Ճանաչված կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը վերջերս ՀՀ նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում եղել է Թուրքմենստանում, որտեղ ներկայացրել է հայկական կինոն։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կինոռեժիսորն ասաց, որ ներկայացրել են թե՛ հայտնի, թե՛ երիտասարդ հեղինակների վեց կինոնկար, որոնք թուրքմեն հանդիսատեսի կողմից լավ են ընդունվել։ Մեր զրուցակիցը կարեւորեց նաեւ մեկ այլ հանգամանք, ավելի ճիշտ՝ նախնական պայմանավորվածություն։
-Նրանք ցանկանում են իրենց մոտ ստեղծել միջազգային կինոփառատոն։ Լսել են, որ «Ոսկե ծիրան»-ը բավականին մեծ հաջողություն ունի միջազգային ասպարեզում եւ մեզ առաջարկեցին մտածել՝ արդյոք հնարավո՞ր է, որ իրենց մոտ էլ մեր թիմով ստեղծենք միջազգային կինոփառատոն։ Հիմա պետք է խոսենք դրա մասին, մտածենք, քննարկենք՝ հնարավո՞ր է, թե՞ ոչ։ Խնդիրն այն է, որ թուրքմենների ազգային ավանդույթները, պահանջները, ճաշակը, սոցիալական շերտերը ուրիշ են, ուստի, բնականաբար, կինոյի հանդեպ իրենց վերաբերմունքն էլ լրիվ ուրիշ է։ Եթե քննարկումների, բանակցությունների արդյունքում գանք ընդհանուր հայտարարի, այդ մասին ձեզ եւ ընդհանրապես լրատվամիջոցներին կտեղեկացնենք։
-Օրեր առաջ տեղեկացրել էիք, որ Ռուբեն Հախվերդյանի մասին նոր կինոնկար եք նկարահանում։ Երբվանի՞ց եք սկսել այդ նախագիծը։
-Ռուբեն Հախվերդյանի մասին ես սկսեցի ֆիլմ նկարահանել դեռ մինչեւ Սպիտակի ահավոր երկրաշարժն ու շարունակեցի նաեւ դրանից հետո։ Այդ ժամանակ Հայաստանից շատ հայեր էին արտագաղթում տարբեր երկրներ, հիմնականում՝ Ռուսաստան ու նաեւ Մերձբալթիկա։ Այդ տարիներին երգիչը շատ էր ճամփորդում, եւ ես նրա հետ եղա Էստոնիայում, Ռուսաստանում՝ Սիբիրում, Մոսկվայում, այլ վայրերում, եւ ցանկացանք հասկանալ՝ նրա ընկերներն ի՞նչ պատճառով են արտագաղթել Հայաստանից։ «Քամին ունայնության» վերնագրված կինոնկարի գլխավոր գործող անձը Ռուբեն Հախվերդյանն է, ով զրուցում է իր ընկերների հետ՝ պարզելու, թե ինչու են հեռացել։ Եվ ինձ հետաքրքրում էր, թե 25 տարի առաջ այդ ֆիլմի հերոս դարձած մարդիկ մտափոխվել, վերադարձե՞լ են հայրենիք, թե՞ ավելի հեռու երկրներ են գնացել։ Երջանի՞կ են իրենց ամբողջ կյանքում, թե՞ դժբախտ։ Սա նաեւ մի հետաքրքիր սոցիոլոգիական հետազոտություն, ուսումնասիրություն է։ Ու նաեւ ուզում եմ ներկայացնել, թե ինչ վիճակում է այսօր, ինչ եղավ, ուր հասավ Ռուբեն Հախվերդյանը, ով այն ժամանակ բոլորին քննում-քննադատում էր այն բանի համար, թե ինչու են գնացել։ Այդ ֆիլմից հետո՝ այս 25 տարվա ընթացքում, երեւի մի 7-8 անգամ ես կրկին նկարել եմ Ռուբենին մեկ կամ երկու օր, երբ, ասենք, նրա գրքի շնորհանդեսն է եղել կամ համերգը Օպերայում։ Կամ էլ նրա հետ զրուցել ենք իր տանը, ներկայացրել նրա գաղափարները, մտքերը, տրամադրությունները, վիճակը։ Ու նաեւ այն, թե ինչ է մտածում հիմա այն մարդկանց մասին, ովքեր հեռացել են երկրից, արդյոք նրանց հետ կապ պաշտպանո՞ւմ է, թե՞ ոչ, արդյոք ստեղծագործում, գիրք գրո՞ւմ է, ո՞ր երգերն են երգում, էլի բողոքո՞ղ է, կռվարա՞ր։ Պոե՞տ է, թե՞ պոետ չէ։ Զարմանալի մի կերպար, որը արտիստ է, ապրում է ժամանակի մեջ… Նկարահանումները կավարտվեն ավելի ուշ՝ մեկ տարի հետո։ «Քամին ունայնության» կինոնկարից որոշ դրվագներ կվերցնենք, առանձին դրվագներ դուրս կգան, կավելացնենք նոր նկարահանածները, կդառնա նոր լիամետրաժ ֆիլմ։ Նախատեսել եմ եկող տարի էլ նկարել Ռուբենին, եթե, իհարկե, թույլ տա. միշտ չէ, որ նա հաճույքով է նկարահանվում։ Մեր նպատակն է ներկայացնել նրան այնպիսին, ինչպես որ կա իրականում։
-Նա սիրում է նաեւ քեֆ անել…
-Մենք չենք հորինում, արհեստական բան չենք անում, ու եթե նա այդ օրը քեֆ է անում, ուրեմն քեֆն ենք ներկայացնում, եթե նվագում է, դա ենք ներկայացնում, եթե զայրացած է, հենց դա էլ երեւում է։ Ռուբենը պոետ է, երաժիշտ է, ով երգ է գրում, երգում է, ում ներվը բաց է…
Հարցազրույցը՝ ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ
ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՃԻ՞ՇՏ ԵՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ
Վերջերս ՄԻՊ-ը հրապարակել է 2013 թվականի տարեկան իր զեկույցը, որտեղ անդրադարձել է նաեւ Մշակույթի նախարարության գործունեությանը։ Մասնավորապես հուշարձանների պահպանության խնդրիների հետ կապված զեկույցում նշված է. «Նախարարությունը բարեխղճորեն չի ապահովել պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանությունը, ինչի հետեւանքով, օրինակ, Երեւանի «Փակ շուկան» կորցրեց իր կերպարային ամբողջականությունը»: Այդ նույն բնագավառում որպես դրական աշխատանք ներկայացված է հետեւյալը. «Իրականացվել են մի շարք եկեղեցիների եւ պատմամշակութային այլ կենտրոնների վերանորոգման ու վերականգնողական աշխատանքներ: Կառավարության որոշմամբ՝ սահմանվել են հուշարձաններում կատարվող փոփոխությունների չափորոշիչները»:
ՄԻՊ զեկույցի վերոնշյալ հատվածի վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հուշարձանագետ Սամվել Կարապետյանը մասնավորապես ասաց. «Նորագույն շրջանի հուշարձաններն իմ ոլորտը չեն, եւ ես «Փակ շուկայով» չեմ հետաքրքրվել։ Արտաքինից շենքը կա, ինչպես որ եղել է, իսկ թե ներսում ինչ է կատարվել, թող ճարտարապետներն ասեն իրենց կարծիքը։ Ինչ վերաբերում է մնացած հուշարձաններին, ապա, ճիշտն ասած, այդ մարդու (ՄԻՊ-ի-Ռ. Թ.) կարծիքն ինձ չի հետաքրքրում»։ Մեր զրուցակիցը համոզված է, որ այն նյութական միջոցները, որոնք տրամադրվում են Մշակույթի նախարարությանը, բխում են մեր երկրի ներկա իրական հնարավորություններից։ «Իհարկե, այդ միջոցներն անհամեմատ քիչ են, քան, ասենք, հարեւան երկրներում, սակայն փաստ է նաեւ, որ դրանք տարեցտարի աճում են։ Այլ հարց է, թե ներդրվող միջոցները որքանով են նպատակային ծախսվում, եւ արդյոք հուշարձանները գիտական իմաստով ճի՞շտ են վերանորոգվում։ Եվ այստեղ արդեն նյութական միջոցները դեր չեն կատարում»,- համոզված է հուշարձանագետը։
Մենք հիշեցրինք, որ երբեմն էլ «եվրառեմոնտ» է իրականացվում, ինչին հուշարձանագետը պատասխանեց. «Ձեր ասածը վերաբերում է գործող եկեղեցիներին, քանի որ այդ կառույցները սպասարկող հոգեւորականների մեծագույն մասը հին շենքերը վերանորոգում է իր ներկայիս ճաշակին համապատասխան»:
Ս. Կարապետյանը տեղյակ չէ, թե հուշարձանների փոփոխությունների ինչ չափորոշիչներ են սահմանվել, բայց կարծում է, որ, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ, բնականաբար, մեր երկրում հուշարձանի պահպանության ամենաարդյունավետ տարբերակն այն է, երբ դա նաեւ օգտագործվում է։ «Իհարկե, մեր պարագայում գոնե մինչեւ հիմա այդպես չէ, այսինքն՝ երբ հուշարձանը դառնում է գործող եկեղեցի, այլանդակվում է։ Ընդհանրապես կրթական ոլորտում շատ մեծ անելիքներ կան, պետք է մատաղ սերնդին սերմանվի հուշարձանների նկատմամբ ակնածանք ու հարգանք, եւ այդ դեպքում դրանք ավելի մաքուր, խնամված կլինեն։ Ու ապագայի հոգեւորականներն էլ կիմանան, թե ինչը ինչպես պետք է արվի»,- եզրակացրեց հուշարձանագետը։
Ռ. ԹԱԹՈՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
Սոնան կմեկնի Յուրմալա
Օրերս Մոսկվայում կայացած «Նոր ալիք-2014» մրցույթի կիսաեզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացնող հինգ մասնակիցներից եզրափակիչ փուլ է անցել եւ մրցությում մեր երկիրը կներկայացնի երգչուհի Սոնա Ռուբենյանը: Ժյուրիի կազմում եղել են Ֆիլիպ Կիրկորովը, Իգոր Կրուտոյը, Իրինա Դուբցովան եւ այլք: Սոնան արդեն վերադարձել է Երեւան: «Նոր ալիք-2014»-ի հայաստանյան մասնակիցը երկու շաբաթ ունի, որպեսզի մրցույթում կատարելիք երգերը վերջնական ներկայացնի: Հիշեցնենք, որ մրցույթը տեղի կունենա հուլիսի 22-27-ը՝ Յուրմալայում:
Բարեգործական համերգ
Դերասան Կարեն Մկրտչյանի բուժման նպատակով գումար հայթայթելու աշխատանքները շարունակվում են: Այս անգամ կազմակերպվել է բարեգործական համերգ, որտեղ ելույթ կունենան Լիլուն, Լայանան, Արսեն Գրիգորյանը, Գոհար Հարությունյանը, Օլգա Այվազյանը, Լիդուշիկը եւ այլ հայտնիներ: Համերգը կկայանա մայիսի 10-ին՝ ժամը 18:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում:
Ադելը վերադառնում է
Անգլիացի 25-ամյա երգչուհի Ադելը, ով 2011-ին ընդհատել էր իր կարիերան ձայնի հետ ունեցած խնդիրների պատճառով, վերադառնում է բեմ: «Գրեմմի» եւ «Օսկար» մրցանակների արժանացած երգչուհու` 3 տարվա ընդմիջումից հետո առաջին համերգը կկայանա հոկտեմբերին, Լոնդոնի Ալբերտ հոլ սրահում, որից հետո հնարավոր է՝ հաջորդեն համերգներ Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում: Համերգները տեղի կունենան հաջակցություն նրա նոր՝ երրորդ ալբոմի:
Օբաման` սերիալում
ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման մայիսին կհայտնվի հեռուստաէկրաններին: Նա «Nashville» սերիալում կատարել է էպիզոդիկ դեր: «Nashville»-ը ամերիկյան երաժշտա-դրամատիկ հեռուստասերիալ է քանթրի ոճում հանդես եկող կատարողների մասին: Համաձայն սցենարի՝ Միշել Օբաման կմասնակցի բարեգործական համերգին, որը կազմակերպվել է զինծառայողներին եւ վետերաններին աջակցելու համար: ԱՄՆ առաջին տիկնոջ մասնակցությամբ դրվագը եթերում կլինի մայիսի 7-ին: