ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԶԳՈՒՇՈՐԵՆ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Վարդան Օսկանյանին պատկանող «Սիվիլիթաս» հիմնադրամից աշխատակիցները կամաց-կամաց հեռանում են: Նրանք մտավախություն ունեն, որ կարող է քավության նոխազ դառնան, դրա համար էլ զգուշորեն գնում են:

ԱՍՏԾՈ ՀՈՒՅՍԻՆ
«Հարսնաքար»-ում ծեծի ենթարկված մայոր բժշկի կյանքը փրկելու համար երեկ առողջապահության նախարարությունում կոնսոլիում են հրավիրել ու քննարկել արտերկրից բժիշկ հրավիրելու կամ կյանքի համար այս պահին կռիվ տվող մայոր բժշկին արտերկիր տեղափոխելու հարցը: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրել է առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանը: Նա տեղեկացրել է, որ կոնսոլիումի արդյունքում նպատակահարմար չի համարվել ո՛չ մասնագետ հրավիրելը,  ո՛չ էլ Վահեին տեղափոխելը:

ՎԱՃԱՌՔԻ ԱՌԱՐԿԱ
ՀՀ եւ ԼՂՀ վարչախմբերն իրենց իշխանությունն ազգային շահերի հաշվին երկարաձգելու նպատակով որդեգրել են անողնաշար վարքագիծ: Նման գնահատական է հնչեցրել «Սարդարապատ» շարժումը երեկ տարածած հայտարարության մեջ. «Նրանք հայրենի հողի ազատագրված հատվածները ներկայացնում են ընդամենը որպես անվտանգության գոտի ստեղծելու նպատակով զբաղեցված տարածքներ, որոնք հակամարտությունն այդ ուժային կենտրոնների շահերին համապատասխան լուծվելու պարագայում նախատեսում են վաճառքի առարկա դարձնել»:

ԷԼԻ ԿԱՆՉԵԼ ԵՆ
Երեկ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում գրել է, որ ԱԱԾ-ն իրեն կրկին հրավիրել է հարցաքննության: «Արդեն երրորդ ծանուցագիրն եմ ստացել՝ ներկայանալու Ազգային անվտանգության ծառայություն վաղը՝ ժամը 14:30-ին»,-նշել է պատգամավորը: Հիշեցնենք, որ Օսկանյանին հունիսի 13-ին կրկին կանչել էին ԱԱԾ` հարցաքննության, սակայն վերջինս հրաժարվել էր ցուցմունք տալուց:

ԱՎԱԶԱԿԻՆ ԲՌՆԵԼ ԵՆ
Էրեբունի վարչական շրջանի Մուշական թաղամասի «Հայփոստ»-ի բաժանմունքի վրա հունիսի 20-ի երեկոյան ավազակային հարձակում է տեղի ունեցել, ինչի արդյունքում կա 2 տուժող: Ժամը 15:00-ի սահմաններում անզեն մի երիտասարդ ներխուժել է Մուշական 1 հասցեում տեղակայված «Հայփոստ» ՓԲԸ բաժանմունք եւ հարձակվել բաժանմունքի պետի վրա, կապել բերանը, ձեռքերը եւ ծեծի ենթարկել նրան: Այնուհետեւ գումար է պահանջել, սակայն չստանալով վերցրել է բաժանմունքի պետի «Նոկիա» մոդելի հեռախոսը, դրամապանակը, որի մեջ եղել է 7 հազար դրամ եւ 20 դոլար, եւ դիմել փախուստի: Ավելի ուշ` գիշերը, ՀՀ ոստիկանությունը ձերբակալել է ավազակային հարձակման մեջ կասկածվող 28-ամյա Սահակ Կարապետյանին:

ՎԵՐՋԱՊԵՍ ԱՅՑԵԼԵՑ
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անձամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալ, տեսակցել «Հարսնաքար»-ում դաժան ծեծի ենթարկված բժիշկներին, ծանոթացել նրանց առողջական վիճակին: «Պաշտպանության նախարարը հոսպիտալում հանդիպել է նաեւ միջադեպի հետեւանքով տուժած բժիշկների հարազատներին, վստահեցրել, որ իրավապահ մարմինները հաստատակամ են հարուցված քրեական գործի շրջանակներում բոլոր մեղավորներին բացահայտելու եւ նրանց օրենքի ողջ խստությամբ պատժելու համար»,-այս մասին armlur.am-ին հայտնել են ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:




Լրահոս