ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՀՈՒՄ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանում մի իրավիճակ է ձեւավորվել, որը շատ նման է «Կովկասի գերուհին» ֆիլմի երկխոսություններից մեկին. նախկին ԱԳՆ Վարդան Օսկանյանի մասին ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի հայտարարությունից հետո կա՛մ Վարդան Օսկանյանը պետք է նստի, կա՛մ Գորիկ Հակոբյանն իր թիմով պետք է հեռացվի համակարգից»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հրամանատար Սմբատ Այվազյանը:
-Պարո՛ն Այվազյան, ծանոթացե՞լ եք ՀՀ կառավարության ներկայացրած ծրագրին, ի՞նչ եք կարծում, գործադիր մարմնի նորանշանակ անդամներն ի զորո՞ւ են այսօր իրականացնել այն:
-Ընդհանրապես կառավարությունը տրամաբանական ծրագիր եթե առաջարկի, հնարավոր է դրանով երկիրը զարգացնել, պահել այսօր ՀՀ-ում ապրող մոտ 2 մլն բնակչությանը: Բայց այստեղ խնդիրը ոչ թե կառավարության ծրագիրն է, այլ կառավարման համակարգը. եթե այն նույնն է մնում, անուններ չեմ ուզում տալ, բացարձակ որեւէ բան անել հնարավոր չէ: Դրա համար նույնիսկ ցանկություն չունեցա այդ պառլամենտականների տարբեր տեսակետներ լսել` թե՛ քննադատական, թե՛ պաշտպանական:
Այն գլխավոր խնդիրները, որ պետությունն ունի, ռեալ կերպով մատնանշված չէին այդ ծրագրում, եւ դրանք լուծում չեն ստանալու: Վերցնենք ամենատագնապահարույց հարցը՝ արտագաղթը: Իրենք մեկուկես ամսում 4 շեշտակի հարված տվեցին, որպեսզի արտագաղթն էլ ավելի խորանա:
1. ԱԺ-ի լայնամասշտաբ կեղծիքներով անցկացված ընտրությունները:
2. Արցախի հարցում միջազգային արենայում շարունակվող ձախողումները:  
3. «Հարսնաքար»-ի դեպքը: Էական չէ, «Հարսնաքար»-ո՞ւմ է տեղի ունեցել, թե՞ «Բելաջիո»-ում կամ այլ տեղ: Այստեղ էականը երեւույթն է, որ մարդիկ իրենց ապահովված չեն զգում այս երեւույթներից:
4. Տնտեսական դաշտի գերմենաշնորհացումը:
Ա՛յ սրանցով են նրանք խթանում արտագաղթը:
-Իսկ ՀՀԿ-ն այս իրավիճակից դուրս գալու համար այսօր առաջարկում է միայն հավատալ, եւ ամեն ինչ լավ կլինի: Ընդդիմությունն ի՞նչ է առաջարկում:
-Կամք պետք է դրսեւորվի: Որ ասեմ՝ ընդդիմությունն ի վիճակի է այսօր շատ լուրջ քայլերի, անկեղծ ասած՝ խաբած կլինեմ հասարակությանը: Կարծում եմ, որ նոր իրավիճակ կստեղծվի երկրում, անպայման եւ շատ շուտ: Մարդիկ սթափվելու են եւ շատ արագ հասկանալու են, որ իրենք եւս միգուցե ինչ-որ բանում մեղավոր են, միգուցե նպաստեցին, որ երկիրը շատ ավելի արագ տեմպերով գնա կործանման: Չգիտեմ՝ ինչ կերպ կարելի է լուծել խնդիրը. կա՛մ ընդհանրապես հեռացնել այս վարչակարգին իշխանությունից, կա՛մ փորձել բերել, մի սեղանի շուրջ նստեցնել ու ասել. լա՛վ, ի՞նչ եք անում այս երկրի հետ, մի՞թե դուք չեք տեսնում, որ ձեր արմատներն էլ են այստեղ:
-Ձեր կարծիքով՝ հիմա Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան համագործակցություն կա՞, թե՞ հակամարտում են:
-Ես կարծում եմ՝ իշխանությունը պահելու հարցում նրանք միասնական են, իսկ միգուցե այլ հարցերում խնդիրներ ունեն, ես չգիտեմ, ու բացարձակ չի հետաքրքրում: Ինձ հետաքրքիր է քաղաքական առումով, որ նրանք փորձում են այս իրավիճակը պահել, եւ մեկը մեկին փոխանցել. դա ինչ դեմքերով, ինչ տեսքերով կլինի՝ էական չեմ էլ համարում: Նրանք իշխանությունը պահելու համար պատրաստ են ամեն ինչի: Նրանց չի հետաքրքրում Ղարաբաղի խնդրի լուծումը, Ղարաբաղի Սահմանադրության համապատասխան՝ այդ տարածքներով նոր Հայաստանի կառուցումը:
-Ի՞նչ եք կարծում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ Օսկանյանի դեմքով սկսված գործընթացներն անկեղծ մղումով պայքարի դրսեւորումնե՞ր են փողերի լվացման դեմ, թե՞ քաղաքական ակցիա է իրականացվում:
-Կարծում եմ՝ հերթական քաղաքական ակցիան է: Բայց այստեղ լուրջ պրոբլեմ կա. Հայաստանում մի իրավիճակ է ձեւավորվել, որը շատ նման է «Կովկասի գերուհին» ֆիլմի երկխոսություններից մեկին. նախկին ԱԳՆ Վարդան Օսկանյանի մասին ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի հայտարարությունից հետո կա՛մ Վարդան Օսկանյանը պետք է նստի, կա՛մ Գորիկ Հակոբյանն իր թիմով պետք է հեռացվի համակարգից: Այստեղ կա՛մ-կա՛մ է դրված: Իհարկե, նրանց համար քիչ նշանակություն ունի հասարակության կարծիքը, բայց ժողովուրդն իր գնահատականը ճիշտ պահին կտա:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս