պետք է թողարկվեր 2015-ին: Երգչուհին Instagram-ի իր էջում կատարվածը մեկնաբանել է որպես բռնություն եւ ահաբեկչություն:
«Ինչո՞ւ են մարդիկ ցանկանում վերացնել ստեղծագործական աշխատանքը, ինչո՞ւ են ուզում գողանալ, չեն թողնում ավարտել ալբոմը»,-վրդովված գրել է երգչուհին: