ԵՐԵՎՈՒՅԹՆ ԻՍՊԱՌ ԿՋՆՋԻ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԵՍԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի օրը «Մարիոթ-Արմենիա»-ում կայացել է Հայաստանի մորմոնների կոնֆերանսը, որը տեղի է ունենում երկու տարին մեկ: Այս անգամ այն համընկել է շատ նուրբ հանգամանքների հետ. ա) պարոն Հանթսմանի փողերի եւ այդ փողերի «լվացմամբ» զբաղվող անձերի ու կազմակերպության (Վարդան Օսկանյանի «Սիվիլիթաս»-ի) շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, բ) Օբամայի բավականին լուրջ մրցակից մորմոն Միթ Ռոմնին ահավոր բարձր ռեյտինգ ունի: Ըստ «Իրատես դե ֆակտո»-ի՝ Միթ Ռոմնիի ընտրությամբ Հանթսմանի որդին դառնալու է ԱՄՆ-ի պետքարտուղար: Եւ ուրեմն, այս ֆոնին «Մարիոթ»-ում (հիշենք, որ ողջ աշխարհում «Մարիոթ»-ների ցանցը նույնպես պատկանում է մորմոններին) տեղի է ունեցել մորմոնների կոնֆերանսը, որին մասնակցել է մոտ ութ հարյուր մորմոն: Եւ գրեթե ոչ մի հյուր հոգեւոր այլ թեմերից, այդ թվում` ՀՀ-ում գրանցված բողոքական եկեղեցուց, ինչպես նաեւ Եհովայի վկաներից: ԱՄՆ-ից եկել է մոտ մեկ տասնյակ մորմոն:

ՀԱՐՑ. Տեղյա՞կ եք, որ Հայաստանում հունիսի 17-ին տեղի է ունեցել մորմոնների հավաքը. ընդհանրապես ի՞նչ գիտեք նրանց մասին եւ ինչպե՞ս եք վերաբերում այն իրողությանը, որ մեր երկրում նմանօրինակ հավաքներ են անցկացվում: Վտանգավոր ոչինչ չկա՞ դրանում:

ՊԱՏԱՍԽԱՆ.
Դեմ եմ, քանի որ մենք ունենք հայ առաքելական եկեղեցի եւ Էջմիածին: Շատ վտանգավոր բան եմ տեսնում այս հավաքի մեջ, քանի որ նրանք քարոզչություն են իրականացնում բանակ չգնալ, հայրենիքին չծառայել: Դրանք աղճատում են հայի հոգեբանությունը: Երբ 301 թվականին մենք ընդունեցիք քրիստոնեությունը որպես պետական կրոն, այդ ժամանակ ունեինք մոտ 1 մլն քառակուսի տարածք: Այնուհետեւ Հայաստանը բաժանվեց արեւմտյան եւ արեւելյան հատվածների: Դրանից հետո բաժանվեց, բաժանվեց, մինչեւ հասանք 29,9 հազար քառակուսի կիլոմետրի ու նստեցինք: Հիմա ոչ թե առաջարկում են հայ առաքելական եկեղեցին փոխել մեկ մորմոնով, այլ 50-ից ավել նման աղանդներ կան ներթափանցած Հայաստան: Ի՞նչ օրի կհասնենք մենք: Այս երեւույթն իսպառ կջնջի Հայաստանն աշխարհի երեսից, եթե մենք չհամախմբվենք հայ առաքելական եկեղեցու շուրջ: Որպես կանոն՝ հիմա երկիրը զավթում են ոչ թե զենքով, այլ գաղափարախոսությամբ, մենք չպետք է թույլ տանք, որ մեր երկիրը կործանվի:

ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱԱԾ նախկին փոխնախարար

ՊԱՏԱՍԽԱՆ. Մորմոնների մասին շատ բան գիտեմ: Ես կարծում, որ եթե մորմոնների գրանցված կրոնական կազմակերպություն կա, ապա իրավաբանական տեսանկյունից կարող են հավաք ունենալ, դա իրենց օրենքով վերապահված իրավունքն է: Ինձ համար ցանկալի կլիներ, որ Հայաստանում լիներ կրոնական միասնություն: Ասեմ նաեւ, որ սա շատ խորքային երեւույթ չեմ համարում, քանի որ մենք շատ վաղուց արդեն ազգային միավորում ենք, այլ ոչ թե կրոնական:

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ
ազգագրագետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Օրինական տեսանկյունից նրանք այդպիսի հավաքներ շատ հաճախ կազմակերպում են, եւ այստեղ զարմանալու ոչ մի բան չկա: Մորմոնները Հայաստանում ամենավտանգավոր աղանդներից մեկն են: Եւ իրենց հավաքների առումով, իհարկե, վտանգ են ներկայացնում: Հայ առաքելական եկեղեցին ճշմարիտ խոսքով պայքարում է նմանատիպ երեւույթների դեմ: Մենք փորձում ենք մարդկանց ճիշտ տեղեկություն տալ, քանի որ, ինչպես գիտեք, մարդկանց մեծ մասն աղանդավոր է դառնում  տեղեկատվության պակասի պատճառով:

տեր ԵՍԱՅԻ քահանա ԱՐԹԵՆՅԱՆ
Երեւանի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր առաջնորդ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ողջունում եմ, վտանգ էլ չեմ տեսնում:

ՍԱԼԲԻ ՂԱԶԱՐՅԱՆ
«Սիվիլիթաս» հիմնադրամի  տնօրեն
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս