ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ Կառավարության պաշտոնական կայքից
Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդեւից հետ չմնալով, շրջել է Երեւանի սուպերմարկետներով, դրամի փոխանակման կետերով՝ պարզելու, թե իրականում ինչ է կատարվում դրամ-դոլար փոխարժեքի տատանումների պայմաններում: Այս կերպ երեւի թե ՀՀ վարչապետը փորձում է հանրությանն ապացուցել, որ իշխանությունն իսկապես մտահոգ է սպառման ոլորտում առկա իրավիճակից: Հուսանք, որ Հովիկ Աբրահամյանի այցը կսթափեցնի եւ «կզսպի» սպեկուլյանտներին:
ՀԱՐՑ. Աշխատում եմ ԱԱԾ-ում: Ցանկանում եմ սպառողական վարկ վերցնել: Կցանկանայի տեղեկանալ՝ այս դեպքում բանկն առավելագույնը որքա՞ն գումար կարող է ինձ տրամադրել, եթե աշխատավարձի չափը կազմում է 170.000 դրամ: Հնարավո՞ր է իմ դեպքում ավելի ցածր տոկոսադրույքից օգտվել:
Հայկ Սաղաթելյան (35 տարեկան, ծառայող)
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում):Դրական վարկային պատմության առկայության դեպքում եւ 170.000 ՀՀ դրամ աշխատավարձով մեր բանկում հնարավոր է վարկավորվել միայն գույքի գրավադրմամբ սպառողական վարկատեսակով հետեւյալ սահմանաչափերով՝
Ավտոմեքենայի գրավով «Նեցուկ» վարկատեսակ.
ա/ 20% տարեկան տոկոսադրույք, վարկը տրամադրվում է անկախ գնահատողի կողմից ավտոմեքենայի գնահատված լիկվիդային արժեքի մինչեւ 50%-ի չափով /գրավադրման ենթակա է Եվրամիության անդամ հանդիսացող երկրների՝ Ճապոնական, ԱՄՆ, Կորեական արտադրության մինչեւ 10 տարի վաղեմության մեքենաները, այլ երկրների կողմից` մինչեւ 5 տարվա վաղեմության, 36 ամիս մարման ժամկետով, սակայն ոչ ավել, քան 3 մլն ՀՀ դրամ, այս վարկատեսակն ընտրելու դեպքում պահանջվում է եկամուտը հավաստող փաստաթուղթ:Հաճախորդի ծախսերը հետեւյալն են` 5.000 ՀՀ դրամ՝ վարկային հայտի ուսումնասիրություն, 25.000 ՀՀ դրամ՝ վարկի տրամադրման վճար, 1.200 ՀՀ դրամ՝ դրամային հաշվի տարեկան սպասարկում, 2.000 ՀՀ դրամ՝ ամսական վարկի սպասարկման վճար, մեքենայի գնահատման ծախսերը` ըստ բանկի հետ համագործակցող, գնահատող ընկերությունների սակագների:
Եթե Ձեր գործատուի հետ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ունի կնքած աշխատավարձային քարտերի սպասարկման պայմանագիր, ապա Դուք կարող եք վարկավորվել սպառողական վարկով աշխատավարձի եռապատիկի չափով, 18 ամսով, 21 % տարեկան տոկոսադրույքով /արժույթը՝ ՀՀ դրամ/: Տվյալ վարկատեսակով նախատեսվող հաճախորդի ծախսերն են` 3.000 ՀՀ դրամ՝ միանգամյա քարտի սպասարկման վարձ եւ 3 % քարտից կանխիկացման միջնորդավճար: Եթե Ձեզ անհրաժեշտ է առանց գրավի սպառողական վարկ, ապա այն կարող է դիտարկվել, եթե Դուք Ձեր աշխատավարձը ստանում եք Կոնվերս բանկի կողմից տրված աշխատավարձային քարտով: Գործատուի եւ Բանկի միջեւ կնքված աշխատավարձային վճարային քարտերի տրամադրման պայմանագրի առկայության դեպքում սահմանվում են որոշակի արտոնություններ:
Կոնվերս բանկ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իսկապես, երկրում տիրող տնտեսական լարված իրավիճակում մարդիկ ընկել են բանկերի «դուռը»՝ փորձելով գրավադրման տարբեր եղանակներով գոյատեւելու միջոցներ գտնել: Ցավոք՝ նույնիսկ պետական ծառայողները:
ՀԱՐՑ. Ի՞նչ արտոնություններից կարող է օգտվել հաշմանդամություն ունեցող ուսանողը՝ ուսումնական հաստատություն ընդունվելիս:
Կարեն Վարդանյան (20 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հաշմանդամների միջնակարգ, միջնակարգ-մասնագիտական եւ բարձրագույն կրթությունն իրականացվում է ընդհանուր տիպի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հատուկ ուսումնական հաստատություններում:
Ընդունելության քննությունների ընթացքում հաշմանդամների եւ մյուս դիմորդների համար հավասար պայմաններ ստեղծելու նպատակով իրականացվում են համապատասխան միջոցառումներ՝ ՀՀ Կառավարության սահմանած կարգով: Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած հաշմանդամներն այլ հավասար պայմանների դեպքում օգտվում են պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու առաջնահերթ իրավունքից:
Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամները եւ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք ընդունվում են պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ՝ վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում:
Պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունված 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամների եւ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց ուսուցման ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Նրանց թվից ցերեկային ուսուցման հաշմանդամներին, հերթական քննությունները եւ ստուգարքները դրական գնահատականներով հանձնելու դեպքում, վճարվում է կրթաթոշակ՝ անկախ ստացվող նպաստից կամ թոշակից:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ հաշմանդամություն ունեցող որոշ խմբերի հնարավորություն տրվում է հատուկ պայմաններով ընդունվել բուհեր, սակայն տեխնիկական եւ բովանդակային առումով բուհերը պետք է հարմարեցվեն նաեւ հասարակության այս խմբին ծառայելու համար, քանի որ շատ դեպքերում ոտնահարվում են նրանց իրավունքները: