Դեկտեմբերի 28-ին ԼՂՀ ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում տեղի ունեցավ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի նախաձեռնությամբ իրականացվող ավանդական բարեգործական ծրագրով նախատեսված նվերների հանձնման հանդիսավոր արարողությունը: ՀՀ ՎՊ նախագահի նախաձեռնած բարեգործական ծրագրի հովանավորներն են ամերիկահայ բարերար Ալբերտ Բոյաջյանը և «Գրանդ հոլդինգի» հիմնադիր, երջանկահիշատակ Հրանտ Վարդանյանը, ում գործը շարունակում են նրա որդիները՝ Կարեն և Միքայել Վարդանյանները: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը՝ որդու հետ, ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Վարդան Բալայանը և այլ բարձրաստիճան սպաներ:
Բարերարների այս աջակցությունը մեծապես կարևորեց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ով իր երախտագիտությունը հայտնեց նրանց՝ ազգանվեր աշխատանքի համար:
ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը, խոսելով 2014թ. ձեռքբերումների մասին և շնորհակալություն հայտնելով ծրագիրն իրականացնողներին, նշեց, որ ՎՊ նախագահի նախաձեռնությունը տարեցտարի մեծացնում է իր աշխարհագրությունը: «Տարիներ առաջ պարոն Զաքարյանը սկսեց մեկ զորամասից, այնուհետև մեկ միավորման մասշտաբով, իսկ անցած տարվանից նրա նախաձեռնությունն արդեն ընդգրկում է ՊԲ բոլոր զորամիավորումները: Օգնությունը շոշափելի է»,- նշեց նախարարը:
ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ողջունելով ներկաներին, իր խոսքում ասաց հետևյալը. «Արդեն 3-րդ տարի է, ինչ մենք տարբեր հովանավորների միջոցներով տոնական այս օրերին այցելում ենք ձեզ: Բանակը յուրաքանչյուր հայի հույսն ու հավատն է, մեր անկախության և ապահովության երաշխավորը, սահմանի պաշտպանությունը՝ ամեն մեկիս սրբազան պարտքը: Իսկ դուք՝ սիրելի զինվորներ և սպաներ, մեր հպարտությունն եք:
Ես ձեր բոլորի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել բարերարներ Ալբերտ Բոյաջյանին և Հրանտ Վարդանյանին: Ցավոք սրտի Հրանտ Վարդանյանի մասին խոսում եմ արդեն անցյալով: Երեք տարիների ընթացքում շուրջ 20 մարտական մեքենաներ պաշտպանության բանակին, 500 սառնարաններ, լվացքի մեքենաներ և հեռուստացույցներ սպաներին և զորամասերին, իսկ այսօր՝ «Վազ 2121» մակնիշի երեք ավտոմեքենա: Այս բոլորը վերջին երեք տարիներին ամերիկահայ բարերար Ալբերտ Բոյաջյանի ամանորյա նվերներն են Արցախի պաշտպանական բանակին:
«Գրանդ քենդի» ընկերության քաղցրավենիքի շուրջ 45.000 տոպրակներ պաշտպանական բանակի զինվորներին և սպաներին: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում վաղամեռիկ Հրանտ Վարդանյանի որդիներին՝ Միքայելին և Կարենին, որոնք այս տարի շարունակեցին իրենց հոր բարեգործական ծրագիրը:
Շնորհավորում եմ ձեր Ամանորը և սուրբ ծնունդը, ցանկանում անվտանգ ծառայություն և անսահման սեր հայրենիքի հանդեպ… Եղեք համարձակ և տոկուն:
Աստված բոլորիդ պահապան»:
Ելույթներից հետո ՀՀ վերահսկիչ պալատի նախագահը երեք ավտոմեքենաների բանալիները հանձնեց ԼՂՀ ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի, 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի և ԼՂՀ ՊԲ շտաբի ներկայացուցիչներին:
Միջոցառման փակման արարողությունից հետո միջոցառման մասնակիցները մոտեցան նվերներով բեռնված բեռնատարներին և ստացան լրացուցիչ տեղեկություններ՝ դրանց հասցեատերերի և հանձնման կարգի վերաբերյալ: