Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի գլխավորած պատվիրակությանը:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից armlur .am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկմանը, ինչպես նաեւ մեր հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի զարգացմանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել այս ոլորտում երկու հայկական պետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ համագործակցության հեռանկարներին:
ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ երբեւէ կվերագործարկվի՞ Արցախի օդանավակայանը, եւ ի՞նչն է խանգարում, որպեսզի այդ գործընթացն ավելի արագ ընթանա՝ ունենալով նույնքան հրատապ հանգուցալուծում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ոչ մի խնդիր չկա, որպեսզի օդանավակայանը գործարկվի, ես եղել եմ այնտեղ: Այնտեղ աշխատում են բարձրակարգ մասնագետներ, եւ վստահ եմ, որ շուտով այն կվերագործարկվի: Միայն մի խնդիր կա. լավ կլիներ, որ մեր մեծահարուստները մի քանի ինքնաթիռ նվիրեին:
ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, արցախյան գոյամարտի հերոս, ԴՕՍԱԱՖ-ի պետ, գեներալ-մայոր
ՊԱՏԱՍԽԱՆ. Իհարկե կվերագործարկվի: Ամեն ինչ պատրաստ է, շուտով կսկսենք աշխատել, ուղղակի մի քի՛չ էլ համբերեք: Հավատացնում եմ ձեզ, որ ոչ մի խոչընդոտ չկա` ո՛չ տեխնիկական, ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական: Մի փոքր համբերություն, եւ կաշխատենք:
ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ
ՊԱՏԱՍԽԱՆ. Իմ կարծիքով՝ դա անպայման կգործարկվի, իսկ թե երբ կլինի, ես կդժվարանամ ասել: Խնդիրներ կան, որոնք կապված են կազմակերպչական հարցերի հետ, իսկ այդ հարցերը մինչեւ հիմա լուծված չեն:
ԴՄԻՏՐԻ ԱԴԲԱՇՅԱՆ
Արցախի Հանրապետության
կառավարությանը կից ՔԱՎ պետ
ՊԱՏԱՍԽԱՆ. Մի շարք հանգամանքներ խանգարում են, որ օդանավակայանը գործի: Ինչքան որ տեղեկացված եմ, լիովին չեն ավարտվել օդանավակայանի վերագործարկման աշխատանքները, որպեսզի շահագործման հանձնվի: Անվտանգության երաշխիքներն էլ են անհրաժեշտ պայման, որ ամեն ինչ նորմալ լինի, եւ հետո, միջազգային օդագնացության ընկերությունն էլ պետք է երաշխիք տա, քանի որ ադրբեջանցիներից ամեն ինչ սպասելի է: Բայց կասկած չունեմ, որ օդանավակայանը կվերագործարկվի:
ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ