ՀՈՎԱՆԱՎՈՐՉՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱԿԱՆՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեպետ վերջին շրջանում տեղի ունեցած դեպքերը քաղաքական առօրյայից ժամանակավորապես հեռացրին սահմանադրական փոփոխությունների խնդիրը, իշխանություններն ակնհայտորեն չեն պատրաստվում հրաժարվել դրանից: Ավելին՝ բռնությունների ու տնտեսական ամենաթողության շարունակականությունն ավելի եւս համոզում է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը չի պատրաստվում փոխել մեթոդները՝ անկախ սահմանադրական նորմերի վերանայումներից: Այդուհանդերձ, հարկ է անդրադառնալ Սարգսյանի կողմից ձեւավորված հանձնաժողովի հրապարակած «Հայեցակարգին»՝ փորձելով հասկանալ, թե որքանով է թղթի վրա շարադրված ցանկությունը համապատասխանում իրական կյանքում տիրող դրությանը: Այսօր կքննարկենք փաստաթղթի՝ գործադիր իշխանության երկատվածությանը վերաբերող պնդումը, որը սահմանադրականության համատեքստում լիովին արդիական է, սակայն ներկայումս տեղի ունեցող գործընթացների համատեքստում՝ վերացական:

Այսպես՝ հրապարակված փաստաթղթի «Ներածություն» բաժնում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորելու համար բերվում է հետեւյալ փաստարկը. «Անկատար են գործադիր իշխանության համակարգի սահմանադրական հիմքերը, այն չունի ներքին կուռ տրամաբանություն, գործառույթների ու լիազորությունների հստակ սահմանազատում: Օրակարգային հրատապ հարց է առկա անհստակության եւ երկվության հաղթահարումը գործադիր իշխանության գործառութային դերի, իրավասության եւ պատասխանատվության միջեւ»: Ուշագրավ է, որ այս պնդումը բավականին հիմնավոր է իր բնույթով, քանզի գործող Սահմանադրությամբ նախատեսված գործադիր իշխանությունը, ըստ էության, մասնատված վիճակում է, ինչը թույլ է տալիս պատասխանատվության հարցում լղոզված ու անհասցե մեկնաբանություններ կատարել: Ակնհայտ է, որ Կառավարությունում վարչապետի գործառույթը չի կարող լիովին արդյունավետորեն իրականացվել հենց թեկուզ այն պատճառով, որ ուժային կառույցների ղեկավարները նրան չեն ենթարկվում: Ի վերջո, գործող Սահմանադրության համաձայն՝ նախարարներին նշանակում է նախագահը վարչապետի առաջարկությամբ, ինչը նշանակում է, որ կադրային տվյալ որոշման պատասխանատվության պարագան իմպերատիվ բնույթ չի կրում:
Հայեցակարգում, սակայն, բացատրված չէ նաեւ, թե ինչպիսի ընթացակարգ է նախատեսվում վերոհիշյալ ողջ գործընթացի համար: Վերջ ի վերջո, նախագահը կարող է եւ չնշանակել վարչապետին ցանկալի թեկնածուին, ինչը միանշանակորեն կոնֆլիկտ է հարուցում: Ի դեպ, 1990-ականների կեսերին վարչապետ Հ. Բագրատյանն ուժայինների հետ խնդիրներ ուներ, ինչն այդպես էլ սահմանադրական կանոնակարգման չենթարկվեց: Ցավալիորեն, 2005թ. սահմանադրական փոփոխությունների արդյունքում այս խնդիրը չլուծվեց, թեպետ վարչապետի դիրքերը մի փոքր ուժեղացան: Պատասխանատվության երկվությունը շարունակվեց, քանի որ փոփոխությունները կառավարման համակարգում իրական հավասարակշռություն ստեղծելուն չէ, որ միտված էին: Այդժամ Քոչարյանը, անձամբ խախտած լինելով ՀՀ Սահմանադրությունը, անշուշտ, չէր կարող իրավական կարգեր հաստատել, այլ պարզապես նպատակ ուներ իր համար ստեղծել այնպիսի Սահմանադրություն, որ, շախմատային եզրույթով ասած, «փոխատեղմամբ» բազմեր վարչապետի աթոռին: Չխորանալով չիրականացած ծրագրերի մանրամասնություններում՝ հարկ է հստակորեն գնահատել, որ սահմանադրական վերոնշյալ փոփոխությունները չանդրադարձան այս կարեւորագույն հարցի լուծմանը: Այսուհանդերձ, ներկայումս տիրող իրավիճակում սա, իհարկե, խնդիր չի կարող հարուցել, քանզի հազիվ թե Սերժ Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի միջեւ գործառութային հակասություններ առաջանան ինչ հարցով էլ որ լինի: Արամ Սարգսյանի վարչապետությունից հետո գործադիրի ներսում հստակ իրավիճակ է ստեղծված՝ որոշողը Քոչարյանն է (այժմ՝ Սարգսյանը), իսկ վարչապետի պաշտոնը զբաղեցնողները լոկ քավության նոխազներն են: Պետական մարմնի նման ապականումն ուղղակիորեն չի կարող կարգավորվել՝ Սահմանադրության մեջ մի քանի տող փոփոխելով, առավել եւս այն պարագայում, որ այդ փոփոխություն անողներն հենց համակարգն այլասերողներն են:
Հարկավ, գործադիրի գործառույթների ու լիազորությունների ճշգրտման խնդիր կա սահմանադրականության մակարդակում, այն էլ, եթե երկիրը զարգանում է նորմալ գործընթացների հիման վրա: Դրա լուծումը գտնվել է առողջ քաղաքական համակարգերում, բայց ոչ միայն խոսքով, այլեւ առաջին հերթին՝ գործով: Միացյալ Նահանգներում, օրինակ, վարչապետի ինստիտուտ գոյություն չունի, եւ գործադիր իշխանության համապարփակ գործառույթը վերապահված է անմիջականորեն նախագահին: Այնտեղ չկան նաեւ նախարարներ, որոնց փոխարեն՝ համապատասխան ոլորտների պրոֆեսիոնալ քարտուղարներ, ովքեր կոչվում են նախագահի խորհրդակիցներ: Հատկանշական է, որ կրկնաստորագրության ինստիտուտի կիրառմամբ յուրաքանչյուր սխալի պատասխանատուն համապատասխան պաշտոնյան է, ով պատասխանատու է Կոնգրեսի առաջ: Ի դեպ, այս պրակտիկան ավելի վաղ սկսել է կիրառվել Մեծ Բրիտանիայում, որտեղ կրկնաստորագրության ինստիտուտի միջոցով լուծվեց քաղաքական պատասխանատվության խնդիրը: Մեզ մոտ, սակայն, այժմ որքան էլ կրկնաստորագրություն ու նման այլ քաղաքակիրթ մեթոդներ ներմուծենք, միեւնույնն է, ոչ ոք պատասխան չի տալիս եւ չի էլ տալու, քանի դեռ քաղաքական կամք եւ ցանկություն չկա: Արդ, ներկայումս տեղի ունեցող ֆինանսական խայտառակության համար տեսանելի պատասխանատուն Կենտրոնական բանկն է, իսկ մի՞թե նրա ղեկավարները մտածում են գոնե հրաժարականի, իդեալիստները կասեն՝ սխալների ու բացթողումների համար պատասխանատվության կանչվելու մասին: Բնականաբար` ոչ, քանզի նրանց էլ հովանավորում է օլիգարխիկ համակարգը եւ անձամբ՝ Սերժ Սարգսյանը, ուստի եւ խնդիրների լուծումը պետք է լինի ոչ թե հռչակագրային մակարդակով, այլ պրակտիկ եւ հաշվենկատ քայլերով:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻՉ ԵՎ ՄԱՐԶԻԿ

Գյումրին ընտրեց տարվա լավագույն մարզիկին: Գյումրիի մարզաշխարհի ներկայացուցիչների բուռն քննարկումներից հետո հայտնի դարձան քաղաքի 2014 թվականի լավագույն մարզիկի եւ մարզիչի անունները: Ներկաներից, թերեւս, ոչ ոք անակնկալի չեկավ, երբ լավագույնների տիտղոսին արժանացան հայր եւ որդի Ալեքսանյանները:

Արդեն մի քանի տարի է՝ Գյումրիի լավագույն մարզիկ է ճանաչվում հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի եւ եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, իսկ լավագույն մարզիչ կոչմանն այս տարի արժանացավ Արթուրի անձնական մարզիչը՝ հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը: Ի դեպ, նշենք, որ Արթուրն այս տարի ճանաչվեց նաեւ հանրապետության լավագույն մարզիկ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գեւորգ Ալեքսանյանն անկեղծացավ. «Չափազանց հաճելի է, պարտավորեցնող առաջատար լինելը, այն էլ՝ Գյումրիում, քանի որ Գյումրին սպորտային քաղաք է, ուստի այստեղ առաջինը լինելը հպարտություն է: Թեկուզ չընտրվեի, միեւնույն է՝ սպորտային բնավորությունն այնպիսին է, որ ամեն անգամ պետք է ապացուցես, որ դու լավն ես, առաջինն ես, քանի որ այդպես է ծնվում մրցակցությունը: Համաձայն եմ, գուցե այստեղից մարդիկ եղան, որոնք դուրս եկան վրդովված, բայց համոզված եմ, որ հետո նրանք ընդունելու եւ հասկանալու են, որ ամեն ինչ ճիշտ է»:
Գյումրիի լավագույն մարզիչ եւ հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցի տնօրեն Գեւորգ Ալեքսանյանը նկատեց եւ կարեւորեց այսօր հատկապես ԶԼՄ-ների դերը: Նշեց, որ նախկինում խուսափում էր հարցազրույցներից, իսկ հիմա սիրով է այն անում, քանի որ հենց լուսաբանման շնորհիվ է, որ մեծացել է մարզադպրոց հաճախող սաների քանակը, սա նկատելի առաջընթաց է:
Շիրակի մարզպետարանի մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանն էլ ասաց, որ 2014թ.-ին մարզում գործել է 28 մարզաձեւ: Տարբեր մարզաձեւերից մարզիկները մասնակցել են աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների: Ընդհանուր հաշվարկով նվաճել են 58 մեդալ՝ 27 ոսկե, 9 արծաթ եւ 21 բրոնզ: Այս արդյունքները վերջին տարիներին մարզում գրանցված լավագույն արդյունքներն են:
Իսկ թե որքան կարեւոր է սպորտի համար 2015-ը, մշակույթի եւ սպորտի բաժնի պետն ասաց. «Եկող տարին շատ կարեւոր է, քանի որ նախաօլիմպիական է, առջեւում Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերն են: Պետք է անենք ամեն ինչ, որ մեր ծանրամարտիկներն ու ըմբշամարտիկները կարողանան օլիմպիական ուղեգրեր ձեռք բերեն»:
Նշենք նաեւ, որ Գյումրին ճանաչվել է մեր հանրապետության 2014 թվականի լավագույն մարզական համայնք, որը շնորհվել է ոչ միայն մարզիկների ցուցաբերած արդյունքներով, այլեւ քաղաքի մարզակառույցների քանակով: Մարզակառույցների քանակով Գյումրին Երեւանից հետո երկրորդն է:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի

 

 

 

ԳԱԶԸ ԷԺԱՆԱՑԵԼ Է, ԲԱ ՏԱՔՍԻ՞Ն

Մոտ 10 օր առաջ Իջեւան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհի եզրին գործող ավտոգազալցավորման ճնշման կայանի (ԱԳԼՃԿ) սեփականատերերը փոխվեցին: Այդ ԱԳԼՃԿ-ն Տավուշի մարզում ավտոգազալցավորման առաջին կայանն էր, տարիներ շարունակ այն մարզում նման միակ կայանն էր: Դրա առաջ մշտապես մեքենաների երկար հերթեր էին:

Նշված ԱԳԼՃԿ-ի սեփականատերերից մեկը Տավուշի նախկին մարզպետ, այժմ քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանն էր: Պատահական չէր, որ ավտոգազալցավորման կայանի գլխին փակցված էր ՀՀԿ-ի «Հավատանք, որ փոխենք» նախընտրական կարգախոսը: Իջեւանից ստացված տեղեկություններով՝ օրերս այդ ԱԳԼՃԿ-ն Էջմիածնից ինչ-որ գործարարներ են գնել, կայանն աշխատեցնում են աչաջրեցի տղաներ:
Նոր սեփականատերերը վաճառվող մեկ խորանարդ մետր գազի գինը 200 դրամից իջեցրել են 160-ի: Դրանից հետո Իջեւանի տարածաշրջանի բոլոր ԱԳԼՃԿ-ները ստիպված եղան իջեցնել իրենց կողմից վաճառվող գազի սակագինը եւ վաճառել դարձյալ 160 դրամով: Այս պահի դրությամբ միայն Իջեւան քաղաքի գինու, կոնյակի գործարանի հարեւանությամբ գործող գազակայանում են բարձրացված 200 դրամով վաճառում:
Հավելենք, որ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում գազի գինն այժմ 200 դրամ է:
Զարմանալի է, որ թեեւ Իջեւանում գազի գինը նվազել է, այնուամենայնիվ, տաքսի ծառայությունների գները շարունակում են բարձրանալ: Նախկինում Իջեւանից դեպի Նոյեմբերյան քաղաք 57 կմ ճանապարհը հաղթահարելու համար իջեւանցի տաքսիստները պահանջում էին 5 հազար դրամ: Դեկտեմբերի 19-ին Իջեւանից Նոյեմբերյան հասցնելու համար տաքսու վարորդները պահանջում էին 6-7 հազար դրամ: Նկատենք, որ այդ տաքսիստների զգալի մասը հարկային դաշտում չի աշխատում: Բայց չնայած դրան, Տավուշի տարածքային հարկային տեսչությունն անցյալ ամիս գերակատարելով մարզից հավաքագրվող հարկերի պլանը՝ ճանաչվել է որպես Հայաստանի լավագույն տարածքային հարկային տեսչություն:
Իհարկե, Ադրբեջանի հետ 350 կմ սահման ունեցող մարզում հարկերի հավաքագրման պլան կատարելը բարդ գործ է, քանզի մարզի խոշոր հարկատուները՝ «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն, Դիլիջանի միջազգային դպրոցը, «Ֆլիշինը», հարկեր են մուծում Երեւանում, ՊԵԿ խոշոր հարկատուների վարչությունում: Բայց միաժամանակ տաքսու վարորդներն էլ չպետք է կարողանան օգտվել «երկրի գլուխը խառն է» իրավիճակից եւ ինքնագլուխ գների բարձրացում անեն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս