ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` «ԱԽՊԵՐՈՒԹՅԱՆ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե քաղաքական ուժերը հրաժարվելով կոալիցիա կազմել իշխող Հանրապետական կուսակցության հետ, հասկանում են, որ առաջիկայում հնարավոր է՝ իշխանությունները փոխվեն: Մեր զրուցակիցը նշեց, որ այժմ Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլոր քաղաքական ուժերը հրաժարվում են «նստել» վերջին վագոնը:

-Պարոն Կարապետյան, ի հակառակ շատերի սպասելիքներին` ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ ՀՅԴ-ն հրաժարվեցին կոալիցիա կազմել իշխող ՀՀԿ-ի հետ: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ՀՀԿ-ն հայտնվեց նման իրավիճակում:
-Կարծում եմ՝ բոլորն էլ հասկանում են, որ շուտով իշխանությունները փոխվելու են, դա ընդհանուր բան է, դա միայն այստեղ չէ: Կար համակարգ, որը ոչ միայն այստեղ էր, այլեւ Մոսկվայում էր, ԱՊՀ մյուս երկրներում, եւ հիմա պարզ է, որ այդ համակարգը փոխվելու է: Ուկրաինայի դեպքերն ու ընթացող զարգացումները ցույց են տալիս, որ համակարգը փոխվելու է: Ու պարզ է, որ ինչքան մարդ կա, որն ունակ է մտածելու, հասկանում է, որ եթե այդ համակարգը փոխվելու է, ապա փոխվելու է բավականաչափ հիմնովին, ու, հետեւաբար, ինչ կարիք կա այդ համակարգում աշխատել: Իմ կարծիքով՝ այժմյան իրավիճակը մի գնացք է, որի վերջին վագոնը ուր նստեցիր` տանելու է, հիմա ոչ ոք չի ցանկանում այդ վագոնը նստել:
-Բայց պարոն Կարապետյան, այս օրերին առավել տարածված է այն տեսակետը, որ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը լուրջ պաշտոններ են պահանջել Սերժ Սարգսյանից եւ քանի որ չեն կարողացել այդ պաշտոնները «կիսել», դրա համար էլ նման որոշում են կայացրել:
– Ես քաղաքական բան ասացի ձեզ, բայց, իհարկե, ճիշտ եք. Հայաստանը մի քիչ այլ երկիր է, կլինի, նման բան էլ կլինի: Իսկ միգուցե նորանշանակ վարչապետի կերպարն է որոշների համար ոչ ընդունելի եւ այլն: Այսինքն՝ այս ամենի հետեւանքը տարբեր բաներ կլինեն: Բայց ես մնում եմ իմ կարծիքին, որ որպես քաղաքական ուժեր, 2017 թվականի ընտրությունների ժամանակ (եթե, իհարկե, այսպես գնա, որը քիչ հավանական է) բոլորը լինելու են խիստ ընդդիմադիր: Քանի որ Սերժ Սարգսյանն այլեւս իրավունք չունի առաջադրվելու, կլինի խիստ ընդդիմադիր ընտրություն` թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական: Բոլորը շատ արագ դառնալու են ընդդիմադիր:
-Իսկ բոլոր քաղաքական ուժերի կողմից այսպես «լքված» Սերժ Սարգսյանն ի՞նչ պետք է անի: Ձեր կարծիքով՝ ո՞րը կլինի Ս. Սարգսյանի կողմից ամենաճիշտ որոշումը:
-Թե Սերժ Սարգսյանն ինչ պետք է անի, ոնց պետք է անի, ես դա ասել եմ տարիներ առաջ: Ես տարբեր հարցազրույցների ժամանակ հայտարարել եմ, որ Սերժ Սարգսյանն ամենադժբախտ քաղաքական գործիչն է` այն տեսակետից, որ ցիկլի վերջում է գալիս ու այդ բոլոր 3-ի (ՀՀ 3 նախագահների- Ս. Գ.) պատասխանը պետք է տա ինքը:
-Բայց ՀՀԿ-ականները հայտարարում են, որ քաղաքական մյուս ուժերի հետ կոալիցիա չկազմելով` իրենք առավել շահեկան վիճակում են, քանի որ այս դեպքում իրենք կհասկանան՝ ո՞ր հարցում են մեղավոր, որտեղ են ճիշտ կամ սխալ, եւ իրենք էլ կկրեն ամեն ինչի պատասխանատվությունը` միայնակ:
-Ինչքան ես հասկանում եմ, այդպես չէ… դրա համար եմ ասում՝ Հայաստանը քաղաքագիտական առումով հետաքրքիր է, օրինակ՝ Պլատոնն այստեղ կլացեր: Աշխարհը գիտի կոալիցիոն կառավարություններ, գիտի տեխնիկական կառավարություններ, այսինքն՝ կա՛մ կուսակցությունները հավաքվում եւ կոալիցիա են կազմում, կա՛մ մի կուսակցությունը մշակում է տեխնիկական կառավարություն: Կա նաեւ երրորդ տիպը, որը հատուկ է դիկտատուրային. երբ հաղթող կուսակցությունն ինքն էլ կազմում է կառավարությունը: Հիմա մեզ մոտ՝ Հայաստանում, ի՞նչ է ստացվում. մեզ մոտ կար կոալիցիոն կառավարություն, որը հիմա էլ կոալիցիոն չէ, տեխնիկական՝ տեխնիկական էլ չէ, որովհետեւ վարչապետը կուսակցական է: Եթե ստեղծվի իրավիճակ, որ մարդիկ պետք է դուրս գան կուսակցություններից եւ մտնեն այդտեղ ու չլինեն Հանրապետական կուսակցության անդամ, ուրեմն դա միակուսակցական էլ չէ: Այսինքն` Հայաստանում ախպերություն է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 
ԼՈՒՐԵՐ

ԲՀԿ-Ի «ՆԵՐԿԱՆ» ՈՒ «ԲԱՑԱԿԱՆ»
ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Քոչարյանի անունից անցյալ շաբաթ Աժ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովին դիմում էր ներկայացվել մանդատը վայր դնելու վերաբերյալ, սակայն օրեր անց դիմումը հետ վերցվեց: Պատգամավորն իր գործողությունները պատճառաբանեց անձնական խնդիրներով, որ հաճախ է բացակայում երկրից եւ դրա մասին տեղյակ է պահել կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին` իր պատգամավոր մնալու հարցը թողնելով վերջինիս որոշմանը:
Հաճախակի բացակայող պատգամավորն արդյոք խմբակցության արդյունավետ աշխատանքին չի՞ վնասում` «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Արդյունավետությունը եւ ՀՀ-ից բացակայելը միշտ չէ, որ իրար հետ կապակցված հարցեր են: Ինչ վերաբերում է Դավիթ Քոչարյանին, ապա հարցը նուրբ երանգներ ունի եւ, բնականաբար, ես չեմ ցանկանում որակումներ տալ: Ճիշտ կլինի, որպեսզի իր հայտարարության շրջանակներում մնանք»:

 

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳՈՐԾՈՒՂՈՒՄ
Չնայած նախորդ շաբաթ Արթուր Բաղդասարյանի ղեկավարած ՕԵԿ-ը հայտարարեց իշխանական կոալիցիան լքելու մասին, սակայն անձամբ Բաղդասարյանը չի կարողանում կտրվել իշխանությունից: Նա շարունակում է պաշտոնավարել որպես ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ավելին` նույնիսկ մեկնել Մոսկվա` գործուղման: Փաստորեն ստացվում է, որ ՕԵԿ-ն այլեւս իշխանության մեջ չէ, բայց ՕԵԿ ղեկավարն օգտվում է իշխանական բոլոր առավելություններից` ծառայողական բնակարան, ծառայողական ավտոմեքենաներ, թիկնազոր, գործուղումներ եւ վերջապես` բարձր աշխատավարձ: Միայն թե, խոստովանենք, սա այնքան էլ ազնիվ չէ, երբ մի կողմից՝ կուսակցությունը հայտարարում է ընդդիմիություն դառնալու մասին, մյուս կողմից` կուսակցության ղեկավարը շարունակում է պաշտոնավարել պետական բարձր դիրքում:

 
ՓՈԽԱՐԻՆՈՂՆԵՐԸ
Դավիթ Հարությունյանի՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար նշանակվելուց հետո ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնը «բաց» է մնում: Դեռեւս որոշված չէ, թե Դ. Հարությունյանին ով է փոխարինելու պատվիրակությունում: Տեղեկություններ կան, որ հնարավոր է՝ Դ. Հարությունյանին փոխարինի ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանը: Սակայն պատգամավորը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն այդ առումով որեւէ տեղեկություն չունի, եւ առաջարկություն էլ չի եղել: Իսկ դիտարկմանը, թե առաջարկ լինելու դեպքում կհամաձայնի՝ ասաց. «Կմտածեմ»: Բաց է մնում նաեւ ԱԺ-ում գազի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը: Տեղեկություններ կան, որ Դ.Հարությունյանի փոխարեն կնշանակվի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե այդ հարցը ՀՀԿ-ում դեռ չի քննարկվել: Իսկ հարցին, թե կցանկանաք գլխավորել հանձնաժողովը, Մինասյանը նշեց. «Հազիվ թե… »:




Լրահոս