ԳՈՐԾԱՐԱՐԸ ԴԵՌ ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ՍՊԱՍՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՏՄՊՊՀ-ն պետգնումների ոլորտում խախտումներ կատարած երեք` «Սեար գրուպ», «Երեքնուկ» եւ «Ամարաս Յուս» ընկերությունների գործով առաջիկայում դիմելու է ՀՀ գլխավոր դատախազություն: Սրանք այն ընկերություններն են, որոնք անընդմեջ հաղթել են գրեթե բոլոր մրցույթներում եւ մանկապարտեզներին, ծերանոցներին ու մանկատներին մշտապես մատակարարել են ապրանքներ` իրականից կրկնակի-եռակի բարձր գներով: Այս կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է երեք օրինախախտ ընկերությունների տնօրեն Յուրի Ադյանի հետ:

-Պարոն Ադյան, պետական գնումների ոլորտում Ձեզ պատկանող մատակարարող երեք ընկերությունները` «Ամարաս Յուս»-ը, «Երեքնուկ»-ը եւ «Սեար գրուպ»-ը հայտնվել են սեւ ցուցակում եւ զրկվել մրցույթներին մասնակցելու իրավունքից: Ըստ շրջանառվող լուրերի` այս ամենից հետո ստեղծել եք «Տիսա» ընկերությունը, որը շարունակում է նախորդների օրինախախտ գործունեությունը` իրական գնից կրկնակի թանկ գնով սննդամթերք մատակարարելով մանկապարտեզներին եւ ծերանոցներին:
-Չէ, նման բան չկա: Ես «Տիսա»-ի հետ կապ չունեմ: Եւ իմ ընկերությունները չեն հայտնվել սեւ ցուցակում, այլ մտցրել են: Ես չեմ ուզում մեկնաբանություններ անել այս առումով:
-Ձեզ պատկանող ընկերությունները խոշոր չափի խախտումներ են թույլ տվել, ինչի արդյունքում միլիոնավոր դրամների վնասներ են պատճառվել պետբյուջեին: Առաջիկայում էլ` ՏՄՊՊՀ-ն Ձեր ընկերությունների հարցով դիմելու է ՀՀ գլխավոր դատախազություն:
-Մեր հանրապետությունում մի մրցույթին 10-15 կազմակերպություն է ներկայանում: Ինչպե՞ս կարող է դիտավորյալ մի տեղ էժան շահեմ, մյուսում` թանկ: Ես մասնակից եմ, կարող եմ մի տեղում մի դրամ աշխատել, մյուսում` 15 դրամ: Իսկ եթե մեկ ուրիշ կազմակերպություն գալիս է եւ ինքը 8 դրամ շահույթ է ուզում, ինքն է շահում: Բայց անցյալ տարի այնքան արհեսատական սարքեցին, որ տպավորություն ստեղծվեց, թե ամբողջ դաշտին ես եմ միայն տիրապետում: Պատվիրատուն էլ եմ ես, մասնակիցն էլ: Էն ռուսի ասած` сам дневальный сам дежурний: Իրականում այդպես չէ: Ես ընդամենը մեկն եմ այն 600 կազմակերպություններից, որ այս ոլորտում գործունեություն են ծավալում, բայց ներկայումս արդեն կարծես թե մենակ ես եմ եւ պատվիրատուն եւ գնումների կազմակերպիչը: Այդպիսի բան չի կարող լինել:
-Իսկապես, մեծ աղմուկ բարձրացավ:
-Ես համբերատար տանում եմ այդ ամենը, իմ նյարդերի հաշվին: Մեր սարերի նման լուռումունջ, համբերատարությամբ համակվեցի: Բայց սպասում եմ, որ մի օր, երբ կրքերը հանդարտվեն եւ որեւէ մեկը հարց բարձրացնի, թե ինչպես կարող է մի մասնակիցը 600-ի մեջ կարողանա այնպես անել, որ իբր մյուս ընկերությունները չմասնակցեն մրցույթին, կամ պատվիրատուների փոխարեն ինքը մրցույթ հայտարարի կամ էլ` մասնակցի մրցույթին ու շահի: Այն, որ ասում են ցանկալին դնում են իրականության տեղ եւ այդպես մատուցում, դա հենց իմ դեպքում է եղել:
-Բայց, պարոն Ադյան, եթե դա իրոք այդպես է, ինչու հրապարակավ չեք պաշտպանում Ձեր շահերը, ինչու չեք հերքում Ձեր ընկերություների հասցեին հնչեցված մեղադրանքները:
-Ես ոչ վերեւներ ունեմ, ոչ էլ` տանիքներ,, որ զանգեմ ու ինձ համար ասեն: Ես իմ քրտինքով կարողացել եմ իմ աղուհացը վաստակել: Այն էլ` որոշ մարդկանց դուր չեկավ: Ես ինձ այս ոլորտում անարդար մրցակցության զոհ եմ համարում, որ այդքան տուգանեցին:
-Խոսակցություններ պտտվեցին, որ Ձեր տանիքը Զորի Բալայանն էր:
-Հենց կանխամտածված դա արվեց: Որպեսզի այդ ազնիվ հայորդին ինձ լավ ճանաչելով հանդերձ անգամ չփորձի միջամտել իմ դեմ ծավալված արշավին: Արհեստական մտածված քաղաքակունթյուն էր: Այսինքն` տուգանելուց ավելի մեծ պատիժ են իրենք ակնկալում գտնել: Առաջին անգամ Հանձնաժողովը 16 մլն դրամի չափով տուգանեց, երկրորդ անգամ՝ յուրաքանչյուր ընկերությանը՝ 15 մլն դրամով: Ուրեմն, տուգանողը այնքան պետք է չարությամբ լցված լինի, որ օրը ցերեկով 61 մլն դրամի չափով տուգանի: Մի հատ էլ ուզում են դատախազություն դիմել: Եթե դու ասում ես, որ Յուրայինն է, ու ոչ մի բանով չես ապացուցում, համոզված ես, որ նրանն է, այդքանով չես բավարարվում, մի հատ էլ դատախազություն ես դիմում: Հետո՞: Ոչնչացնո՞ւմ եք մարդուն: Բա ես գնամ փողոցում նստեմ ձեռքս տնկեմ օդ ու մուրա՞մ: Քսան տարի է, ինչ ես այս դաշտում եմ: Նախկինում, որ ես մանկապարտեզներին իմ ուսերին շալակած պեսոկ էի տանում, այն ժամանակ այսպիսի մեծածախ գնումներով խանութներ չկային: Այդքան ես փորձեցի, մաքառելով փորձեցի քաղաքակիրթ դարձնել մատակարարումը, հետո էլ` ընկա այս օրը:
-Ո՞վ է գցել Ձեզ այս օրը:
-Չեմ կարող ասել: Չգիտեմ:
-Պարոն Ադյան, ՏՄՊՊՀ-ի ստուգումների արդյունքում պարզվել էր, որ ապրանքները մանկապարտեզներին, մանկատներին մատակարարվել են իրականից կրկնակի, եռակի բարձր գնով, մինչդեռ շուկայական գինն ավելի ցածր էր:
-Որպես այդ ոլորտի ապրանքների գիտակ, ես Ձեզ ասեմ. ֆիքսել մի գին եւ ասել, թե ձավարեղենի գինը կոնկրետ դա է, սխալ է: Ես համոզված եմ, որ 300 դրամանոց հաճարը որակապես չես կարող նույնացնել 700 դրամանոց հաճարի հետ: Ինչքան էլ, որ բնութագրով նույն բանը գրած լինի: Ես իմ աշխատանքային փորձից եմ ասում, որ կան մանկապարտեզների տնօրեններ, որոնք չէին ցանկանում 300 դրամանոց ձավարով կերակրել սաներին: Ասում էին` չեմ տա, պետք է լավը լինի: Բնութագիրը ոչ միշտ է, որ համընկնում է ապրանքի հետ: Վարունգը մի տեսակ չի լինում, չէ՞: Եւ ընդհանրապես գյուղմթերքների վերաբերյալ կոնկրետ գին սահմանելը, սխալ է: Կարտոֆիլ կա, որն արժե 100 դրամ, կա նաեւ 300 դրամանոց: Իսկ մանկապարտեզի վարիչը պահանջում է բերել լավ կարտոֆիլ: Ու դու չես կարողանում ասել, չէ բա 100 դրամանոցը: Այսինքն` նրբություններ կան այս աշխատանքի մեջ, որ տեղյակ չեն, ավելին` չեն էլ ուզում տեղեկանան: Ամեն դեպքում, ոչ ոք չի գնահատում մատակարարին:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

ՄՐՑԱՎԱՐՆ ԷԼ ՄԱՐԴ Է

Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում վերջերս ավարտված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից հայրենիք վերադարձած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 7 ըմբիշներից 3-ը մեդալ են նվաճել՝ ոչ պաշտոնական թիմային հաշվարկով գրավելով 6-րդ տեղը:

Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ Գրիգոր Գրիգորյանը, բրոնզե մեդալակիրներ՝ Գարիկ Բարսեղյանը եւ Մուսա Մուրթազալիեւը: Հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տղաների ելույթները նորմալ գնահատեց՝ հավելելով, որ ոմանք, իհարկե, կարող էին ավելի լավ հանդես գալ, բայց ինչ-որ բան խանգարեց։ «Օրինակ՝ Էդգար Ենոքյանը մրցավարական կողմնապահության պատճառով չկարողացավ շարունակել պայքարը։ Եթե, իհարկե, առաջնությանը մասնակցեր նաեւ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (նա վնասվածք ուներ-Ռ.Թ.), համոզված եմ, որ նա կհաղթեր, առնվազն մեդալակիր կդառնար, եւ մեր թիմը կզբաղեցներ ոչ թե 6-րդ, այլ 3-րդ հորիզոնականը։ Փառք Աստծո, որ արդեն ամեն ինչ նորմալ է, Դավիթն արդեն սկսել է մարզումները»։
Հունահռոմեական ոճում մրցավարական սխալները, ըստ մասնագետների, ակնհայտ էին, իսկ ինչպիսի՞ն է վիճակը ազատ ոճում։ Միայն Էդգար Ենոքյանի պարագայո՞ւմ կողմնապահություն եղավ, թե՞ այլ սխալներ էլ կային։ «Ժողովուրդ»-ի այս հարցերին ի պատասխան գլխավոր մարզիչը նշեց. «Եթե մի տեղ կա մրցավար, ապա չի բացառվում սխալը. նա էլ, ի վերջո, մարդ է։ Բայց կարեւորն այն է, որ միտում չլինի։ Եթե համեմատենք 2-3 տարի առաջ եղած վիճակի հետ, ապա հիմա թե՛ մրցավարության, թե՛ վիճակահանության առումներով ակնհայտ են դրական փոփոխությունները, ինչը պայմանավորված է նաեւ ֆեդերացիայի նախագահի փոփոխությամբ։ Բացի այդ, ի տարբերություն հունահռոմեական ոճի ըմբշամարտի, մրցավարների համար ազատ ոճը սպասարկելն ավելի հեշտ է: Ամեն դեպքում, մենք մրցավարական կոպիտ սխալներ չենք նկատել»,- նշեց մեր զրուցակիցը: Իսկ մինչեւ սեպտեմբերի 6-12-ը Տաշքենդում անցկացվելիք աշխարհի առաջնությունը թիմում փոփոխություններ կլինե՞ն։ «Փոփոխություններ լինելու են։ Մենք դեռ մինչ այդ անցկացնելու ենք միջազգային երեք մրցաշար, եւ մարզիկների ցուցաբերած արդյունքներով էլ կձեւավորվի հավաքականի կազմը։ Դրանից հետո էլ երկու ուսումնամարզական հավաք կանցկացվի։ Մի բան ստույգ կարելի է ասել. Եվրոպայի առաջնության մեդալակիր ըմբիշները 90 տոկոսով իրենց տեղն ունեն թիմում ու միայն այն դեպքում դուրս կմնան հավաքականի կազմից, եթե թիմի 2-3-րդ համարները միջազգային մրցաշարերից առնվազն երկուսում ավելի լավ հանդես գան»,- եզրափակեց Ա. Բաղդատյանը։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ

 

 
Զորի Բալայանի նոր նամակը
Զորի Բալայանը կրկին նամակ է գրել: Սակայն այս անգամ ոչ թե միայն Վլ. Պուտինին, այլ տարբեր ուղղություններով. Մոսկվա, Վաշինգտոն, քրիստոնեական կազմակերպություններին: Հրապարակախոսի նամակների առիթն այս անգամ քեսաբահայության հարցն է. «Ինչպես Շուշիի պարագայում էր, երբ մենք թիրախ էինք վերցրել Շուշիի ազատագրումը, այդ ժամանակ մոտ 200 նամակ եմ ես ուղարկել եւ միայն Քերոլայն Քոքսն էր արձագանքել եւ իր հերթին էլ ինքն էր 200 տեղ ուղարկել այդ նամակները, հիմա էլ Քոքսը մեզ կրկին օգնում է։ Այսինքն՝ քեսաբահայության խնդրով իմ նամակներին միայն բարոնուհի Քոքսն է արձագանքել»,- Henaran.am-ին հայտնել է հրապարակախոսը:
Նա նշել է, որ Քեսաբում եղել է, եւ այնտեղ ուղղակի դրախտ էր նախքան Թուրքիայի հերթական ոճրագործությունը: «Երբ «Կիլիկիա» նավով մենք հասել ենք մինչեւ այդտեղ, ես երկու օր անց եմ կացրել Քեսաբում եւ Քեսաբիայում: Այնտեղ 11 հայկական գյուղ կա, եւ ոչ թե միայն մեկ քաղաք, այսինքն՝ այսպես ասած հայկական շրջկենտրոն է։ Ես տեսել էի իմ աչքերով իսկական դրախտ, այնտեղ կային եկեղեցիներ՝ 700 տարի առաջվա, 1200 տարի առաջ կառուցված, կային այնպիսի այգիներ, ինչպիսին ոչ մի տեղ չեմ տեսել, հավանաբար դրանք կարող էին լինել միայն դրախտում, եւ այդ բոլորը հիմա ոչնչացվում է, իսկ աշխարհը լռում է»։ Ըստ Բալայանի՝ երբ ասվում է աշխարհ, պետք է նաեւ ասել, թե կոնկրետ ով է լռում եւ ով պիտի խոսի»։ «Նաև Ռուսաստանն է այդ հարցում լռում, առաջին մի քանի օրը խոսում էին եւ հետո լռեցին, յուրաքանչյուրն իր ցավն է առաջ տանում, մենք պետք է գոռանք, խոսենք, մենք պետք է ամեն ինչ անենք, որ չլռեն, մեզանից է կախված ամեն ինչ»:
Բալայանին ցավ է պատճառոմ այն, որ Թուրքիան կրկին գտել է «հարմար» պահն ու նոր ոճիր է իրագործում: «Ինչպես 1914 թ-ին էր, երբ Թալիաթն ասաց՝ քանի գերտերությունները զբաղված են իրենց գործերով, մեր գործը կատարենք եւ վերջնականապես ոչնչացնենք հայությանը։ Եվ այստեղ էլ ժամանակն են օգտագործում նույն հարցի համար։ Նրանք թիրախ են վերցրել ոչ միայն քեսաբահայությանը, այլ ամբողջ Սիրիայում գտնվող Հալեպի ու Դամասկոսի հայությանը։ Միայն Հալեպում գտնվում է մի քանի փողոց, որոնք զուտ հայկական են, եւ այս ամեն ինչը ոչնչացրել են։ Այնպես որ, ուղղակի պահն են հարմար գտել, ինչպես եղել է 14 թ-ին եւ ինչպես եղել է միշտ»։

 

Հոր գործը կշարունակեն
Հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի կարծիքով՝ հայաստանյան արտադրությանը Հրանտ Վարդանյանի մահը վնաս չի հասցնի: Սուքիասյանի գնահատմամբ` Վարդանյանի որդիները` Կարեն եւ Միքայել Վարդանյանների, ունեն այնքան գիտակցություն եւ փորձ, որպեսզի կարողանան իրենց հոր ստեղծածը պահպանել: «Նրանք երկար տարիներ այդ ամենը զարգացրեցին: Հայրիկի հետ են եղել: Այդ ընտանիքն արտադրող ընտանիք է, եւ կարծում եմ, որ բոլորը պետք է աջակցեն, որպեսզի այդ արտադրությունը լինի շարունակական»,- Armlur.am-ին ասել է գործարարը: Հիշեցնենք, որ երեկ «Նաիրի» ԲԿ-ում մահացել է «Գրանդ Հոլդինգ»-ի սեփականատեր Հրանտ Վարդանյանը:




Լրահոս