Ապօրինի հողահատկացումներ Սեվան ազգային պարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` “Սևան ազգային պարկ” ՊՈԱԿ-ի և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ:
Ուսումնասիրելով “Սևան ազգային պարկ” ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման վերաբերյալ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունից ստացված նյութերը` պարզվել է, որ հողահատկացումների գործընթացում արձանագրվել են մի շարք ապօրինություններ, կեղծիքներ:
Մասնավորապես` 2007-2010 թթ. ընթացքում “Սևան ազգային պարկ” ՊՈԱԿ-ի և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ծառայողական պարտականությունները չկատարելով, մի շարք անձանց հատկացրել և նրանց անվամբ վարձակալության կամ կառուցապատման տրամադրման իրավունքով գրանցել են ՊՈԱԿ-ին հատկացված, պետական սեփականություն հանդիսացող հողատարածքներ:
Ըստ քրեական գործի նյութերի` հիշյալ պաշտոնատար անձինք, ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության կամ կառուցապատման տրամադրման, վարձավճարների հավաքագրման, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթացում խախտելով անշարժ գույքի պետական գրանցման վերաբերյալ օրենսդրության, ՀՀ Կառավարության` 2008 թ. դեկտեմբերի 18-ի 1563-Ն որոշմամբ և ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված կարգի, ՊՈԱԿ-ի հողատարածքների հետ կապված գործարքների նոտարական վավերացումների ու գրանցումների սահմանափակումների վերաբերյալ 2009 թ. նոյեմբերի 10-ի արձանագրության պահանջները, ապօրինի, այն է` սահմանված նիշից ցածր, առանց մրցույթի կամ մրցույթով սահմանված ժամկետների խախտմամբ, կեղծիքների միջոցով հատկացրել են հողատարածքներ:
Արդյունքում` նշված գործողությունների, ինչպես նաև տարիների ընթացքում կուտակված վճարների 257 000 000 դրամը հավաքագրելու ընթացքում վերոհիշյալ անձինք իրենց ծառայողական պարտականությունները չեն կատարել, որի հետևանքով պետությանը պատճառվել է էական վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:
Միաժամանակ պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցեր է հարուցել դատարան` ապօրինի հողահատկացումների մասին պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջով:




Լրահոս