Կառավարության ծրագրին ԱԺ 6 խմբակցություններից կողմ քվեարկեցին միայն 2-ը՝ ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը: Ընդ որում ծրագիրն ընդունվեց 2 անգամ քվեարկելուց հետո, քանի որ առաջին անգամ, երբ պարզ դարձավ, որ ծրագիրը ստացել է 69 կողմ ձայն, պատգամավորների մի մասը դժգոհեց, որ չի հասցրել քվեարկել: Արդեն վերաքվեարկության արդյունքում կառավարության ծրագիրն ընդունվեց 75 կողմ, 47 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Տիգրան Սարգսյանի վիճակը երեկ արդեն նույնիսկ ընդդիմադիր պատգամավորների մոտ էր կարեկցանք ու մարդասիրական զգացումներ առաջացնում, քանի որ նա ստիպված էր արդեն երկրորդ օրն անընդմեջ իր հասցեին ժամերով խիստ քննադատություն լսել: Ու եթե վարչապետը փորձում էր իրեն մի կերպ տիրապետել, ապա ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի ելույթի ժամանակ չդիմացան Գալուստ Սահակյանի ու Հեղինե Բիշարյանի նյարդերը, որոնք սկսեցին աղմկել, խանգարել պատգամավորին: Անգամ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին չհաջողվեց սաստել նրանց: Իսկ ՀՀԿ-ՕԵԿ զույգին զայրացրել էր Արամ Մանուկյանի այս արտահայտությունը. «Ցանկանում եմ քննադատել ոչ թե կառավարությանը, այլ այն քաղաքական ուժին, որն աջակցում է կառավարությանը: Դա ՀՀԿ-ն է, եւ չմոռանամ նրա հզոր գործընկերոջը՝ ՕԵԿ-ին, իսկ կառավարությունը չարաճճի երեխա է»:
Ընդհանրապես, ՀՀԿ-ականները Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ երեկ այդպես էլ չկարողացան կամ չուզեցին ըմբռնել հետեւյալ հանգամանքը. խնդիրն այլեւս իրենց ներկայացրած ծրագրի բովանդակությունը չէ, թեեւ այդ ծրագրի վերաբերյալ եւս Հրանտ Բագրատյանը ներկայացրել էր լուրջ վերապահումներ: Ամենամեծ խնդիրն այդ ծրագիրը ներկայացրած թիմի մեջ է, որովհետեւ այս նույն թիմը 4 տարի շարունակ իշխել է ու մեկ անգամ արդեն ձախողելով ամեն ինչ՝ ցույց տվել իր ապաշնորհությունը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, փաստելով, որ ԱԺ-ում, ըստ էության, քննարկվում է ոչ թե կառավարության ծրագիրը, այլ դրան վստահություն հայտնելու հարցը, նշեց. «Արդյոք մենք կարող ենք վստահել այս կառավարությանը: Նախ` արդյոք սա ինչ-որ նոր գործիչներից կազմված կառավարություն է, որոնց մենք դեռ չենք ճանաչում: Ո՛չ, 18 նախարարներից մի քանիսն են ընդամենը փոխվել, այն էլ մի պարզ պատճառով, որ ԲՀԿ-ն այլեւս կոալիցիայի մաս չէ: Իսկ նոր նախարարներից մեկը նախկին քաղաքապետն է, որին Սերժ Սարգսյանը հեռացրեց պաշտոնից` նախագահի աշխատակազմի աշխատողին առեւանգելու եւ ծեծելու պատճառով, ինչը Միքայել Մինասյանի սուսլովյան քարոզչամեքենան ներկայացրեց որպես պայքար կոռուպցիայի եւ օլիգարխիայի դեմ: Եթե Սերժ Սարգսյանը գործել է «ամեն նորը լավ մոռացված հինն է» սկզբունքով, ապա պետք է ասենք, որ մենք այդքան էլ կարճ հիշողություն չունենք: Իսկ եթե ճիշտ էին ռեժիմի քարոզչամեքենայի երկու տարվա վաղեմության պնդումները, արդյոք մենք իրավունք չունենք եզրակացնելու, որ հիմա պայքարն ընթանում է հակառակ ուղղությամբ, այսինքն` հանուն կոռուպցիայի եւ օլիգարխիայի»: Նա նաեւ նշեց, որ այս կառավարությանը, այս իշխանություններին ոչ միայն չի կարելի վստահել մեր ժողովրդի ճակատագիրը, այլեւ օր առաջ պետք է նրանից ազատվել, եւ դրա միակ միջոցը ժողովրդի հանրահավաքային ակտիվությունն է:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նման փաստարկ բերեց. «Մի կառավարություն, որը մի ծրագիր արդեն ձախողել է, ինչո՞ւ պիտի եւս մեկը ձախողի»: Նա հիշեցրեց, որ նախորդ ԱԺ-ում իրենք 2 անգամ անվստահություն են հայտնել այդ կառավարությանը: Ավելին, ըստ Ռուստամյանի՝ հասունանում է այս կառավարությանը 3-րդ անգամ անվստահություն հայտնելու հարցը: «ԱԺ-ի 6 խմբակցություններից 5-ը հայտարարել են, որ խորհրդարանական ընտրություններն անցել են կեղծիքներով, իսկ 4-ը նշել են, որ բացարձակ կեղծիքներ են եղել: Մինչդեռ կառավարությունը ծրագրում նշել է ընտրությունների արդյունքները եւ հիմնվել ժողովրդի վրա: Մնում է հարցնել. ժողովու՛րդ, է՞ս էիք ուզում: Եթե էս էիք ուզում, ապա լիուլի կճաշակեք պտուղները»,-ասաց Ռուստամյանը:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ ուշագրավ համեմատականներ անցկացրեց: «Ներկայացվում է, թե հանրության մեծ մասը վստահում է կառավարության ծրագրին, սակայն ասեմ, որ կարող ենք պարզապես իրար գումարել չորս քաղաքական ուժերի հետեւում կանգնած ժողովրդին, ու կստացվի մոտ 750 հազ. մարդ: Սա այն ուժերի ընտրողներն են, որոնք հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու կառավարության ծրագրին»,-ասաց նա՝ հավելելով, որ այդպես, ըստ էության, կառավարության ծրագրին դեմ է ավելի շատ մարդ:
Ի դեպ, ուշագրավ ենթատեքստեր կային նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթում, որտեղ նա անուղղակի կասկածի տակ դրեց Տիգրան Սարգսյանի կառավարության կարողունակությունը: Աբրահամյանն ասաց, որ կառավարության ծրագիրը կազմվել է երկրում փոփոխությունների անհրաժեշտության գիտակցմամբ. «Քաղաքական այս թեզը իրականացնելու հնարավորություն այս ծրագիրն իսկապես տալիս է: Այլ բան է, որ այս նույն ծրագրով հնարավոր է նաեւ դանդաղում կամ լճացում: Այո՛, հնարավոր է, չեմ բացառում»: Նա նաեւ նշեց, որ կան օրենքով նախատեսված բոլոր հնարավորությունները՝ ե՛ւ կառավարությանն իր ծրագրերում սատարելու, ե՛ւ նրանից ստանձնած պարտավորությունների անշեղ կատարում պահանջելու համար:
ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ՓՈՒԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ