Ամանորի և Սուրբ ծնունդի կապակցությամբ տոնական մաղթանքներ են հղել «Ժողովուրդ» օրաթերթի և Armlur.am լրատվական կայքի խմբագրակազմը:
Թագուհի Թովմասյան, «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Անցնող 2014 թվականին անորոշությունն ու խուճապը մերթընդմերթ ուղեկցում էին մեզ՝ մեկ աշխարհում տեղի ունեցող անցանկալի իրադարձությունների ֆոնին Հայաստանի ապագան պատկերացնելիս, մեկ էլ Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու որոշման վավերացումից հետո սկսված տնտեսական քաոսում:
Հուսամ՝ 2015 թվականին այդ հոգեվիճակը կլքի մեզ և մենք՝ որպես երկիր, կլինենք ավելի կանխատեսելի և հուսալի գործընկեր, կկարողանանք տեր կանգնել արյամբ նվաճած մեր հայրենիքի անկախությանը, Արցախին և գործուն քայլեր կձեռնարկենք նաև տնտեսապես անկախանալու համար: Ի վերջո, յուրաքանչյուրիս երազանքն է ապրել խաղաղ ու բարեկեցիկ երկրում, որտեղ արդարությունն ու ադեկվատությունն ամենաբարձր նշաձողի վրա են:
Սիրելի’ ընթերցողներ, ժպտացե’ք միշտ: Բարությունն ու սերը, երբ զուգորդվում են, հաղթանակն անխուսափելի է դառնում բոլոր իրավիճակներում: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:
Վահագն Հովակիմյան, «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող
Թող 2015 թվականը մեզ բոլորիս գոնե մեկ քայլ մոտեցնի բոլորի կողմից սիրված Հայրենիք ունենալուն, որպեսզի ոչ ոք Հայրենիքից չհուսալքվի և գաղթի ճամփան բռնի:
Թող 2015-ին Հայաստանը մեկ քայլ առաջ գնա իր քաղաքացիների համար հավասար հնարավորությունների երկիր լինելու ճանապարհին: Ունենալով հավասար հնարավորությունների երկիր՝ բոլորս վստահ կլինենք, որ մեր և մեր երեխաների ապագայի համար միակ պատասխանատուն մենք ենք: Թող 2015 թվականը դառնա աստվածահաճո ցանկությունների կատարման տարի: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:
Սոնա Գրիգորյան, «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող
Հայրենիքի խաղաղությունն իմ կյանքի գլխավոր բաղադրիչն է, որի վտանգը 2014 թվականի ամռանը մենք զգացինք: Ուզում եմ՝ երբեք Հաայստանի ուղղությամբ կրակոցներ չհնչեն, պատերազմի ահազանգ հայը երբեք չզգա, իսկ հայ զինվորն էլ խրամատում հանգիստ քնի:
2014 թվականին Արցախում եմ եղել, Տավուշի մարզի զորամասում, սահմանին…զինվորի փայլող աչքեր եմ տեսել, ազատամարտիկների պայքարի խոսքն եմ լսել… ուզում եմ, որ 2015 թվականին այդ խոսքերը միայն հուսադրող լինեն: Քաղաքական դաշտում էլ թող համերաշխություն լինի՝ խաղաղություն պետք է նաև այստեղ: Իսկ «Ժողովուրդ» օրաթերթի ընթերցողին համբերություն եմ մաղթում: Մենք ճշմարտության համար պայքարի ոգով դեռևս վերադառնալու ենք:
Նժդեհ Հովսեփյան, «Ժողովուրդ» օրաթերթի թղթակից
Խորը կսկիծով պիտի արձանագրենք, որ ճանապարհելով հերթական տարին՝ կրկին չենք կարողանում այն բնութագրել որևէ դրական մոտիվ ունեցող արտահայտությամբ:
2014-ը լի էր հիասթափություններով՝ դրսևրովելով ահագնացող արտագաղթով, փակվող բիզնեսներով եւ թշվառացող բնակչությամբ: Արդեն որերորդ տարին է, ինչ Հայաստանը զարնվում է տնտեսական խառնաշփոթին, պալատական խարդավանքներին ու արտաքին քաղաքական նվաստացումներին: Այսպիսով՝ հերթական անգամ ունեցանք կորսված տարի՝ բոլոր բնագավառներում: Նման դրության պայմաններում, բարեմաղթանքի փոխարեն, կցանկանայի ժողովրդին կոչ անել վճռականության ու հաստատակամության՝ վստահեցնելով, որ պինդ կանգնելու, ամուր կեցվածք ընդունելու պարագայում 2015թ. կարո՛ղ է դառնալ իղձերի իրականացման ու նորմալ պետության կառուցմանը լծվելու տարի:
Արթուր Քաբայան, Armlur.am կայքի թողարկող խմբագիր
2014 թվականը ինձ համար շատ լավ տարի էր, տարին ձեռքբերումներով լի էր: Ուզում եմ 2015 թվականը բոլորի համար էլ ավելի առանձնահատուկ լինի՝ դրական առումով: Խաղաղության, առողջության, հաջողության տարի լինի:
Արևիկ Հակոբյան, «Ժողովուրդ» օրաթերթի Գյումրու թղթակից
Սիրելի’ ընթերցող, մաղթում եմ գալիք այծի տարին մեզ՝ բոլորիս համար առանձնանա կանաչ փայտե Այծին բնորոշ խորհրդանիշներով՝ խաղաղությամբ, ներդաշնակ գոյությամբ եւ բարեկեցությամբ:
Նոր տարում ցանկանում եմ, որ այն խնդիրները, որոնց անդրադառնում էինք մեր օրաթերթի միջոցով, այլևս խնդիր չհնչեն, այլ լինեն լուծված եւ իրագործելի:
Մաղթում եմ, որ եկող տարի մեր հայացքները լինեն ավելի առաջադեմ: Թող ամեն մարդ գտնի երջանկության իր բանաձևը եւ տարին իր համար իսկապես հաջողված լինի: Եղեք առողջ, հոգատար, սիրված ու աչալուրջ եւ մեր գործի նկատմամբ առողջ քննադատ:
Քնար Մանուկյան «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող
Արմեն Հովհաննիսյան, Ազատ Ասոյան, Արարատ Խանոյան, Սերգեյ Սահակյան, Սարգիս Նազարյան, Ազատ Սահակյան, փառք ձեզ, տղաներ, դուք ինձ համար 2014 թվականի պայքարի, արիության, համարձակության, հաղթանակի խորհրդանիշները դարձաք:
Շատ կցանկանամ, որ նրանք, ովքեր բանակի, զինվորի, հրամանատարի մասին կխոսեն, նախ գնան տեսնեն, թե ովքեր են պահող տղաները, հայրենիքի իրական պաշտպանները, շփվեն ու հասկանան, որ լավ տղաները նրանք են: 2014թ. իմ ամենամեծ ձեռքբերումը եղավ հենց այդ այցը: Կրկնակի անգամ ինձ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի զգացի, քանի որ զինվոր եղբորս «Երազ իմ երկիր հայրենիք» երգելիս տեսա: Ուստի՝ ցանկանում եմ տոնական մաղթանքս միայն ու միայն նվիրել հայրենիքիս պաշտպաններին, խաղաղություն և անփորձանք ծառայություն ձեզ `տղաներ, հույս ու հավատ ձեր ծնողներին: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:
Նաիրա Հովհաննիսյան, Armlur.am կայքի լրագրող
Սիրով շնորհավորում եմ բոլոր ընթերցողների գալիք Ամանորը: Թող 2015թ. բոլորին միայն ժպիտներ և սեր պարգևի: 2014-ն ինձ համար հաջողված տարի եմ համարում, ունեցել եմ մեծ ձեռքբերումներ և հույս ունեմ, որ հաջորդ տարում ևս դրական տեղաշարժեր կլինեն:
Մաղթում եմ պայծառ, լուսավոր ու հիշարժան տարի մեզ բոլորիս։ Թող 2015-ը միայն նվաճումների ու առաջխաղացման տարի լինի։ Խաղաղություն, կայունություն ու զարգացում. ահա ամենակարևոր մաղթանքները: Սահմանին թող լինի խաղաղություն, իսկ մեր զինվորներին էլ` անփորձանք ծառայություն: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ։
Տաթև Ֆռանգյան, Armlur.am կայքի թարգմանչուհի
Ամանորը ընտանեկան տոն է, իսկ Հայաստանը մեր բոլորիս մեծ ընտանիքն է: Թող որ գալիք 2015 թվականը մեր մեծ ընտանիքի համար սիրո, երջանկության ու առողջության տարի լինի: Թող որ եկող Այծի տարին լինի համազգային հաղթանակի ու ցնծության տարի, թող որ յուրաքանչյուր հայի տուն միայն երջանկությունն ու սերը մուտք գործեն գալիք տարում , թող որ մանկան խինդն ու զրնգուն ծիծաղը անպակաս լինեն մեր տներից:
Շնորհավորում եմ մեր մեծ ընտանիքի ու աշխարհասփյուռ հայության Ամանորն ու Սուրբ ծնունդը:
Թամարա Մկրտչյան, «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող
Սիրելի ընթերցող, հուսամ որ մի քանի ամսվա իմ գործունեության ընթացքում կարողացա որոշ չափով օգտակար լինել Ձեզ: Ցանկանում եմ, որ 2015թ. Նոր տարվա տոնածառի տակ ամեն մեկը գտնի իրեն հուզող հարցի պատասխանը, Թող 2015թ. Ձեզ հուզող բոլոր հարցերն այնքան հեշտ եւ դյուրին լուծվեն, որ Դուք այլեւս մեր միջամտության կարիքը չզգաք:
Սիրելի՛ ընթերցող, մաղթում եմ քաջ առողջություն Ձեզ եւ Ձեր սիրելիներին` պայքարելու երջանկությա՛ն, խաղաղությա՛ն, սիրո, հաջողությա՛ն եւ բարեկեցությա՛ն համար: Թող տարվա սկիզբն ազդարարող ժամացույցի զարկերի հետ Աստծո օրհնությունը մտնի մեր բոլորի տներն ու սրտերը: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ:
Ռիտա Կարապետյան, Armlur.am կայքի թարգմանչուհի
Աշխարհին, իմ երկրին եւ բոլոր հայերին ցանկանում են խաղաղություն, արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանք: Ես ուզում եմ ապրել մի երկրում, ուր որդիներին ծառայելու ուղարկելիս մայրերն ուրախանում են, հպարտանում ու բանակի քեֆ անում: Մի երկրում, ուր մայրերը տղա երեխա են ցանկանում ունենալ, որ երկրի բանակին զինվոր դառնա: Ուզում եմ, որ ոչ ոք ներսում եւ դրսում չհամարձակվի ասել կամ մտածել, որ այս երկրում այլեւս տղամարդ չկա: Խոսքս ոչ թե գենդերային պատկանելիության, այլ ոգու զորության, վեհության, ներողամտության, խիզախության մասին է:
Ուզում եմ, որ մարդկանց հագուստներում, հոգում եւ մտքում իսպառ վերանան սեւը եւ մոխրագույնը: Ուզում եմ, որ նյութական արժեքներին եւ հարստությանը գերադասվեն ինտելեկտի հարստությունը, մտքի փայլն ու հումորը:
Ոսկան Սարգսյան, «Ժողովուրդ» օրաթերթի Տավուշի թղթակից
Հորեղբայրս ամեն տարեմուտի բաժակ բարձրացնելով՝ կատակով մաղթում է՝ կաղնու տարի լինի: Նա խոզեր չի պահում, որ անտառի կաղնով դրանց կերակրի: Ես որպես սահմանամերձ տավուշեցի, նոյեմբերյանցի, ոսկեվանցի բարեմաղթում եմ՝ խաղաղություն լինի, մնացած հարցերն աշխատելով կլուծենք: Տա Աստված՝ դրա համար առողջությունն էլ հերիքի:
Լուսինե Հակոբյան, Armlur.am կայքի լրագրող
Շնորհավորում եմ բոլորին 2015 թվականի գալստյան կապակցությամբ: Թող որ Նոր տարին խաղաղության, առողջության, հաջողությունների տարի լինի, և մարդիկ բազմաթիվ առիթներ ունենան լիաթոք ուրախանալու համար: Բոլորի կիսատ գործերը թող դրական ելքով ավարտվեն, իսկ ովքեր նոր ծրագրեր են մտորել, թող որ անսպառ եռանդով ու ոգեւորությամբ համակվեն` դրանք կյանքի կոչելու համար:
Հերմինե Միքայելյան, «Ժողովուրդ» օրաթերթի Կապանի թղթակից
Թող որ 2015 թվականը կայուն տարի լինի բոլոր առումներով: Ձեզ և Ձեր հարազատներին մաղթում եմ հույսով ու հավատով լի ապագա: Եվ այն ծրագրերն ու գործերը, որոնք ինչ-ինչ պատճառներով չիրականացան, գալիք տարի կյանքի կոչվեն: Շրջապատի նկատմամբ եղեք առավել զիջող, բարյացակամ ու համբերատար, այլապես շարունակվելու դեպքում աշխարհը գլխիվայր շուռ կգա:
Տաթև Հարությունյան, Armlur.am կայքի լրագրող
Սիրելի՛ ժողովուրդ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիս գալիք Ամանորի կապակցությամբ՝ մաղթելով աննկուն կամք, համբերություն, երազանքների իրականացում: Թող որ գալիք՝ 2015 թվականը, արդար պահանջների իրականցման, վճռական փոփոխությունների, մենաշնորհյալ քրեատնտեսական համակարգի անհետացման եւ դատաիրավական համակարգի ինքնուրույն ու արդար վճիռների տարի լինի: Եւ թող գալիք տարին ամփոփելիս բարին ու դրականը գերակշիռ մաս կազմեն Ձեր կյանքում: Անփորձանք տարի բոլորիս:
Աննա Բաբաջանյան, «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող
«Ժողովուրդ» օրաթերթի սիրելի՛ ընթերցողներ, շնորհավորում եմ Ձեր Ամանորը, մաղթում եմ, որ գալիք տարում մեր մանուկների առջեւ կրկին բացվեն կրկեսի դռները, պատանիներն էլ ավելի արժեւորեն մեր մեծերի գործերը, երիտասարդներն ամուր կանգնեն իրենց հայրենի հողին, իսկ տարեցներն էլ գոտեպնդվեն եւ ուշադրության կարիք չունենան:
Աննա Թումասյան, Armlur.am կայքի թողարկող խմբագիր
2014-ը դժվար տարի էր հայ ազգի համար, բայց հույսն ու հավատը դժվար են լքում մեզ. դա բազմիցս է ապացուցվել:
Մնում է միայն մաղթել բոլորիս, որ 2015-ին այնպես ապրենք մեր կյանքը, որ դրանում խմբագրելու բան գրեթե չլինի, իսկ ամեն ապրած օրվա խորագիրը կազմված լինի այնպիսի բառերից, ինչպիսիք են՝ «սեր», «բարություն», «խաղաղություն», «գոհունակություն», «հաղթանակ»… Աստված բոլորիս պահապան:
Սյունէ Համբարձումյան, «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող
2014 թվականը Հայաստանիս համար ճակատագրական էր. ԵՏՄ-ն, դոլար-դրամ ցնցումները, գնաճը, Ղարաբաղյան խառնաշփոթը, հիասթափություն առաջացնելով՝ միևնույն է, չեն հաղթում հայկական լավատեսությանը, ու մենք տարին փակում ենք մեծ հավատով ու հույսերով: Թող 2015 թվականին հացի, ձվի, ձեթի, դեղորայքի շուկաներում միայն ու միայն գնանկում արձանագրվի: Շնորհավո՛ ր Ամանոր:
Գոհար Գևորգյան, «Ժողովուրդ» օրաթերթի սրբագրիչ
Երրորդ համաշխարհային պատերազմից հետո մարդիկ փայտերով ու քարերով են կռվելու (Էյնշտեյն): Կարևորագույն ցանկությունս՝ վերջ արյունահեղության և դաժանության: Էլ ոչ մի զոհ: Եվ առողջություն: Առողջ և խաղաղության մեջ ապրող մարդը կհաղթահարի ամեն դժվարություն, կսովորի նորից ապրել ու նորից սիրել և կգտնի իր բաժին երջանկությունը: Շնորհավո՛ ր:
Տիգրան Սարգսյան, Armlur.am կայքի օպերատոր
Ընտանեկան ջերմության, հաջողությունների, սիրո ու երազանքների իրականացման տարի եմ ցանկանում հայ ժողովրդին:
2015 թվականը բոլորի ընտանիքներում թող հաջողություններ լինեն, երեխաներին՝ անհոգ մանկություն, իսկ մեր երկրին միայն խաղաղություն:
Անուշ Խաչատրյան, «Ժողովուրդ» օրաթերթի էջադրող
Համայն աշխարհի մարդկությանը մաղթում եմ հույս, հավատ, սեր՝ փորձություններին դիմակայելու, դժվարությունները հաղթահարելու և պարզապես երջանիկ լինելու համար: Վայելե՛ ք ձեզ տրված ամեն մի վայրկյանը ու մի բարդացրեք կյանքը: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: