Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԴԻՎԵՐՍԱՆՏՆԵՐԻՆ ԴԱՏԱՎՃՌԻՑ ՀԵՏՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, անդրադառնալով ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամների դատական գործին եւ նրանց հնարավոր արտահանձման մասին լուրերին, ասաց, որ դատարանի օրինական ակտն ուժի մեջ մտնելուց հետո նոր կարող ենք մյուս քայլերի մասին խոսել:

Տեղեկացնենք, որ երեկ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կայացել է Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ ամբաստանյալ Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստի վիճաբանության փուլը: Գործով դատախազ Կ. Գաբրիելյանն առաջարկել է ԼՂՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների համաձայն ամբաստանյալ Դիլհամ Ասկերովին դատապարտել ցմահ ազատազրկման, իսկ Շահբազ Գուլիեւին՝ 22 տարվա:
«Ժողովուրդ»-ը դիվերսանտների գործի մասին զրուցեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի հետ:
-Պարո՛ն Դանիելյան, հետեւո՞ւմ եք ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ ամբաստանյալ Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստերին:
-Այնքանով, որքանով օրենսդրությունը եւ իմ լիազորություններն են թույլ տալիս, հետեւել եմ դատավարական պրոցեսին:
-Այս դործով դատախազ Կ. Գաբրիելյանն առաջարկել է ԼՂՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների համաձայն ամբաստանյալ Դիլհամ Ասկերովին դատապարտել ցմահ ազատազրկման, իսկ Շահբազ Գուլիեւին՝ 22 տարվա ազատազրկման: Համաչափ համարո՞ւմ եք մեղադրող դատախազի առաջարկը:
-Կողքից ոչ ոք իրավասություն չունի որեւէ գնահատական տալ, դա միայն կարող է գործը քննող դատավորը, իր համոզմունքներից ելնելով, ասել, թե որքանով է համապատասխանում իր կատարած հանցանքն իրականացրած գործողություններին:
-Երբ սկսվեցին դիվերսանտների գործով դատական նիստերը, Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ Լեռնային Ղարաբաղն ադրբեջանցիների նկատմամբ դատական գործ հարուցելու իրավաբանական հիմքեր չունի, եւ դատարանի կայացնելիք վճիռը «իրավաբանական ուժ չի կարող ունենալ»:
-Արդեն 25 տարի է՝ մենք ունենք մեր դատական համակարգը, որը գործում է արդյունավետ` իրականացնելով ե՛ւ քրեական, ե՛ւ քաղաքացիական, ե՛ւ վարչական արդարադատություն: Թե այսօր Ադրբեջանը ինչ գնահատական է տալիս, դա արդեն իր խնդիրն է: ԼՂՀ-ին չճանաչված լինելն է խոչընդոտում, որ կարողանանք դիմել վերպետական ատյաններին` Մարդու իրավունքների եվրոպական դատարանին:
-Արդյո՞ք այս պատմության մեջ միակ մեղավորներն ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամներն էին: Ի վերջո, վերջիններս երկար ժամանակ ազատ մուտք ու ելք են ունեցել ԼՂՀ, առեւտուրով են զբաղվել: Արդյո՞ք ԼՂՀ եւ ՀՀ համապատասխան մարմինների, օրինակ՝ Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, պաշտպանության նախարարության բացթողումը չէր, որ ունեցանք այս պատկերը:
-Առեւտրով զբաղվելը, այլ վարկածները դրանք խոսակցություններ են, դատարանը կհաստատի՝ եկել են, գնացել են, թե ինչ են արել: Ավելին՝ ոչ մեկ իրավասություն չունի գնահատական տալու, որ այս մի կառույցը լավ է աշխատել, կամ այս մի կառույցը լավ չի աշխատել: Դիվերսանտների աշխատանքի իմաստն էլ լրտեսությունն է: Բոլոր պետություններում էլ դիվերսանտներ կան: Կարող է նույն դիվերսանտը հայ էլ լինի: Կարող է անգամ նույն վնասը ոչ ադրբեջանցու կողմից կատարվի, դա միանշանակ չէ, որ եթե թուրք է կամ ադրբեջանցի, ապա դիվերսանտ է: Ամերիկան է՛լ, Ռուսաստան է՛լ անվտանգության համակարգեր ունենալով՝ եռամսյակը մեկ հայտնաբերում են ինչ-որ լրտեսներ կամ հետախուզական աշխատանքներ իրականացնող անհատներ: Մենք նման իրավիճակում լինելով՝ չենք կարող բացառել, բայց երեւի թե է՛լ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք այդ հարցերին:
-Արդյո՞ք այս դեպքն ինչ-որ չափով բարձրացրեց պատասխանատվության կամ առավել զգոն լինելու անհրաժեշտության գիտակցումը:
-Միշտ էլ զգոնությունը կա սահմանում, պատերազմն ավարտված չէ, եւ այդ զգոնությունը միշտ էլ պետք է լինի: Բոլորիս պարտքն է զգոն լինելը:
-Իսկ հնարավոր համարո՞ւմ եք դիվերսանտներին Ադրբեջանին արտահանձնելու տարբերակը:
-Դժվար է այդ մասին խոսել: Մինչեւ դատարանի օրինական ակտը ուժի մեջ չմտնի, որեւէ բան ասել չենք կարող: Օրինական ուժի մեջ մտնելուց հետո նոր կարող ենք մյուս քայլերի մասին խոսել:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ՃՆՇՈՒՄ ԵՆ ԴԵՐԱՍԱՆԻՆ

Սիրված դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատաքննությունը վերսկսվել է, քանի որ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը քաղաքացիական հայց է ներկայացրել դերասանի դեմ՝ պահանջելով մոտ 12 միլիոն դրամ:

Այդ գումարի մեջ մտնում են տուժողներից Տաթեւիկ Հակոբյանի 2 տարվա վերականգնողական ծախսերը՝ 7 միլիոն 830 հազար դրամ, տաքսի ծառայության համար՝ 1 միլիոն 444 հազար դրամ (Տաթեւիկը դեռ չի կարողանում օգտվել հասարակական տրանսպորտից), դեղահաբերի, թերապիաների, հիվանդանոցային սենյակի, փաստաբանական ծառայությունների համար: Ընդհանուր հաշվով միայն Տաթեւիկի համար հայցով պահանջվել է 10 միլիոն 165 հազար դրամ:
Սակայն սիրված դերասան Վարդան Պետրոսյանը դատարանում հայտարարել է, որ իր առջեւ այս պահին բոլոր դռները փակ են, ինքը չի աշխատում եւ ի վիճակի չէ վճարելու: Արդյո՞ք այս իրավիճակը հաշվի առել են հայցվորները, հնարավո՞ր է՝ փոխզիջում լինի, եւ հաշտություն կնքվի: «Ժողովուրդ»-ի այս հարցին Ռուբեն Բալոյանը պատասխանեց, թե կոմպրոմիսների գնալու ժամանակն անցել է: «Երբ ես հատուցում էի առաջարկում, քմծիծաղի արժանացավ: Ինքս էլ կցանկանայի, որ այդ հաշտությունը լիներ, եւ այս ամեն ինչին վերջակետ դրվեր: Բայց… Դա ինձ հետ կապ չունի: Ինձ ճիշտ հասկացեք: Իմ վստահորդի հետ էլ կապված չէ: Այն միայն պաշտպանական կողմի դիրքորոշման հետ է կապված: Ցանկացած մարդ պետք է ունենա հստակ դիրքորոշում, լինի իր խոսքի տերը: Շուտով կգա ժամանակը, եւ բոլորդ կհասկանաք` ինչ է տեղի ունեցել իրականում»,-շարունակեց Ռուբեն Բալոյանը:
Իսկ հարցին, թե ճի՞շտ է Վարդան Պետրոսյանի այն հայտարարությունը, որ դեպքից անմիջապես հետո իր հարազատները պարբերաբար դիմել են Տաթեւիկին օգնելու հարցով, սակայն մշտապես մերժում են ստացել նրա հարազատներից, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ո՞նց են փորձել օգնել, ես դա չեմ կարողանում հասկանալ մինչեւ հիմա: Ինչո՞վ են փորձել օգնել, որ տուժողները չեն թողել: Որ եկել են հիվանդանոց, մի հատ ծիկ են արել ու գնացել, դա նշանակում է` եկել են, փորձել են օգնե՞լ: Սա իրականությանը չի համապատասխանում»:
Ահա, այսպես սիրված եւ ճանաչված դերասանի համար փորձանքը դարձել է իսկական մղձավանջ. նրա կյանքի անիվն ասես ընկած լինի սեւ հարթության վրա: Տպավորություն է, որ ինչ-որ «ուժեր» փորձում են «ընկած» դերասանին մինչեւ վերջ ոչնչացնել: Հուսանք՝ այս վիճակն արագ կավարտվի, եւ հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա Վարդան Պետրոսյանի ներկայացումները վայելելու: Անկեղծորեն կարոտել ենք դրանց:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
«Ժողովուրդ»-ը անդրադարձել էր դեկտեմբերի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 2-րդ կայազորային քննչական բաժնի հատկապես կարեւոր գործերով քննիչ Շ. Կ. Հայրապետյանի ձերբակալմանը: Իրականում թե ինչ հանգամանքներում է բացահայտվել այս գործը, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանն այսպես պարզաբանեց. «Ապատեղեկատվությունից խուսափելու համար ասեմ, որ Շ.Կ.Հայրապետյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 38-312-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքներ կատարելու համար: Ենթադրյալ խարդախությունը բացահայտվել է գործի դատական փուլում: Պարզվել է, որ մեկ այլ քննիչի վարույթում քննված գործով Շ.Կ. Հայրապետյանը ամբաստանյալից գումար է պահանջել՝ պատիժը մեղմացնելու համար հսկող դատախազին փոխանցելու պատրվակով: Այս մասին տեղեկացել է մեղադրող դատախազը դատարանում եւ անմիջապես համապատասխան միջոցառումներ է ձեռնարկել: Թիվ 2 կայազորի զինվորական դատախազի որոշմամբ՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 38-312-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննությունը վարում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը»:

 

ԻՍՈՅԻ ԿԱԼԱՆՔԻ ՄԵԿ ՏԱՐԻՆ
Հանցաշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանի՝ Թեւոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով կալանավորված Իսրայել Սարգսյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգվել է: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ Իսոյի հարազատներին մոտ կանգնած աղբյուրներից: Չնայած նրան, որ Իսոյի հարազատները սպասում էին, թե նրան մինչեւ 2014թ. դեկտեմբերի վերջին ազատ կարձակեն, ինչպես ազատ արձակեցին այս գործով կալանավորված Տիգրան Ասատրյանին, սակայն հույսերը գնալով մարում են:
Հիշեցնենք, որ սպանությունը տեղի էր ունեցել Արամի նրբանցքի 5/ա շենքի բակում, որտեղ ապրում էր Արթուրը: Այս գործը սկզբում քննվում էր ՀՀ ոստիկանությունում, սակայն ավելի ուշ գործի քննությամբ սկսեց զբաղվել ազգային անվտանգության ծառայությունը: Հավելենք, որ մեզ հասած տեղեկություններով՝ Իսրայել Սարգսյանի հարազատները կարծում են, որ միգուցե այս գործով լրանա մեկ տարին, եւ դրանից հետո նոր ազատ թողնեն իրենց հարազատին: Սպանության մեկ տարին կլրանա հունվարի 27-ին:

 

ԿՀԱՆԴԻՊԵՆ
«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման՝ դեկտեմբերի 20-ին դեպի Արցախ նախատեսված ավտոերթի նախօրեին Արցախի ղեկավարությունը շարժման ներկայացուցիչներին առաջարկել է հանդիպել եւ քննարկել Արցախի իրավիճակի առանձնահատկություններով պայմանավորված որոշ հարցեր: Հաշվի առնելով Արցախի ռազմավարական դերն ու նշանակությունը հայության եւ Հայաստանի կյանքում՝ երեկ շարժման ներկայացուցիչները մեկնել են Արցախ՝ Բակո Սահակյանի հետ հանդիպելու եւ առաջարկվող հարցերը քննարկելու համար:




Լրահոս