Այսօրվա մեր շուկայում ապրանքատեսակների (շաքարավազ, հաց, բենզին…) թանկացման պատճառը, ՀՀ սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի համոզմամբ, երկու պետական մարմինների` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ու ՀՀ պետեկամուտների կոմիտեի հապաղելու կամ թերի աշխատելու արդյունքն է: Սակայն ՏՄՊՊՀ-ն համոզված է, որ շատ ապրանքատեսակների գներ նվազել են մեր երկրում:
Նկատենք, որ շաքարավազի 1 կգ-ն մայիսին վաճառվել է 415 դրամով, իսկ հունիսին՝ 423-ով, նորզելանդական կարագը՝ 2435-ով, իսկ հունիսին՝ 2485-ով: Ներկրված խտացրած կաթի մեջ եւս կա 10 դրամի թանկացում՝ 490-ից դարձել է 500: Իսկ բրազիլական ազդրամիսը մայիսի վերջին վաճառվել է 855, հունիսին՝ 870 դրամով:
«Վերջին հաշվով ՏՄՊՊՀ-ի եւ ՊԵԿ-ի նպատակն է բացահայտել ֆինանսական միջոցների շարժի օրինականությունը` ծախսերը, աշխատավարձերը, պետական հարկային պարտավորությունները»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մանրամասնեց Ա. Պողոսյանը:
Ըստ նրա՝ ապրանքատեսակների գների թանկացման հետեւանքով մեծանում է շահույթը: «Փորձը ցույց է տալիս, որ ընտրություններից առաջ գների աճը կանգնում է, իսկ ընտրություններից հետո թանկացումների նոր ալիք է սկսվում: Դրան գումարած մեքենայությունները, որոնց դեպքում պետք է ոչ միայն վերը նշված պետական երկու կառույցներն աչալուրջ լինեն, այլ հասարակությունը: Այս գների աճը ոնց որ «դամոկլյան սուր» լինի: Միշտ կախված է մեզ վրա: Մինչեւ ռադիկալ քայլեր չկատարվեն, մենք առայժմ դատապարտված ենք»,-պարզաբանեց մեր զրուցակիցը:
Իսկ ՀԱԿ անդամ եւ տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում բացատրեց. «Գնաճի համար մի քանի պատճառներ կան: Առաջին հերթին դրամն արժեզրկվում է, երկրորդ` հետընտրական պրոցեսն է պատճառը: Ընտրակաշառք տվողները պետք է իրենց տվածը հետ վերցնե՞ն, թե՞ չէ: Դրա համար էլ մենաշնորհատերերը թանկացնում են ներկրած ապրանքները: Միջազգային շուկաներում գների թանկացումն էլ է նպաստում, բայց կարեւոր գործոնն այն է, որ մեր շուկան մրցակցային չէ»:
Խնդրի առնչությամբ դիմեցինք ՏՄՊՊՀ, որտեղից հայտնեցին, որ մայիս ամսվա տարբերությամբ որոշ ապրանքատեսակների գներում եղել են փոփոխություններ, մասնավորապես բրնձի, ոսպի, հնդկաձավարի, ներկրված ձկան ու հավի մսի: «Ներկայում կան բավականին գնային իջեցումներ: Սա բացատրվում է նրանով, որ կան ապրանքատեսակներ, որոնց նոր խմբաքանակները ներկրվել են արդեն անհամեմատ ավելի ցածր գնով: Դրա համար գոյություն ունի նվազում»,-ներկայացրեց ՏՄՊՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պատասխանատու Գայանե Սահակյանը:
Մեր զրուցակցին փոխանցեցինք, որ թանկացել են նաեւ կոսմետիկ միջոցները, օրինակ` զուգարանի թուղթը, սակայն նա ասաց. «Շուկաներ կան, որտեղ օրենքը մեզ հնարավորություն չի տալիս որեւէ գործառույթ իրականացնել: Օրինակ՝ մրգեղենի, բանջարեղենի եւ կոսմետիկ միջոցների: Այդ շուկաներում չունենք գերիշխող տնտեսվարող: Սա դաշտ է, որը կարգավորվում է ազատ շուկայական մրցակցության կանոններին համապատասխան, եւ հանձնաժողովը որեւէ իրավասություն չունի բան անելու: Նույնիսկ մոնիթորինգ չենք անցկացնում»:
Եւ այսպես, ի՞նչ է ստացվում. ՀՀ սպառողների միության նախագահը, ընդդիմության ներկայացուցիչը եւ, վերջապես, շարքային քաղաքացին Հայաստանում նկատում են գնաճ, իսկ ՏՄՊՊՀ-ն՝ գնանկում: Սա նշանակում է, որ մեր երկրում պաշտոնյաներն ապրում են՝ իրականությունից կտրված:
ԳՆԱՃԸ «ԴԱՄՈԿԼՅԱՆ ՍՐԻ» ՊԵՍ ԿԱԽՎԱԾ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ