ՀԱՆՈՒՆ «ՕԲՅԵԿՏՆԵՐԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկախությունից ի վեր միակ էկոլոգիական խնդիրը, որն իշխանություններին հաջողվեց լուծել, Սեւանա լճի մակարդակի բարձրացումն էր: Իննսունականների վերջին Սեւանա լճի մակարդակի նվազման տեմպերն այնքան աղետալի էին, որ ամեն օր թե՛ մամուլով, թե՛ հեռուստատեսությամբ եղանակի տեսության հաղորդումների վերջում նշվում էր, թե էլի քանի սանտիմետրով է իջել լճի մակարդակը: Ամենատարբեր հարթություններում` թե՛ մասնագիտական, թե՛ քաղաքական, քննարկվում էր Սեւանը փրկելու ազգային ծրագիրը: Իշխանությունները նշում էին, որ միակ ելքը գյուղատնտեսական նպատակներով լճից ջրառը դադարեցնելն է, ինչը, սակայն, կարող է հանգեցնել գյուղատնտեսական աղետի, մասնագետներն էլ ահազանգում էին, որ այդպես շարունակվելու դեպքում մի քանի տասնամյակ անց լճի իսպառ ցամաքումն արդեն անկասելի կդառնա: Սակայն ինչպես տեսանք, լճի մակարդակն ի վերջո բարձրացավ` առանց գյուղատնտեսական աղետի եւ ջրառի առանձնապես մեծ կրճատման: Ո՞րն էր գաղտնիքը: Իսկ գաղտնիքը շատ պարզ էր, եւ այն, ցանկության դեպքում, կարելի էր շատ հեշտորեն բացահայտել. բավական էր մի քանի անգամ գիշերային ժամերին այցելել, ասենք, Հրազդանի կիրճ եւ տեսնել, թե ցերեկը կիսացամաքած գետը մութն ընկնելուն պես ինչքան է վարարում` գրեթե ափերից դուրս գալու չափ: Ջրի հենց այդ գիշերային բացթողումներն էին, որ օրեցօր ցամաքեցնում էին Սեւանը: Եւ մինչ մասնագետներն ու ողջ ազգը մտահոգվում էր լճի փրկությամբ, որոշ չինովնիկներ, գիշերները «լեւի» ջուր բաց թողնելով եւ էլեկտրաէներգիա արտադրելով, միլիոններ էին աշխատում:  Բնականաբար, նրանք դա չէին կարող անել` առանց  բարձրագույն իշխանությունների առնվազն գիտության: Գրեթե մեկուկես տասնամյակ Սեւանա լճից միլիոններ քամելուց հետո իշխանությունները, ի վերջո, որոշեցին, որ բավական է. դժվար է ասել` որն էր պատճառը: Արդյո՞ք նրանց խիղճը սկսեց տանջել, թե՞ համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում ներկայացված  հաշվարկները ցույց տվեցին, որ Սեւանից «լեւի» ջուր բաց թողնելն արդեն հավասար կլինի ազգային դավաճանության, դժվար է միանշանակ ասել: Սակայն փաստն այն է, որ համապատասխան կառույցների ղեկավարների հետ խորհրդակցություն անցկացնելուց եւ տրված հստակ հրահանգից հետո Սեւանից գիշերային բացթողումները դադարեցվեցին, ինչից ընդամենը մեկ տարի անց` արդեն 2006թ-ին, լճի մակարդակը սկսեց այնպիսի տեմպերով բարձրանալ, որ անգամ այդ նույն իշխանությանը պատկանող բազմաթիվ առափնյա «օբյեկտներ» ու անտառապատ հատվածներ մնացին ջրի տակ: Հիմա, սակայն, իշխանությունները որոշել են կրկին ավելացնել լճից ջրի բացթողումը` այն հասցնելով 320 միլիոն խմ-ի: Բնականաբար, դա անելու համար ներկայացվելու են բազմաթիվ հիմնավորումներ` սկսած գյուղատնտեսականից, մինչեւ բնապահպանական: Իրականում, սակայն, այս դեպքում էլ շարժառիթները գրեթե նույնն են, ինչ «լեւի» էլեկտրաէներգիա արտադրելու շրջանում` կրկին մի խումբ մարդկանց շահերը, որոնց շքեղ «օբյեկտները» կարող են վտանգվել լճի հետագա բարձրացման դեպքում:




Լրահոս