Հայաստան ներմուծվող ապրանքների քանակը նվազել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը դեկտեմբերի 29-ին ամփոփել է տարվա ընթացքում նախարարության կատարած աշխատանքը՝ անդրադառնալով նաև 2014-ի մակրոտնտեսական, ֆինանսավարկային և հարկաբյուջետային ցուցանիշներին: Նախարարը կարևորել է Ֆինանսների նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի միավորումը, նախարարության կառուցվածքի օպտիմալացմանն ու գործառույթների լիարժեք իրացմանն ուղղված աշխատանքների իրականացումը:

Անդրադառնալով մակրոտնտեսական ցուցանիշներին` նախարարը նշել է, որ համախառն ներքին արդյունքն իրական արտահայտությամբ 2014 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 3.9 տոկոսով, որը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 1.1 տոկոսային կետով: ՀՆԱ-ի աճը հիմնականում պայմանավորված է եղել գյուղատնտեսության և ծառայությունների` համապատասխանաբար 7.5 և 5.4 տոկոս աճով: Արդյունաբերության ճյուղը համեստ՝ 0.2 տոկոս աճի ցուցանիշ է արձանագրել, իսկ շինարարության ճյուղը բացասական է նպաստել ՀՆԱ-ի աճին՝ նվազելով 3.1 տոկոսով: 2014 թվականի հունվար-նոյեմբերին միջին անվանական աշխատավարձն աճել է 8.0%-ով` կազմելով 167 215 դրամ, որը 2.2 տոկոսային կետով գերազանցել է նախորդ տարվա աճի տեմպը, ընդ որում, պետական եւ ոչ պետական հատվածներում աշխատավարձներն աճել են համապատասխանաբար` 8.1 և 7.7 տոկոսով: ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 2014 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է 0.5 տոկոսով. արտահանումն աճել է 2.1 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 496.5 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը նվազել է 0.1 տոկոսով՝ կազմելով 4 մլրդ 396.3 մլն դոլար:

Նախարարը տեղեկացրել է, որ 2014 թվականին ձևավորվել է թույլ գնաճային միջավայր. նոյեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 2.6 տոկոս, որը պայմանավորվել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը) ապրանքախմբում արձանագրված 3.2 տոկոս գնաճով, ոչ պարենային ապրանքների գների` 1.3 տոկոս և ծառայությունների սակագների 2.1 տոկոս աճով: Նա նշել է, որ բյուջետային ցուցանիշները հիմնականում կատարված են, միաժամանակ, դրանց վրա էական ազդեցություն են ունեցել տնտեսական աճի գործոնները, հարկային արտոնություններ տրամադրող օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաև առանձին ապրանքների միջազգային գների անկումը: Նախարարի խոսքով՝ հարկային եկամուտները 2013 թվականի համեմատ աճել են շուրջ 7%-ով: Գործող հարկ վճարողների կողմից բյուջե վճարած եկամուտների ավելի քան 80%-ն ապահովել են շուրջ 10 հազար ԱԱՀ վճարողներ: Շրջանառության հարկը ընդհանուր եկամուտների մեջ կազմել է մոտ 1.5 տոկոս: Նախարարը նշել է, որ հաջողվել է 2014 թվականի ընթացքում պահպանել հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարձր ցուցանիշ՝ տարին ամփոփելով 23.4 տոկոս հարկեր/ՀՆԱ ցուցանիշով. «Չնայած մարտահրավերներին՝ այս տարի համակարգը ոչ միայն գերավճարի աճ չի ունեցել, այլ նաև մեզ հաջողվել է այդ ուղղությամբ բավականին տպավորիչ արդյունք արձանագրել՝ տարին ավարտելով գերավճարների նվազեցումով»:

Գագիկ Խաչատրյանն անդրադարձել է տնտեսության ստվերայնության նվազեցմանն ու փաստաթղթաշրջանառության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին. «Ռիսկային գնահատված հարկ վճարողների մոտ հունիսից իրականացված հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել է ավելի քան 14 միլիարդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն»,-հայտնել է նախարարը՝ հավելելով, որ կատարված քայլերի արդյունքում հարկ վճարողներն այս տարի, նախորդ տարվա համեմատ, միայն էլեկտրոնային եղանակով դուրս են գրել շուրջ 1.7 միլիոն հատով ավելի հարկային հաշիվ: Տարվա ընթացքում աշխատանքներ են կազմակերպվել դրոշմավորման ենթակա և ենթաակցիզային ապրանքներ արտադրող, ներմուծող և իրացնող հարկ վճարողների հարկային եկամուտների նկատմամբ հսկողության ուղղությամբ: «Արդյունքում միայն առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոլորտի հարկ վճարողների իրացման շրջանառությունն աճել է շուրջ 16 մլրդ դրամով, իսկ վճարված հարկերը՝ 1.1 մլրդ դրամով»,-ասել է Խաչատրյանը՝ հավելելով, որ հարկային մարմնի իրականացրած բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 1 328 ստուգմամբ լրացուցիչ գանձման ենթակա գումար է առաջադրվել ավելի քան 14 միլիարդ դրամի չափով: Նախարարը հայտնել է, որ անցնող տարում Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունն իրականացրել է 45 ստուգում և 1 ուսումնասիրություն, որի արդյունքում արձանագրվել է շուրջ 37 մլրդ դրամի խախտում: «Օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հսկողական 3 795 աշխատանքի արդյունքում արձանագրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումար՝ 13 միլիարդ 936 միլիոն դրամիչափով»,-նշել է Խաչատրյանը՝ հավելելով, որ պարտավորությունների հարկադիր գանձման, իրավախախտումների դեմ պայքարի և քննչական գործողությունների արդյունքում փաստացի ՀՀ պետական բյուջե է վերականգնվել շուրջ 26.5 միլիարդ դրամ: Տարվա ընթացքում բացվել է 27 հազար վարչական վարույթ, հարուցվել է 174 քրեական գործ:

Ֆինանսների նախարարը նշել է 2014 թվականին ստորագրված վարկային և դրամաշնորհային մի շարք համաձայնագրերի մասին, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության հետ համաձայնություն է ձեռք բերվել 270 մլն դոլարի չափով պետական արտահանման վարկի և 30 մլն դոլարի դրամաշնորհային միջոցների ներգրավման վերաբերյալ` ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարաձգման համար: Ընթացիկ տարում փաստաթղթեր են ստորագրվել նաև խոշորագույն միջազգային բանկերի ու կազմակերպությունների հետ: Ստորագրված ֆինանսական փաստաթղթերն առնչվել են ջրամատակարաման և ջրահեռացման բարելավմանը, կոշտ թափոնների կառավարմանը, բյուջետային աջակցությանը, կրթության բարելավմանը, կանանց ձեռներեցության աջակցմանը և այլ ոլորտների: Նախարարը հայտնել է միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ կատարված զգալի աշխատանքի մասին:

Խաչատրյանի խոսքով՝ տարին նշանավորվել է նաև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության գործընթացով, որի շրջանակներում կազմակերպվել են Ճանապարհային քարտեզով հաստատված` համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության միջոցառումների իրականացման և տեղեկատվության տրամադրման աշխատանքները: Նախարարն անդրադարձել է նաև հարկային և մաքսային օրենսդրության և գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ կատարված քայլերին՝ հիշեցնելով Համաշխարհային բանկի ամենամյա՝ Doing Business-ի վարկանիշային ցուցակում մեր երկրի առաջընթացի մասին: Նախարարը տեղեկացրել է, որ անցնող տարում շահագործման է հանձնվել 3 սպասարկման կենտրոն, իսկ հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնը պատասխանել է շուրջ 142 հազար դիմումի. «Հարկային, մաքսային և քաղաքացիական ծառայողների վերապատրաստման նպատակով կազմակերպվել է շուրջ 790 ակադեմիական ժամ տևողությամբ վերապատրաստման դասընթաց, որոնց մասնակցել են ավելի քան 1800 հարկային և մաքսային ծառայողներ»:

Գագիկ Խաչատրյանի խոսքով՝ անցնող տարում մեծապես կենտրոնալով շենքային պայմանների բարելավման ուղղությամբ, 2015 թվականին նոր լիցք է հաղորդվելու կադրերի մասնագիտական որակների բարձրացման աշխատանքներին: Գալիք տարում կարևոր անելիքներից է լինելու նաև միջազգային համագործակցության ընդլայնումը, սահմանային անցակետերի արդիականացման ծրագիրն ավարտին հասցնելը:




Լրահոս