ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԱՉՔԵՐԸ ԼԱՎ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային Ժողովի մուտքի մոտ նախկին քաղբանտարկյալ եւ ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին բողոքի ակցիա էր կազմակերպել ընդդեմ «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած դաժան ծեծի: Սակայն ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խոչընդոտեց Գասպարիին՝ վերցնելով ու դեն նետելով նրա ձեռքի պաստառը:
Ալեքսանյանին զայրացրել էր այն, որ Գասպարին իր պաստառի վրա գրել էր՝ «Ռուբեն Հայրապետյան մարդասպան»: Դրա համար էլ ԱԺ Դեմիրճյան մուտքից դուրս գալով՝ Ալեքսանյանը մոտեցավ Գասպարիին ու նրա ձեռքից խլեց պաստառը: Հետո ակտիվիստին մոտեցավ մի երիտասարդ (ենթադրվում է՝ ԱԺ պատգամավորներից մեկի թիկնապահը) եւ հրեց Գասպարիին: Քանի որ վերջինս գետնին պառկելու սովորություն ունի, անմիջապես վայր ընկավ ու պառկած վիճակում շարունակում էր գոռալ՝ «Ալեքսանյա՛ն, խուլիգա՛ն»:
Այդ միջադեպից հետո ակտիվիստը մոտեցավ կանգնած ոստիկաններից մեկին՝ ցանկանալով հանցագործության մասին հաղորդում տալ: Սակայն սերժանտ Հովհաննիսյանը Գասպարիին պատասխանեց. «Ես ոչ մի բան չեմ նկատել: Էն կողմ էի նայում: Ինձ հարցեր մի՛ տվեք»:
Ավելի ուշ Վարդգես Գասպարին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ երեկ՝ ժամը 16:00-ին, իրեն կանչել են Արաբկիրի ոստիկանություն՝ բացատրություն տալու: «Բայց ես արդեն էլեկտրոնային տարբերակով իմ ստորագրությամբ ուղարկել էի հաղորդագրություն: Ոստիկաններին էլ ասել եմ, որ իրենց գործընթացն իմիտացիոն է»,-ասաց մեր զրուցակիցը: Նա չի հավատում ոստիկանների կատարած քննության արդյունքներին: «Այդ միջադեպի ժամանակ ոստիկանները թաքնվել էին ծառերի եւ մեքենաների հետեւում: Բայց ծառերի հետեւից էլ կարող էին տեսնել կատարվածը: Ճիշտ կլիներ, որ իրենք քննությունը սկսեին հենց տեղի կանգնած ոստիկաններից»,-պատմեց ակտիվիստը, որը պատրաստվում է նոր հաղորդագրություն ուղարկել ոստիկանապետին. «Որպեսզի մի քիչ քաջալերի իր ոստիկաններին, որ նրանք չթաքնվեն ծառերի հետեւում, այլ իրենց տեղում կանգնած մնան: Գոնե տեսածները ճիշտ ներկայացնեն»:
Նա չի պարզել, թե ում թիկնապահն է հրել իրեն. «Ինձ չի հետաքրքրում, թե ով է եղել նա: Այդ գործի հեղինակը Սամվել Ալեքսանյանն է: Ինձ համար կարեւոր չէ, թե ում թիկնապահն է»: Ականատեսներից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ այդ կլորիկ երիտասարդը ոչ թե թիկնապահ է, այլ ինչ-որ մեկի վարորդը, որին ՀՀ ոստիկանությունը մինչ ուշ գիշեր չէր հայտնաբերել. միայն հայտարարվեց, որ նյութեր են նախապատրաստվում: Երեկոյան փորձ էր արվում հարվածողին ներկայացնել իբրեւ անցորդ:
Երեկ փորձեցինք Սամվել Ալեքսանյանից պարզել, թե ինչու ապօրինաբար տիրացավ ուրիշի գույքին: «Ես իրանից ոչ մի բան չեմ խլել: Ասեցի՝ աչքերս լավ չի տեսնում, տո՛ւր, մոտիկից կարդամ, ինքն էլ տվեց, հետո փոշմանեց ու սկսեց հետեւիցս գոռգռալ, ի՞նչ անեմ»,-պարզաբանեց Ալեքսանյանը: Հատուկ Ալեքսանյանի համար նշենք, որ ՀԱԿ ակտիվիստն այսօր՝ առավոտյան, ակցիան նույնությամբ կշարունակի ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտ:

 ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս