ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՀՐԱԺԱՐՎԻ՞ ԻՐ ՏՈԿՈՍՆԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ պաշտոնական վիճակագրության` 2011թ. Հայաստանում եղել է 19 հազար 862 հատ մանրածախ առեւտրի օբյեկտ: 2012թ. այդ թիվը նվազել է՝ դառնալով 19 հազար 22, իսկ 2013թ-ին` մանրածախ առեւտրի օբյեկտների քանակը կտրուկ պակասել է` դառնալով 17 հազար 91:

Տնտեսագետները սիրում են շեշտել, որ «Վիճակագրությունը չի ստում, ստում են վիճակագիրները»: Այսինքն՝ միայն վիճակագրական տվյալներով, արդեն իսկ ակնհայտ է, որ փոքր եւ միջին բիզնեսը վերջին մի քանի տարում Հայաստանում ուղղղակի տեռորի է ենթարկվել: Իսկ փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ տեռորը սկսվեց այն պահից, երբ Տիգրան Սարգսյանն իր պաշտոնավարման սկզբում հայտարարեց օլիգոպոլիաների դեմ պայքարի մասին: Խոսքով օլիգոպոլիաների, իսկ գործով հարկային բեռի մամլիչի տակ մտցնելով փոքր ու միջին բիզնեսը, Հայաստանի տնտեսությունն ի վերջո հասավ տնտեսական կրախի ու հիմա նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր առաջ խնդիր է դրել բարելավվել գործարար միջավայրը:
«Որեւէ միջամտություն բիզնեսին, անարդար խոչընդոտ չի կարող լինել: Պետք է բոլորը հասկանան, որ այդ դաշտն ազատ է, գործելու են օրենքի շրջանակում, եւ որեւէ մեկը խոչընդոտ չի ստեղծելու: Ես հետեւողական եմ լինելու, յուրաքանչյուր ներդրող պետք է հասկանա, որ ինքն ապահով ձեռքերում է` օրենքի շրջանակում: Ով ցանկանում է զբաղվել բիզնեսով, մենք նրա կողքին ենք լինելու»,-կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ ասել է Հովիկ Աբրահամյանը: ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանն էլ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, թե իրենք նախաձեռնել ու մշակել են օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որոնք միտված են Հայաստանում ձեռնարկատիրության զարգացմանը: Մասնավորապես, օրենսդրական փոփոխությունները վերաբերում են ՀՀ-ում այլընտրանքային հարկային ստուգումների ինստիտուտի ներդրմանը, փոքր ու միջին ձեռնարկատիրության համար շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցմանը, հորիզոնական մոնիթորինգի համակարգի ներդրմանը ու սպասարկման ոլորտի ծառայությունների ավտոմատացմանը:
Սակայն կարո՞ղ է արդյոք Հովիկ Աբրահամյանը բարելավվել բիզնես միջավայրը: Հազիվ թե: Սա ոչ թե պարզ թերահավատություն է, այլ` նման պնդումներ անելու հնարավորություն է տալիս իրավիճակի վերլուծությունը: Նախ` նույն Հովիկ Աբրահամյանը (պաշտոնական փաստաթղթերով` նրա որդին), ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանը, ով խոսում է բիզնեսի բեռը թեթեւացնող օրենսդրական փոփոխությունների մասին, կառավարության եւ ԱԺ մեծամասնությունը, այդ թվում նաեւ իշխանության մաս չկազմող քաղաքական հայտնի ուժերից շատերը խոշոր գործարարներ են: Կարելի է ասել՝ հենց նրանք են կազմում հայաստանյան օլիգարխիայի սյունը: Եվ վերջապես բիզնես բուրգի գլխին կանգնած են նախկին եւ ներկա նախագահները: Ուրեմն` հազիվ թե նման իրավիճակում իշխանությունները կարողանան իրենց «հակառակորդի»` փոքր ու միջին բիզնեսի համար տեսանելի քայլ անել` հրաժարվելով իրենց տոկոսներից ու գերշահույթներից: Ի վերջո, ժողովրդական իմաստնությունը, թե «գողն ավելի բարձր է գոռում, բռնեք գողին», միշտ արդիական է, եւ ավելի քան ակնհայտ էր Տիգրան Սարգսյանի պարագայում, երբ հայտարարելով օլիգոպոլիաների դեմ պայքարի մասին, ի վերջո ինքը դարձավ օլիգարխ:
Մյուս կողմից՝ եթե անգամ Հովիկ Աբրահամյանը որոշի նման կտրուկ քայլերի դիմել, չի կարող մտադրությունն իրականություն դարձնել, եւ շատ կարճ ժամանակ անց նա կհանդիպի համակարգի դիմադրությանը, եթե այդ որոշումը ընդունված չլինի հենց համակարգի կողմից, այլապես արժանանալու է իր նախորդի ճակատագրին: Բացի այդ նորանշանակ վարչապետը ռազմավարական ծրագրերի առումով չի կարող որեւէ էական փոփոխություններ առաջարկել, քանի որ ՀՀԿ-ի խորհրդի նիստում, ներկայացնելով Հովիկ Աբրահմայանին, Սերժ Սարգսյանը սահմանել է խաղի կանոնները. «Կառավարության աշխատանքները կազմակերպվելու են ձեռքբերված հաջողությունները ներկայացնելու եւ դրանց վրա հիմնվելով առաջ գնալու, այլ ոչ թե նախկին կառավարությանը պախարակելու ճանապարհով»:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի վերոնշյալ հայտարարություններին, ասաց, որ խոշոր հաշվով անիմաստ է համարում դրանց մասին խոսելը: «Երբ տնտեսության մեջ մրցակցություն լինի, երբ մենաշնորհները վերանան, երբ կոռուպցիան նվազի, ապա այդ ամենն անգամ անզեն աչքով տեսանելի կլինի: Բայց այս իշխանությունների օրոք իրավիճակն, ընդհակառակը, գնալով ավելի է վատանում»,- ասաց Խաչատրյանը: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան նշեց, թե հնարավոր է փոխել իրավիճակը, բայց` դրա համար հարկավոր է կամք: «Անհնարին ոչինչ չկա: Մնում է` իշխանությունները չշարունակեն այն գործելաոճը, որ կա արդեն վեց տարի շարունակ: Ու արդեն իսկ ասվում է, որ պետք է նոր վարչապետը շարունակի այնպես, ինչպես կա: Ուրեմն` բնականաբար, որեւէ դրական հեռանկար սպասել պետք չէ»,- նշեց նա:
Հ. Գ. Հնարավոր են արդյոք փոփոխություններ. բոլոր կողմ եւ դեմ արտահայտվողներին ընդամենը մի փոքրիկ հիշեցում` Սինգապուր. համաշխարհային քաղաքականության մեջ այս մի բառով ամփոփվում է մի ողջ դարակազմիկ իրադարձություն: Անհրաժեշտ է միմիայն քաղաքական կամքի դրսեւորում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

«ՍՊԱՅԿԱ»-ԻՆ ՏՈՒԳԱՆԵՑԻՆ
Դեռեւս 2011թ. լուրեր տարածվեցին, թե «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել, որի մասին Պետական եկամուտների կոմիտեն այդպես էլ որեւէ տեղեկություն չէր բացահայտում: Ավելի ուշ տեղեկություններ հրապարակվեցին, թե «Սպայկա»-ի տնօրենին մեղադրում են փաստաթղթերի կեղծման համար, որի պատճառը խոշոր մաքսային խախտումներն են եղել: Ինչեւէ, սա միակ աղմկալի պատմությունը չէ, որ տեղի է ունեցել ընկերության շուրջ: 2013թ. մայիսի 16-ին էլ խոշոր հրդեհ էր բռնկվել ընկերությունում: Այրվել էր 3 հարկանի շինությունն ամբողջությամբ` 4500քմ մակերեսով, որը հանդիսանում էր տարածաշրջանում ամենահագեցած եւ մեծ սառցարանային համալիրը: Նշենք, որ ընկերության շենքն այդպես էլ շարունակում է մնալ չբարեկարգված վիճակում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս օրերին ընկերությունը հայտնվել է ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում, ինչը նկատենք, որ բավականին հաճախ է լինում: Եվ այսպես, պարզեցինք, որ տնօրեն Դավիթ Ղազարյանը մարտի 18-ին ընկերության անունով Հայաստան է ներմուծել «VOLVO» բեռնատար ավտոմեքենայի ընթացքի ավտոպահեստամասեր, որն այդպես էլ չի հայտարարագրել: Արդյունքում` ընկերությունը տուգանվել է 50.000 դրամով:

 

ՔԱՌՅԱԿԸ ԲՀԿ-ՈՒՄ
ԱԺ ՀՅԴ, ՀԱԿ, «Ժառանգություն» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններն այս շաբաթ` մինչեւ հինգշաբթի, նիստ կգումարեն: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից: «Հիմա մենք պատրաստ ենք, մեր գործընկերների հետ այսօր-վաղը այդ հարցը կքննարկենք, անպայման նիստ գումարելու ենք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: Նշենք, որ Քառյակի նիստն այս անգամ տեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում: Տեղեկացնենք նաեւ, որ ԱԺ-ում վաղը տեղի կունենան լսումներ` «Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը եւ ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը» թեմայով: Հիշեցնենք, որ խորհրդարանական «հրաշալի քառյակ»-ը ԱԺ վերջին քառօրյայի ժամանակ առաջարկում էր արագաչափերի, ճանապարհային տեսախցիկների ու ավտոկայանատեղերի գործունեության վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: Սակայն ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկել էր` հանձնաժողով ստեղծելու փոխարեն կազմակերպել խորհրդարանական լսումներ: Քառյակն էլ համաձայնել էր լսումներին, սակայն հանձնաժողովի ստեղծման նախագիծը ոչ թե հանել էր օրակարգից, այլ` քվեարկությունը տեղափոխել ԱԺ աշնանային նստաշրջան` կախված այս լսումների արդյունքներից:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

Իրազեկման ակցիաներ
« Դեմ եմ» նախաձեռնությունը սկսել է իրազեկման ակցիաներ կազմակերպել Երեւանի վարչական շրջաններում: Առաջինը Զեյթուն վարչական շրջանն էր: Նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանն armlur.am-ին ասել է, որ քաղաքացիների մեծ մասը ակցիային պատուհաններից է հետեւել, իսկ մի քանիսն էլ մոտեցել են նախաձեռնության անդամներին ու պատմել, թե կուտակային վճարների հետ կապված ինչ է կատարվում իրենց աշխատավայրերում: «Մեր նպատակն էր քաջալերել մարդկանց, ասել, որ մեր պայքարը շարունակվում է»,- նշել է Ավետիսյանը:

 

Տեղյակ չէ
Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանը, ով օրերս Հայաստանում էր, բացի ծննդյան տարեդարձը նշելուց, հանդիպել է նաեւ Սերժ Սարգսյանի հետ, ըստ ամենայնի՝ ձեւավորվելիք կառավարությունում իր եղբայրներին պաշտոններով ապահովելու նպատակով: Armlur.am-ը ՀԴԿ նախագահ, Հայերի համաշխարհային կոնգրեսի փոխնախագահ Արամ Գասպարի Սարգսյանից հետաքրքրվել է, թե ինչ հարցեր են քննարկվել Աբրահամյան-Սարգսյան հանդիպման ընթացքում: Արա Աբրահամյանի տեղակալը, սակայն, ասել է, թե ինքը տեղյակ չէ այդ հանդիպման մանրամասներից:

 

Հանդիպումներ
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 21-ին պաշտոնական այցով կմեկնի Մինսկ, որտեղ կհանդիպի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ինչպես նաեւ տեղի կունենան Հայաստանի եւ Բելառուսի արտգործնախարարների բանակցությունները։ Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին էլ Նալբանդյանը Մոսկվայում հանդիպեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Պաշտոնական տեղեկատվության համաձայն` ի թիվս այլ հարցերի, կողմերը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը:

 

«Դեմ եմ»-ին դեմ է
ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանն, ով վերջերս որոշել է վերադառնալ ակտիվ քաղաքականություն, երեկ հայտարարել է, որ մտադիր է առաջիկայում հանրահավաք կազմակերպել: «Մենք ժողովրդի հետ ենք եւ ժողովրդական ընդդիմություն ենք: Մենք ոչ մեկի հետ չենք պայմանավորվել, Հյուսիսային պողոտայում էլ բնակարան չենք ստացել»,- ասել է Կարապետյանը` այդպես էլ չհստակեցնելով, թե ում նկատի ունի. «Ժամանակակից լրագրողներ եք, լավ էլ գիտեք: Դեմ եմ- ն եմ, չգիտեմ, ինչ եմ…»: Չնայած ակնարկին, Կարապետյանը նշել է, որ դրական է համարում «Դեմ եմ» նախաձեռնության շարժումը, բայց կարծում է, որ այն շեղում է ժողովրդի ուշադրությունը գլխավոր խնդիրներից:

 

Ձգձգում չկա
Անդրադառնալով քննչական կոմիտեի ստեղծման ձգձգման մասին խոսակցություններին` Աղվան Հովսեփյանը «Առավոտ»-ին ասել է. «Այսօրինակ բարեփոխումները չի կարելի մի քանի օրում անել: Ոչ միայն ձեւավորվում է նոր պետական կառույց, այլ սա դատաիրավական բարեփոխումների մի մասն է: Շատ կարեւոր է ստեղծել այնպիսի օրենսդրական դաշտ, որը պատշաճ լիազորություններով եւ պարտականություններով կօժտի կոմիտեին` այդ խնդիրների լուծումն ապահովելու համար: Միջգերատեսչական հանձնաժողովը նաեւ միջազգային կառույցներից փորձագետներ հրավիրեց, ուսումնասիրեցինք միջազգային փորձը, ինչը որեւէ կերպ չի կարելի համարել ձգձգում»:




Լրահոս