ՀՀ փաստաբանների պալատում 2013թ. տարեկան աուդիտ է անցկացվում: Փաստաբանների մի խումբ անհամբեր սպասում է եզրակացության արդյունքներին, չնայած որ միաժամանակ մտահոգված են, որ աուդիտի արդյունքները հնարավոր է՝չհրապարակվեն:
Եվ այսպես, դեռեւս ամիսներ առաջ ՀՀ փաստաբանների նախագահի ընտրության ժամանակ պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանը հայտարարել էր, որ ինքը կասկածներ ունի, որ պալատը ֆինանսական չարաշահումներ է թույլ տվել:
Փաստաբանը ներկայացրել էր պալատի ֆինանսական գործունեության սեփական հետաքննության արդյունքները: Նա, մասնավորապես, ասել էր. «Այս տարի հանրային պաշտպանի ծախսերի համար պետբյուջեով 260 մլն դրամ է հատկացվել, իսկ այդ ծախսերը չեն հարկվում եկամտահարկով: Իմ տեղեկություններով՝ 36 հանրային պաշտպան կա գործող, թեեւ կայքում գրված է 56: Նրանք ստանում են 250.000 դրամ աշխատավարձ: 36 պաշտպանների վարձատրությանն ուղղվող գումարները կազմում են 116 մլն դրամ: Տարբերությունը կազմում է 143 մլն դրամ: Որտե՞ղ է այդ տարբերությունը, 143 մլն դրամը ո՞ւր է գնում: Անգամ եթե 56 հանրային պաշտպան լինի, ինչպես կայքում են գրում, այդ դեպքում էլ է օդում մնում մոտ 80մլն դրամ»:
Ինչեւէ, Տ.Աթանեսյանն ասել էր, որ ինքն անպայման իր բացահայտումներն ուղարկելու է համապատասխան մարմիններին եւ ընթացք է տալու:
Ու մինչ գործը հասնի համապատասխան մարմիններին, այս օրերին Փաստաբանների պալատի նախագահի հրամանով՝ պալատում աուդիտ է անցկացվում: Սակայն այս ստուգումների գործընթացում փաստաբաններին մտահոգում է մեկ բան՝ արդյոք բոլորին հայտնի կդառնա՞ն աուդիտի արդյունքները: Բանն այն է, որ դեռեւս 2012թ. պալատում աուդիտ է անցկացվել եւ եզրակացությունն այդպես էլ չի հրապարակվել: Թերեւս այս ամենից հետո կարելի է հասկանալ փաստաբանների մտահոգությունը: Իսկ թե ինչ կփոխի 2013թ. աուդիտի եզրակացությունը եւ ինչ բացահայտումներ կլինեն նախկին ՓՊ նախագահ Ռուբեն Սահակյանի գործունեությունից, դեռ հայտնի չէ եւ, առհասարակ, արդյոք Ռուբեն Սահակյանի նախընտրելի Արա Զորաբյանը կհրապարակի՞ նրա թերությունները:
Սակայն, սա դեռ ամենը չէ: Ինչպես նկատում ենք, ՀՀ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը պաշտոնին անցնելուց հետո լուրջ հեղափոխություններ է անում: Այդ ամենը նկատելի է անգամ նրա facebook-յան գրառումներից: Բայց ոչ բոլորն են կարողանում շահած դուրս գալ այս իրավիճակից: Այդ հեղափոխության պտուղներից անգամ չկարողացավ «օգտվել» փաստաբանների դպրոցի տնօրեն Նիկոյալ Բաղդասարյանը: Ասել է թե՝ վերջինս այդպես էլ չկարողացավ ընդգրկվել ՓՊ նախագահի նոր թիմում: Ավելին, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վճռաբեկ դատարանից հրաման էր եղել ամեն գնով Նիկոլայ Բաղդասարյանի «տակը փորել», որ վերջինս իր ձեռքով հրաժարականի դիմում գրի:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արա Զոհրաբյանի մամլո խոսնակ Հայկ Հակոբյանն ասաց. «2013 թվականի տարեկան աուդիտը նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի որոշման հիման վրա։ Դեռ չի ավարտվել: Ավարտվելուն պես եզրակացությունը կհրապարակվի ՀՀ փաստաբանների պալատի կայքում»։
Մեր այն հարցին՝ թե այն պահից, երբ Արա Զոհրաբյանը դարձավ Փաստաբանների պալատի նախագահ, Փաստաբանների դպրոցի նախագահ Նիկոլայ Բաղդասարյանին չինտեգրեց իր նոր թիմին, ուստի այնպես արեցին, որ նրան հեռացնե՞ն, Հայկ Հակոբյանը պատասխանեց. «ՀՀ փաստաբանների պալատում գործում է մեկ թիմ եւ այդ թիմի անդամները բոլոր փաստաբաններն են: Նիկոլայ Բաղդասարյանի՝ աշխատանքից ազատվելու շարժառիթների վերաբերյալ Նիկոլայ Բաղդասարյանը հանգամանորեն պարզաբանումներ է ներկայացրել լրատվամիջոցներին»։
Իսկ ահա Նիկոլայ Բաղդասարյանն անդրադառնալով իրենից ամեն գնով ազատված Վճռաբեկ դատարանի քայլերին եւ, առհասարակ, Արա Զոհրաբյանի թիմում չընդգրկվելուն, ասաց. «Ես չէի կարող բոլորը միանգամից ֆիզիկապես հասցնել: Եթե սա լիներ, օրինակի համար, նախարարի պաշտոն կամ ինչ-որ պալատի նախագահի պաշտոն, որը վճռորոշ դեր կատարեր, կընդունեի այդ պատճառաբանությունը, բայց նման բան չկա»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
Գնդապետը կհանգստանա
Ապրիլի 19-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքից ազատել էր «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանին: «Ժողովուրդ»-ը գնդապետից փորձեց պարզել՝ արդյոք կենսաթոշակի անցնե՞լն է եղել պատճառը, թե՞ այլ տարաձայնություններ են եղել: «Իմ եւ իմ նախարարի միջեւ տարաձայնությունը բացառված է: Ապրիլի 10-ին լրացավ իմ 60 տարեկանը եւ, ըստ օրենքի, պետք է աշխատեմ մինչեւ 60 տարեկան: Դե հիմա էլ առայժմ կհանգստանամ, մինչեւ տեսնեմ՝ ինչ եմ անելու»:
Առիթից օգտվելով
Սուրբ Զատկի տոնին հաջորդող Մեռելոցին ծաղկի վաճառքով զբաղվող առեւտրականներն առիթից օգտվելով բարձրացրել էին ծաղիկների գները: Օրինակ՝ տեղական վարդի մեկ հատը գերեզմանատների մոտ վաճառվել է 150 դրամով, մինչդեռ նախկինում այն արժեցել է 100 դրամ: Իսկ վարդի մեկ այլ տեսակը 200-ից թանկացել է՝ դառնալով 300 դրամ: Ծաղկի վաճառքով զբաղվող Սերգեյը ծաղկի թանկացումն այսպես պատճառաբանեց. «Ինչ անենք, միայն այս օրերին է ծաղիկ վաճառվում: Մենք էլ ստիպված թանկացնում ենք»:
Կաթողիկոսի արձագանքը
Ապրիլի 17-ին armlur.am-ը գրել էր, որ ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի մի խումբ դատապարտյալներ նամակ էին գրել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ին, որպեսզի օգնի դատապարտյալներին, որ վաղաժամկետ պայմանական ազատման իրավունքները եւ օրենքները գործեն առանց խախտումների: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս հրապարակումից հետո կաթողիկոսարանում խառնաշփոթ է սկսվել: Կաթողիկոսի ներկայացուցիչները զարմացել են, թե ինչու են դատապարտյալները նամակ գրել հենց կաթողիկոսին: Արդյունքում ՔԿՀ է այցելել Տեր Հակոբը եւ պայմանավորվածություն ձեռք բերել ապրիլի 24-ին հանդիպել դատապարտյալների հետ:
Մարզպետը չի ճնշում
«Էկոլոգիական հասարակական դաշինք»-ի համակարգող Սիլվա Ադամյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Սեւանա լճի երկու օրենսդրական նախաձեռնությունների դեմ պայքարող գյուղապետերի նկատմամբ ճնշում է գործադրում: Նրա խոսքով՝ մարզպետը գյուղապետերին հորդորում է դեմ չարտահայտվել օրենսդրական նախաձեռնություններին: Իսկ թե կոնկրետ ումից է Սիլվա Ադամյանն այս մասին տեղեկացել, նա հրաժարվեց նշել: Ի դեպ, տեղեկացնենք, որ Սեւանա լճի պահպանման համար պայքարող հկ-ներին հաջողվել է հավաքել 1000 էլեկտրոնային ստորագրություն, որոնք դեմ են ձկնաբուծական ֆերմա կառուցելու եւ լճից 70 մլն խորանարդ ավելի ջուր վերցնելու այս նախաձեռնություններին: «Ժողովուրդ»-ը կառավարության այս որոշմանը դեմ արտահայտվող Լճաշենի համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանից հետաքրքրվեց՝ մարզպետը ճնշում գործադրե՞լ է իր նկատմամբ, թե՞ ոչ. «Մենք դեմ ենք արտահայտվել նախաձեռնություններին: Բայց մարզպետի հետ այս թեմայի շուրջ երբեւէ չենք խոսել, զրուցել, քննարկել: Բացարձակապես ոչ մի խոսակցություն այս մասին մարզպետի մոտ չի եղել»: Նույնը պնդեց նաեւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Արտագաղթը կավելանա՞
«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ՌԴ քաղաքացիություն ստանալու մասին հեշտացված կարգով օրենքի ընդունումը կնպաստի՞ արտագաղթի ավելացմանը, ՀՀ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը պատասխանեց. «Ընդհանրապես, արտագաղթողը համարվում է այն անձը, որը ոչ թե քաղաքացիությունն է փոխում, այլ բնակության վայրը: Եթե այն քաղաքացիները, որոնք քաղաքացիությունն ընդունելուց հետո նաեւ փոխեն իրենց բնակության վայրերը, ապա դա կազդի արտագաղթի վրա: Այս առումով դժվար է ասել, թե ինչ չափով կազդի այս օրենքի ընդունումը»:
ԲԼԹ
«Երբեք չենք խորշել առողջ քննադատությունից, սակայն, երբ անցնում են քաղաքական ու բարոյական էթիկայի սահմանները, ապա… Բոլոր նրանց, ովքեր հիմա անցնում են չափերը` առանձին-առանձին անդրադառնալու եմ…»:
Հեղինե Բիշարյան Facebook
Ընտրելով ընդդիմադիր դառնալու ճանապարհը՝ ՕԵԿ-ական պատգամավորն անցնում է սպառնալիքների լեզվին: Դե, իհարկե, էլ ինչ պիտի սպասեինք ՕԵԿ-ից: Մի կուսակցություն, որն անձամբ է խոստովանել՝ հեղինակազրկված լինելու մասին, բնականաբար, պիտի սկսի հարձակումը: Ինչպես ասում են՝ երբ ավարտվում են փաստերը, սկսվում է ագրեսիան: Հետաքրքիր է՝ տիկին Բիշարյանն ինչու է առանձին-առանձին անդրադառնալու: Բա որ շատ մարդիկ էլ սկսեն նրա կյանքի դրվագներն առանձին-առանձին հրապարակե՞լ : Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի էգ առյուծի վիճակը:
«Չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա: Եթե ես համամիտ չեմ նրա իրականացրած ներքին տնտեսական քաղաքականության հետ, ապա ազգային անվտանգության հարցերում լիովին վստահում եմ Սերժ Սարգսյանին»:
Արամ Գասպարի Սարգսյան «Առավոտ»
Իրեն ընդդիմադիր համարող՝ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահը կարծում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու անհրաժեշտություն չկա: Շատ յուրօրինակ «ընդդիմադիր» մոտեցում է. այսինքն՝ կարեւորն ազգային անվտանգության հարցերն են, իսկ երկրի ներքին տնտեսական քաղաքականությունը կարեւոր չէ՞, ու կարելի է երկիրը հասցնել նման վիճակի՞: Եվ սա այն դեպքում, երբ Արամ Սարգսյանը շատ լավ գիտի, որ Սերժ Սարգսյանը վարչապետին փոխելուց հետո քաղաքական կուրսի փոփոխություն, այնուամենայնիվ, չի նախատեսում: Նման ընդդիմադիրներ ունենալով՝՝ էլ ի՞նչ կարող ենք պահանջել իշխանությունից:
«Պետքարտուղար Քերին եւ նախագահ Օբաման շատ լավ տեղյակ են այս իրադարձություններից … Ես կարծում եմ՝ կլինի շատ ուժեղ հայտարարություն՝ փաստելով այն իրողությունը, որ մեկուկես միլիոն հայեր են կոտորվել, իսկ թե ինչ բառեր կօգտագործվեն՝ ես իրենց փոխարեն չեմ կարող ասել»:
Ջոն Հեֆերն Tert.am
Թե ինչ բառեր կօգտագործվեն՝ բոլորիս էլ պարզ է, քանի որ ոչ ոքի համար նորություն չէ Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ի նենգ քաղաքականությունը, նրա կեղծ մարդասիրությունը, իբրեւ թե դեմոկրատական շինծու սկզբունքները: Ցանկության դեպքում ԱՄՆ-ն վաղուց կարող էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եթե, իհարկե, այդ պետության խոսքը եւ գործը գոնե մի կետում միմյանց չհակասեին, բայց դե հասկանում ենք, որ ԱՄՆ-ն շարժվում է միայն իր շահերով, մնացած «սկզբունքներ»- ն ընդամենը փուչիկ են, իսկ Հայաստանում ԱՄՆ դեսպանն էլ ընդամենն իր իշխանությունների երկակի քաղաքականությունը «ամերիկյան ժպիտով» մեկնաբանողն է:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ