ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԿՈՐՑՆԵԼ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա սեպտեմբերի 4-ից Սերժ Սարգսյանի հրամանագրով մեկնարկեց Սահմանադրական բարեփոխումերի հանձնաժողովի աշխատանքը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորած այդ հանձնաժողովն օրերս իր ութամսյա աշխատանքի արդյունքները ներկայացրեց Սերժ Սարգսյանին, ով էլ հայտարարեց սահմանադրական բարեփոխումների հարցը հանրային քննարկման դնելու մասին: Նկատենք, որ սահմանադրական փոփոխությունները հանրային քննարկման դնելու մասին հայտարարությունն անմիջապես հաջորդեց Տիգրան Սարգսյանի եւ նրա ղեկավարած կառավարության հրաժարականին:

Սահմանադրությունը բարեփոխելու` Ս. Սարգսյանի մտադրությունը, սակայն, չի ողջունվում Աժ ոչ իշխանական քաղաքական ուժերի կողմից: Օրինակ` ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն առաջնային չի համարում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, քանի որ «Մեր երկրում այսօր սահմանադրական ճգնաժամ չկա, որպեսզի մենք օր առաջ ձեռնամուխ լինենք սահմանադրական բարեփոխումների: Մեր երկրում այսօր կա սոցիալ-տնտեսական ճգնաժամ, սոցիալ-տնտեսական խայտառակ իրավիճակ, որը ժողովրդին հասցրել է հուսալքության, աղքատության եւ մեր երկրի պրոբլեմը ոչ թե վատ Սահմանադրությունն է, այլ երկրի թիվ 1 պրոբլեմն այն է, որ Սահմանադրությունը, գործող օրենքներն ուղղակի չեն գործում»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Զոհրաբյանը` հավելելով, որ ԲՀԿ-ն դեմ է սահմանադրական բարեփոխումներին: ԲՀԿ-ական պատգամավորն այսուհանդերձ զերծ մնաց գնահատականներից, թե ի՞նչ նպատակ է հետապնդում իշխող մեծամասնության այս նախաձեռնությունը: «Քանի որ մենք դեմ ենք սահմանադրական փոփոխություններին, մենք դեբատների ժամանակ մեր մոտեցումները ներկայացնելու ենք, հիմնավորելու ենք եւ կարծում եմ, որ այդ հարցը պետք է ուղղել խորհրդարանական մեծամասնությանը»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
ԱԺ ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի կարծիքով էլ՝ այսօր Հայաստանը սահմանադրական բարեփոխումների կարիք բացարձակ չունի եւ այս տարբերակով իշխանությունները փորձում են լուծել վերարտադրության խնդիր:
Սովորաբար եկրի «մայր օրենք»-ը հաճախակի փոփոխությունների չի ենթարկվում, այլ օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերն են ավելի հաճախ փոփոխվում եւ համաձայնեցվում Սահմանադրությանը: Մինչդեռ Հայաստանի պարագայում Սահմանադրությունն ստեղծման օրվանից` 1995 թվականից, արդեն երկրորդ անգամ է փոփոխման ենթարկվելու: Նախկինում` 2005 թվականին, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ձեռնամուխ եղավ «մայր օրենք»-ը փոփոխելուն` մեծացնելով երկրի վարչապետի լիազորությունները: Այն ժամանակ համոզմունք կար, որ Քոչարյանն աչք ունի վարչապետի պաշտոնի վրա, եւ այդ փոփոխություններն արվում են հենց նրա հետագա վարչապետության ապահովման նպատակով:
Այս անգամ եւս սահմանադրական բարեփոխումները կապվում են երկրի նախագահի` հետագա իշխանավարման ապահովման ցանկության հետ: Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը հայտարարելով, թե սահմանադրական բարեփոխումերից հետո չի հավակնում երկրի վարչապետի պաշտոնին` չասաց, թե չի ցանկանում զբաղեցնել ԱԺ նախագահի աթոռը: Իսկ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին, ըստ որի՝ հանրապետության ղեկը ԱԺ նախագահի ձեռքում է լինելու: Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանը գնում է հենց այս ճանապարհով:
«Երկու խնդիր է իշխանությունը լուծում: Եղած քաղաքական եւ տնտեսական ճգնաժամից հասարակության ուշադրության շեղում եւ թաքնված վերարտադրություն» ,- նշում է Արամ Մանուկյանն ու հավելում, որ հանրային քննարկումներին հերթը չի հասնի, քանի որ իշխանափոխությունն ավելի շուտ կլինի, քան Սահմանադրական հանրաքվեն:
Իսկ ահա «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր տեսնում է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն. «Ժառանգություն»-ը սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին մի քանի տարի առաջ էր բարձրաձայնել` անցնել պառլամենտական հանրապետության»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հիշեցրեց Մարտիրոսյանն ու նկատեց, որ այդ բարեփոխումների հանձնաժողովը ղեկավարում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ով պետք է անկախ լինի ըստ էության, բայց ղեկավարում է նախագահի հովանու տակ գտնվող հանձնաժողովը: Ի տարբերություն ԲՀԿ-ի, «Ժառանգություն»-ը չի մասնակցի սահմանադրական փոփոխությունների հանրային քննարկումներին. «Ոչ լեգիտիմ իշխանությունների ձեւավորած հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում ենք, որ ի՞նչ անենք»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Անկախ քաղաքական ուժերի դիրքորոշումից, ակնհայտ է, որ Սահմանադրության փոփոխության այս գործընթացը սպասված չէ հանրության համար: Սակայն դա ամենեւին չի խանգարի, որ Սերժ Սարգսյանի իշխանությունն օգտագործելով իր բոլոր լծակները` անի ամեն բան` կյանքի կոչելու այդ փոփոխությունները, քանզի իշխանությունը կորցնելը Հանրապետականի համար աղետալի կլինի բոլոր տեսանկյուններից:

ՏԻՐԱՅՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

 

 

Մարզպետերն անտեսում են փոքր համայնքները

ՀՀ Սյունիքի մարզի Չափնի համայնքի ղեկավար Նորայր Թումանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հուսահատված ասաց, որ ոչ մի պատկան կառույց երբեւէ չի հետաքրքրվում իրենց համայնքի ճակատագրով: Չափնիում այս պահին ապրում է 45 ընտանիք, իսկ ավելի քան 40 տղամարդ իրենց կանանց եւ երեխաների հետ ապրում են Վոլգոգրադում:

-Եկամտի ի՞նչ աղբյուր ունեն Չափնիի բնակիչները:
-Նպաստով ու թոշակով:
-Իսկ հողագործությամբ կամ անասնապահությամբ չե՞ն զբաղվում:
-Անասնապահությամբ միայն ես եմ զբաղվում, իսկ մյուսները՝ ոչ:
-Պարոն Թումանյան, բոլոր ընտանիքնե՞րն են նպաստ ստանում:
-Ոչ բոլորը:
-Իսկ նրանք, ովքեր չեն ստանում, ի՞նչ միջոցներով են ապրում:
-Մեծ մասը թոշակ է ստանում: Տարիքն առած մարդիկ են, էլի:
-Գյուղում միայն ծերե՞րն են ապրում:
-Այո, երիտասարդություն չկա:
-Իսկ դպրոց ունե՞ք:
-Դպրոցը փակվել է, իսկ մեր գյուղի աշակերտները հաճախում են հարեւան՝ Շաբադին համայնքի դպրոց:
-Իսկ աշակերտների թիվը քանի՞սն է:
-Մեր գյուղից ընդամենը 5 երեխա է հաճախում դպրոց:
-Պարոն Թումանյան, կա՞ն ընտանիքներ, որոնք հեռանում են գյուղից:
-Միշտ էլ գնում են: Երկու օր առաջ գնացին, երկու օր հետո էլ են գնալու: Դե ինչպես ասեմ, մեր գյուղից ավելի քան 40 տղամարդ այժմ ապրում է Վոլգոգրադում` իրենց կանանց եւ երեխաների հետ:
-Ցանքսով զբաղվո՞ւմ են:
-Ոչ, որովհետեւ չունենք համապատասխան տեխնիկա:
-Այդ դեպքում ինչպե՞ս են ձեռք բերում հացը:
-Պարտք են անում: Մեքենաներ կան, որոնք հաց են բերում տալիս գյուղի միակ խանութին, իսկ մարդիկ էլ իրենից են պարտքով վերցնում եւ ամսվա վերջին թոշակ կամ նպաստ են ստանում ու մարում այն:
-Շա՞տ է պարտք ունեցող ընտանիքների թիվը:
-Հա, դե բա ինչ են: Միայն թոշակով ապրել կլինի՞:
-Պարոն Թումանյան, ինչի՞ պատճառով երիտասարդները հեռացան գյուղից:
-Աշխատատեղ չկա:
-Իսկ մարզպետ Վահե Հակոբյանին չի՞ մտահոգում այս պատկերը:
-Դե, մեր գյուղը, կարելի է ասել, բոլոր պաշտոնյաների կողմից անտեսված է: Նրանք հիմնականում ուշադրություն են դարձնում միայն մեծ համայնքների վրա, իսկ փոքրերը տուժում են ու տուժում: Ձեռքի հետ յոլա ենք գնում: Շուտով նաեւ կվերանան փոքր համայնքները: Լավ բան չեմ տեսնում, որովհետեւ աստիճանաբար ամեն ինչ վատանում է:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

ՄԱՐԶԵՐ

Սուրբ տեղը դատարկ չի մնում
Տավուշի մարզում վերջին շրջանում բավականին լայն տարածում են գտել կրոնական տարբեր ուղղություններ: Առավել ակտիվ են Եհովայի վկաները, որոնք տնից տուն են անցնում, բաժանում իրենց «Դիտարան» հանդեսը, հրավիրում իրենց միջոցառումներին: Ապրիլի 14-ին Նոյեմբերյան քաղաքի նախկին շուկայի տարածքում գործող հարսանյաց սրահում կայացել է Եհովայի վկաների կազմակերպած «Հիսուսի մահվան հիշատակի երեկո» անունը կրող միջոցառումը: Իսկ ապրիլի 27-ին Դեբեդավան գյուղում, նախկին ակումբի դիմացի տանը կկայանա «Աստվածաշնչի վրա հիմնված ելույթ»: Նոյեմբերյանցիների տներն այցելող եւ Եհովայի վկաների միջոցառումներին հրավիրողների մեջ է նաեւ անչափահաս՝ Դեբեդավանից 17-ամյա մի պատանի: Ի դեպ, մի քանի տարի առաջ Եհովայի վկաները տողերիս հեղինակին հրավիրեցին ներկա լինել Իջեւանում կայացող իրենց հավաքներից մեկին: Մարզկենտրոնի Սպանդարյան փողոցի սեփական տներից մեկում կայացած այդ հավաքին մոտ 50 մարդ էր մասնակցում՝ այդ թվում մանկահասակ երեխաներ:
Տավուշի մարզում ակտիվ են նաեւ Հիսունականները կամ Հոգեգալստականները, վերջերս ակտիվացել է «Աստծո տուն» կոչվող կրոնական ուղղությունը: Իսկ Հայ առաքելական եկեղեցին սահմանափակվում է հիմնականում ծիսական արարողություններով: Վերջերս Տավուշի թեմի առաջնորդ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը թեմի առաջնորդանիստ՝ Իջեւանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու պատին փակցրել էր կնունքի եւ պսակադրության ծիսակարգերի գնացուցակ՝ կնունքի դեպքում 20 հազար, պսակի դեպքում՝ 40 հազար դրամ: Քննադատության մեծ ալիքի արդյունքում այդ գնացուցակը հանվեց եկեղեցու պատից, սակայն կատարվածը բացասաբար ազդեց եկեղեցու հեղինակության վրա: Պատահական չէ, որ ապրիլի 20-ին՝ Սուրբ Զատկի օրը, Նոյեմբերյան քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Հրայր քահանա Բեջանյանի մատուցած պատարագին բացի Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանից եւ սոցապ տարածքային համալիր կենտրոնի տնօրեն Սամվել Բեգլարյանից, այլ պաշտոնատարներ չէին մասնակցում:

 

Կսպասի ապրիլի 25-ին
Տավուշի մարզպետի տեղակալ, ՕԵԿ Տավուշի մարզային կազմակերպության ղեկավար Վահե Վարդապետյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց. հաշվի առնելով այն, որ կուսակցությունն այլեւս ընդդիմություն է, արդյոք ՕԵԿ-ական փոխմարզպետը չի պատրաստվում թողնել իր պաշտոնը: Նա հայտնեց, որ կուսակցության որոշումը կլինի ապրիլի 25-ին, եւ եթե ՕԵԿ-ն ընդդիմություն դառնա, ինքը աշխատանքից ազատվելու դիմում կգրի: Նշենք, որ Վահե Վարդապետյանը 2002-2006 թվականներին եղել է Տավուշի մարզպետի տեղակալ, եւ ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալուց հետո ազատվել է մարզպետի տեղակալի պաշտոնից: Երկրորդ անգամ նա մարզպետի տեղակալ է նշանակվել 2009թ. օգոստոսի 9-ին՝ վարչապետի որոշմամբ: Հավելենք, որ Վահե Վարդապետյանը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի խնամին է. Վահեի դուստրը մարզպետի կրտսեր որդու կինն է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս