Երեկ ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատաիրավական խնդիրներին եւ բարեփոխումներին նվիրված խորհրդակցություն: Հիշեցնենք, որ նմանատիպ մի խորհրդակցություն էլ Սերժ Սարգսյանը հրավիրել էր 2011-ի ապրիլի 21-ին՝ հանձնարարելով «նոր թափ հաղորդել» մարտի 1-ի գործին: Սակայն մինչ օրս այդ գործը շարունակում է «քնել»:
Թվում էր՝ երկրի ղեկավարը երեկ հավաքած ձեւաչափում որեւէ կերպ պետք է արձագանքեր «Հարսնաքար»-ի ծեծի խայտառակ դեպքին, բայց ոչ: Սերժ Սարգսյանից աջ նստած ազդեցիկ պաշտոնյան հոգացել էր օրակարգի մանրամասները՝ սլաքն ուղղելով փաստաբանների բողոքին եւ այն հանդարտեցնելու «դժվարագույն» խնդրին: Դրա համար էլ որեւէ էական հարց (գոնե պաշտոնապես) ՀՀ նախագահը չի քննարկել ուժային կառույցների ղեկավարների հետ:
«Ժողովուրդ»-ի՝ ՀՀ նախագահի նստավայրին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հատկապես վերջին շրջանում լրջորեն զբաղվում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանով: Սարգսյանի հետ միջնորդավորված խնամի Հարությունյանն իր առջեւ խնդիր է դրել առավելագույնը ՀՀ արդարադատության նախարար, իր սիրելի Հրայր Թովմասյանին նշանակել տալ Վճռաբեկ դատարանի նախագահ, իսկ նվազագույնը նախազգուշացնել Մկրտումյանին, որպեսզի ավելի վերահսկելի դառնա (հավանաբար դա էր պատճառը, որ երեկվա նիստին Մկրտումյանը չկար): Բանն այն է, որ Մկրտումյանն իրեն դատական իշխանության լիակատար տեր է զգում՝ հաճախ ՍԴ-ին մեղադրելով անարդարության մթնոլորտի արմատացման մեջ:
Իհարկե, Հրայր Թովմասյանը մեր տեղեկությունները համարեց «բեսեդկային բամբասանքներ», սակայն դրանից իրավիճակը չի փոխվում: Ժամանակին նա գրեթե այդպես կտրուկ հերքում էր, որ նախարար է դառնալու:
ԳԼԽԱՎՈՐ ԴԻՐԻԺՈՐԸ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ